Մատչելիության հղումներ

Նավալնին նախագահական ընտրություններում «կարող է առաջադրվել 2028-ից հետո միայն»


Ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին, ինչպես այսօր հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պանֆիլովան, նախագահական ընտրություններին կարող է առաջադրվել 2028 թվականից հետո միայն:

«Նավալնին կկարողանա առաջադրվել նախագահի պաշտոնում, երբ անցնի այս ժամկետը՝ 10 տարի գումարած 5 ամիս․․․ Ի՞նչ տարիք ունի որ, ամբողջ կյանքն առջևում է», - ասել է Պանֆիլովան՝ հավելելով․ - «Նա ուներ այս ընտրություններին մասնակցելու շանսեր՝ եթե որոշումը բողոքարկեր Սահմանադրական դատարանում: Նա, սակայն, այլ ճանապարհով է գնացել՝ մարդկանց փողոց է հանել՝ մտածելով, թե մենք կվախենանք: Ես երբեք ոչ մեկի ճնշման տակ թույլ չեմ տա, որ խախտվի օրենքը՝ անկախ այն բանից լա՞վն է այն, թե՞ վատը»:

Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր որոշում է կայացրել, ըստ որի Ալեքսեյ Նավալնու և նրա եղբոր՝ Օլեգ Նավալդու դեմ «Եվ Ռոշեի» գործով դատավճիռն օրինական չէ․ խախտվել են արդար դատավարության սկզբունքները: ՄԻԵԴ-ի դատավճռով Ռուսաստանի իշխանությունները Նավալնի եղբայրներին պետք է վճարեն 76 հազար եվրո: Միաժամանակ ՄԻԵԴ-ը քաղաքական չի համարում «Իվ Ռոշեի» գործը:

Ռուսաստանի արդարադատության նախարարությունն արդեն հայտարարել է, որ համաձայն չէ Եվրադատարանի այս որոշմանը՝ միաժամանակ գոհունակությամբ նկատելով, որ ՄԻԵԴ-ը քաղաքական չի որակել այդ գործը:

Դատավճռին արձագանքել է նաև Ալեքսեյ Նավալնին, ով այսօր անազատության մեջ է․ նա 20-յա կալանքի է դատապարվել սեպտեմբերի 20-ին Նիժնի Նովգորոդում ապօրինի հանրահավաքներ կազմակերպելու կոչեր հնչեցնելու համար:

«Արդարությունը հաղթել է», - «էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքի իր բլոգում այսօր գրել է Նավալնին: - «Գող և խարդախ իշխանություններին, ինչպես, օրինակ, Պանֆիլովային, մենք կարողանում ենք ցույց տալ արդար դատավարության որոշումները, այն դատավարության, որն իրենք երբեք չեն ունենա»:

2016 թվականին, հիշեցնենք, Եվրադատարանը անօրինական էր համարել նաև «Կիրովլեսի» գործով դատավճիռը՝ պարտադրելով Ռուսաստանի իշխանություններին չեղարկել այն: Դրանից հետո, սակայն, նոր՝ այս տարվա փետրվարին կայացած դատավարությունը Կիրով քաղաքի դատարանում նույն արդյունքին էր հանգել՝ Ալեքսեյ Նավալնին կրկին դատարապարտվել էր 5 տարվա պայմանական ազատազրկման: Հենց այդ դատավճիռն է, որ թույլ չի տալիս Նավալնուն առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններին:

Առաջադրվելու համար անհրաժեշտ է, որ չեղարկվի «Կիրովլեսի» գործով այս նոր դատավճիռը: ՄԻԵԴ-ը կարող է նոր որոշում կայացնել դեկտեմբերին, սակայն ժամանակը չի բավարարի այն չեղարկելու համար․ նախագահական ընտրությունները նշանակված են 2018-ի մարտին:

Ըստ ռուսաստանյան մամուլի, Կրեմլը որոշել է, որ գալիք նախագահական ընտրություններին Պուտինի հիմնական մրցակիցը, այնուամենայնիվ, լիբերալ դաշտը ներկայացնող թեկնածուն է լինելու՝ ամենայն հավանականությամբ, լրագրող Քսենիա Սոբչակը:

Ալեքսեյ Նավալնին ազատ կարձակվի հոկտեմբերի 22-ին: Նա արդեն հայտարարել է, որ հենց այդ օրը մտադիր է Աստրախանում մասնակցել իր կողմնակիցների բողոքի ակցիային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG