Մատչելիության հղումներ

Նավալնիի կողմնակիցները վաղը բողոքի նոր ակցիաներ են նախատեսում Ռուսաստանում


Վաղը՝ հունվարի 30-ին ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները ծրագրում են նոր բողոքի ակցիա անցկացնել Ռուսաստանի տարբեր քաղաքներում։

Իշխանությունների կողմից չարտոնված ակցիաների մասին է խոսքը։ Նավալնիի ամենամտերիմ թիմակիցների մի մասն այսօր կալանավորված է։ Նրանց դեմ տարբեր վարչական և քրեական գործեր են հարուցվել։

Անազատության մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնին երեկ նոր հայտարարությամբ է հանդես եկել, որում կոչ է արել՝ չվախենալ իշխանություններից և դուրս գալ փողոց։

Մոսկվայի մարզային դատարանը, երեկ, հիշեցնենք, որոշել է Ալեքսեյ Նավալնիին քննչական մեկուսարանում թողնել մինչև փետրվարի 15-ը՝ այդպիսով մերժելով ընդդիմադիր գործչի ձերբակալման վերաբերյալ փաստաբանների բողոքը։

Նավալնիին ձերբակալել են հունվարի 17-ին՝ Մոսկվա ժամանելուն պես, և հաջորդ օրը Խիմկի քաղաքի ոստիկանության շենքում անցել է դատավարություն, որի ժամանակ որոշվել է Նավալնիին կալանավորել 30 օրով։

Առաջիկայում ընդդիմադիր գործչին սպառնում է նոր մեղադրանք, մի քանի տարվա ազատազրկում «Իվ Ռոշե»-ի գործով։ Մեղադրող կողմը պահանջում է իրական ազատազրկում պայմանականի փոխարեն։

Նավալնիի աջակիցները համոզված են, որ իշխանությունները հնարավորը կանեն ընդդիմադիր գործչին երկար ժամանակ կալանքի տակ պահելու համար և դուրս են գալիս փողոց՝ պահանջելով նրան ազատ արձակել։ Նույնն են պահանջում նաև արևմտյան առաջնորդները, իսկ Կրեմլն ասում է, որ Նավալնիի հետևում արևմտյան կառավարություններն են։

Երեկ Նավալնին հայտարարել է, որ իր հեղինակած «Պուտինի պալատը» ֆիլմը դիտել է 100 միլիոնից ավելի մարդ, և եթե փողոց դուրս գա գոնե նրանց 2 տոկոսը, իշխանությունները ստիպված կլինեն հաշվի նստել նրանց հետ։

Mash Telegram ալիքը նկարահանել է Պուտինի պալատը ներսից և այսօր տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ հսկայական պալատը «շինարարության զրոյական փուլում է»։

«Չկան դարպասներ՝ ցարական առյուծով։ Ի՞նչ ես տեսա ներսում՝ բետոն, ամենուրեք բանվորներ, շինարարություն՝ զրոյական փուլում։ Նման պալատով հաստատ գլուխ չես գովի ընկերներիդ մոտ», - ասում է լրագրողը։

Իսկ տեսանյութի վերջում Mash-ի լրագրողը, ակնարկելով, թե սա Պուտինի պալատը չէ, կոչ է անում իրական սեփականատիրոջը՝ վերջապես հանդես գալ հայտարարությամբ։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին Նավալնին հրապարակել էր «Պուտինի պալատը» ֆիլմը, որը պատմում է Սև ծովի ափին կառուցվող Պուտինի աներևակայելի մեծ, շքեղ և անճաշակ պալատի մասին։

Կրեմլը և անձամբ Պուտինը ստիպված են եղել մի քանի անգամ հերքել Ռուսաստանի նախագահի որևէ կապը այս պալատի հետ։

Իսկ հունվարի 23-ին ռուսաստանցիները դուրս են եկել փողոց՝ պահանջելով այս ֆիլմը նկարահանած Նավալնիին ազատ արձակել։ Վաղը նոր ակցիա է նախատեսված։

Վերջին ակցիաները տարբերվում էին մինչ այդ Ռուսաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներից․ նախ՝ աննախադեպ մարդաշատ էին ակցիաները Ռուսաստանի ռեգիոններում, և երկրորդ՝ ցուցարարները չէին վախենում իրավապահներից և նույնիսկ որոշ տեղերում հարձակվում էին ոստիկանների վրա, մասնավորապես ձնագնդիներով։

Երկրորդ բողոքի ակցիայի նախօրեին իշխանությունները ձերբակալել են տասնյակ ակտիվիստների, Նավալնիի թիմակիցների և հարազատների, այդ թվում՝ Նավալնիի հարազատ եղբորը՝ Օլեգ Նավալնիին։

Ռուսաստանում ներքաղաքական զարգացումը վերածվել է Պուտին-Նավալնի բախման։ Փորձագետները նկատում են, որ կողմերից և ոչ մեկը չի ցանկանում զիջել։ Դիտորդները նկատում են, որ իշխանությունները դեռ չեն անցել բելառուսական սցենարին։

«Ռուսաստանում լինելու է ավելի վատ քան՝ Բելառուսում։ Այսօր իշխանությունները փորձում են սահմանափակել կոշտ քայլերը», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է Պուտինի քննադատ Միխայիլ Խոդորկովսկին՝ հավելելով, թե Նավալնին այսօր այլ ելք չունի, նա գնում է սրացման և չի զիջելու իշխանություններին։

«Եթե մեզ համար առաջնային է փոխել մեր հասարակությունը և ապրել նորմալ երկրների պես՝ պահանջելով, որ իշխանությունները չգողանան, այլ ճանապարհ չկա։ Ընդդիմությունը պատրաստ է գնալ բողոքի ակցիաների, նույնիսկ գիտակցելով, որ այդ ակցիաներին կձերբակալվեն մարդիկ», - ասել է Խոդորկովսկին։

Նա համոզված է, որ բողոքի այս ալիքը չի մարի առնվազն մինչև 2024 թվականը՝ մինչև նախագահական ընտրություններ։

Հիշեցնենք, որ այս տարի սեպտեմբերին Ռուսաստանում պետք է անցնեն խորհրդարանական ընտրություններ։ Ըստ հարցումների, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը բավականին ցածր վարկանիշ ունի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG