Մատչելիության հղումներ

Նավալնին Պուտինի շքեղ պալատի մասին ֆիլմ է հրապարակում, Կրեմլն արձագանքում է՝ «ըստ էության, դա ճիշտ չէ»


Ռուսաստան - Սև ծովի ափին ենթադրաբար նախագահ Վլադիմիր Պուտինի համար կառուցվող պալատը, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ֆիլմից, 19-ը հունվարի, 2021թ․
Ռուսաստան - Սև ծովի ափին ենթադրաբար նախագահ Վլադիմիր Պուտինի համար կառուցվող պալատը, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ֆիլմից, 19-ը հունվարի, 2021թ․

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան, պատմել է, որ իրեն հետևում են։ Նա մեքենայի լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ հստակեցնելով, որ այն արդեն մեկ օր է՝ կանգնած է իր տան մոտ: «Եկավ 37 թվականը, իսկ մենք չնկատեցինք», - գրել է Յուլիա Նավալնայան։

Ընդդիմություն-իշխանություն պայքարը Ռուսաստանում վերածվել է Պուտին-Նավալնի պայքարի, հատկապես երբ Ալեքսեյ Նավալնին երեկ Youtube-ի իր ալիքում հրապարակեց Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի անցկացրած հետաքննությունը Սև ծովի ափին արդեն տասը տարուց ավելի կառուցվող՝ Վլադիմիր Պուտինի աներևակայելի շքեղ ու անճաշակ պալատի մասին, նշելով, թե ռուսաստանցիներից գողացած գումարով երկրի նախագահի ընկերներն իրենց շեֆի համար կառուցել և այսօր էլ շարունակում են վերակառուցել աշխարհի ամենամեծ դղյակը՝ մի ամբողջ քաղաք, որը տասնյակ անգամներ ավելի մեծ է, քան Մոնակոն։

Ընդ որում, այս պատմությունը նոր չէ, համացանցում Պուտինի պալատի մասին եղել են արդեն հետաքննություններ և հոդվածներ, Նավալնին, սակայն, ներկայացրել է սխեմաները, թե ինչ ձևով է այս պալատը կապված Ռուսաստանի նախագահի մտերիմ ընկերների ու ազգականների հետ։

Շուրջ երկու ժամանանոց ֆիլմի վերջին հատվածում Նավալնին պատմում է նաև Պուտինի հնարավոր քաղաքացիական կանանց մասին՝ մի թեմա, որը տաբու է Ռուսաստանում, և թերևս առաջին անգամ համացանցում է հայտնվում ապացույց, որ Պուտինի և Ալինա Կաբաևայի ընտանիքները կապված են միմյանց հետ։ Ֆիլմում Նավալնին պատմում է, որ Ալինա Կաբաևայի մայրը Պուտինի ազգականին է փոխանցել իր անշարժ գույքերից մեկի սեփականության իրավունքը, և սա վկայող փաստաթուղթ է ներկայացնում։

Կրեմլը երեկ արդեն արձագանքել է Նավալնիի այս սկանդալային ֆիլմին։ «Կրեմլը չի ծանոթացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պալատի մասին հրապարակմանը, ըստ էության, դա ճիշտ չէ», - ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Երեկ ավելի վաղ նա նաև հայտարարել էր, թե անհեթեթություն է այն կարծիքը, որ Կրեմլը վախենում է Նավալնիից։

Հիշեցնենք՝ Նավալնին Ռուսաստան է վերադարձել հունվարի 17-ին Բեռլինից, որտեղ շուրջ հինգ ամիս նրան բուժում էին թունավորումից։ Արևմտյան մասնագետները պնդում են, որ Նավալնիին օգոստոսին թունավորել են «Նովիչոկ» տիպի արգելված նյարդապարալիտիկ նյութով, իսկ ինքը ընդդիմադիր գործիչն իրեն թունավորելու մեջ մեղադրում է Ռուսաստանի հատուկ ծառայություններին և անձամբ Վլադիմիր Պուտինին։

Կրեմլից անկախ ռուսաստանցի փորձագետները գրում են, որ և՛ Նավալնին, և՛ Կրեմլը անցել են բոլոր հնարավոր «կարմիր գծերը», և քաղաքական պայքարը Ռուսաստանում վերածվել է Նավալնի-Պուտին պայքարի։ Նավալնին իր աջակիցներին կոչ է արել դուրս գալ փողոցներ և փողոցում պայքարել իշխանությունների դեմ, իսկ նրա թիմակիցները հայտարարել են, որ հունվարի 23-ին անցկացնելու են համառուսաստանյան բողոքի ակցիաներ։ Մայրաքաղաքի իշխանությունները դեռ չեն արտոնել բողոքի ակցիան Մոսկվայում։

Նավալնիի աջակիցները նաև ասում են, թե քաղաքական պայքարը Ռուսաստանում կարող է ընթանալ բելառուսական սցենարով, և եթե իշխանությունները որոշեն Նավալնիին կալանավորել երկար ժամկետով, պայքարը կարող է առաջնորդել նրա կինը՝ Յուլիա Նավալնայան։

Նավալնիին, հիշեցնենք, կիրակի օրը ձերբակալել են Մոսկվա ժամանելուն պես՝ «Շերեմետևո» օդանավակայանում, և հաջորդ օրը մերձմոսկովյան Խիմկի քաղաքի ոստիկանության շենքում անցած դատավարությունը նրան դատապարտել է 30 օրվա ազատազրկման՝ պայմանական ազատազրկման պայմանները խախտելու համար։ Ավելին՝ փետրվարի 2-ին պետք է կայանա դատական նիստ, որը կարող է դատապարտել քաղաքական գործչին մի քանի տարվա ազատազրկման «Իվ Ռոշե»-ի գործով։

Արևմուտքը Ռուսաստանի իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին, իսկ Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ սա երկրի ներքին գործն է, և Արևմուտքի պահանջներն ու կոչերը տեղին չեն։

Ռուսաստանցի Կրեմլից անկախ փորձագոտները և ընդիմությունը համոզված են՝ Կրեմլը թույլ չի տա, որ Նավալնին լինի ազատության մեջ։ Քաղաքական գործիչ, «Յաբլոկո» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Լև Շլոսբերգը, մասնավորապես, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոգում ասում է․ - «Իշխանությունները վախենում են Նավալնիից։ Նավալնին, որը Կրեմլից չի վախենում և ասում է, որ չի վախենում, վտանգավոր է նրանց համար: Սպանել դեռ չստացվեց, վախեցնել չկարողացան, պարտադրել, որ արտագաղթի, նույնպես չկարողացան, մնում է ազատազրկումը»։

Հավելենք, որ Պուտինի աներևակայելի շքեղ պալատի մասին շուրջ երկու ժամանոց ֆիլմը Youtube-ում մեկ օրում դիտել է 20 միլիոնից ավելի մարդ։

XS
SM
MD
LG