Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը քննում է ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հերթական հայցն ընդդեմ ՌԴ-ի


Ալեքսեյ Նավալնին ՄԻԵԴ-ի շենքի առջև, 24-ը հունվարի, 2018 թ․
Ալեքսեյ Նավալնին ՄԻԵԴ-ի շենքի առջև, 24-ը հունվարի, 2018 թ․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր սկսեց քննել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հերթական հայցն ընդդեմ Ռուսաստանի: Նավալնին Պուտինի վարչակազմին մեղադրում է իրեն բազմիցս ապօրինի կերպով ազատությունից զրկելու մեջ՝ Եվրոպական դատարանից պահանջելով «քաղաքական» որակել իրեն ազատազրկելու որոշումները:

Ստրասբուրգյան ատյանն անցյալ տարի ևս քննել էր Նավալնիի ազատազրկման դեպքերին առնչվող հայցն ու փաստել՝ Ռուսաստանի իշխանություններն իսկապես ապօրինի են ընդդիմադիր գործչին զրկել խաղաղ հանրահավաքներին մասնակցելու իրավունքից: Դատարանը Ռուսաստանի կառավարությանը պարտավորեցրել էր 63 հազար եվրոյի փոխհատուցում վճարել Նավալնիին: Մոսկվան, սակայն, այդ որոշման հետ չէր համաձայնել և դիմել էր Եվրոպական դատարանի վերաքննիչ ատյան՝ Մեծ պալատ:

Այսօրվա դատաքննությանը մասնակցելու համար Նավալնին անձամբ էր ստրասուրգյան դատարան եկել՝ բացատրելու, թե ինչու է Կրեմլն այդքան անհանդուրժող Ռուսաստանում ընդդիմության հանրահավաքների ու ցույցերի նկատմամբ: «Դա անհամաձայնություն հայտնելու վերջին հնարավորությունն է, քանի որ մյուս բոլոր հարթակներն արգելափակված են: Մեզ թույլ չեն տալիս զանգվածային լրատվամիջոցներով հանդես գալ, մեզ թույլ չեն տալիս ընտրություններին մասնակցել: Մենք չենք կարող արդարության հասնել դատարաններում: Մեր հասարակական կազմակերպությունները լուծարվում են: Մեր քաղաքական կուսակցություններին չեն գրանցում»,- ՄԻԵԴ-ում այսօր հայտարարեց Ալեքսեյ Նավալնին:

Գործի նյութերում նշվում է, որ Պուտինի հերթական վերընտրությունից հետո՝ 2012-2014 թվականներին, Ռուսաստանի ոստիկանությունը 7 անգամ ձերբակալել է ընդդիմադիր գործիչին: Ամեն անգամ նրան բերման են ենթարկել և ժամեր շարունակ պահել ոստիկանական բաժանմունքում, իբրև թե արձանագրություն կազմելու համար՝ զրկելով ցույցն առաջնորդելու կամ գոնե դրան մասնակցելու իրավունքից: «Նշված բոլոր դեպքերում ռուսաստանյան դատարանները պնդել են, թե օրենքի խախտում տեղի չի ունեցել, մինչդեռ եվրոպական դատարանն առնվազն երկու խախտում է արձանագրել»,- հայտարարեց Նավալնին, ընդգծելով, որ դա վկայում է վերևից իջեցրած պատվերի մասին:

«Վերջին տարիներին ես ամենաքիչը 7 անգամ հայտնվել եմ բանտում: Անցյալ տարի, երբ պայքարում էի նախագահական ընտրություններին մասնակցելու համար, երկու ամիս անցկացրի բանտախցում: Ամեն անգամ, երբ ես հայտարարում եմ բողոքի ցույցեր սկսելու մասին, Ռուսաստանի իշխանությունները նախ ապօրինի կերպով արգելում են, հետո ձերբակալում են ինձ ու համախոհներիս՝ հանրահավաքներ անցկացնելու մեր իրավունքը կիրարկելու համար: Եվ սրանք միայն իմ պնդումները չեն․ այս ամենն արձանագրված է Եվրոպական դատարանի վճիռներում:

Հավանականությունը, որ սա կարող էր լինել առանց պատվերի ու շարժառիթների, նույնքան փոքր է, որքան այն, որ մենք այս դահլիճում դինոզավրի կհանդիպենք, կամ, որ Վլադիմիր Պուտինը կպարտվի Ռուսաստանի նախագահական ընտրություններում: Իսկ դա ավելի անհավանական է, քան դինոզավրի հանդիպելու սցենարը»,- դատարանում հայտարարեց Նավալնին:

Պուտինի մոլի ընդդիմախոս, ռուսական էլիտայի կոռուպցիոն գործարքների մասին աղմկահարույց հետաքննություններով հայտնի գործիչը նաև պնդեց՝ այս գործով Եվրոպական դատարանի վճիռն առանցքային է լինելու ոչ միայն իր, այլև Ռուսաստանի շարքային քաղաքացիների համար, որոնց իրավունքները ոտնահարվում են աջուձախ: «Այդ երկրի ազգային դատարաններում անհնար է հասնել արդարության»,- հայտարարեց Նավալնիի փաստաբաններից Աննա Մարալյանը, շարունակելով․ «Իմ հայցվորը պնդում է, որ ռուսաստանյան բոլոր դատարաններում ոտնահարվել է նրա արդար դատաքննության իրավունքը: Ամենաուշագրավն այն է, որ այդ դատարաններն իրենց վճիռները կայացրել են բացառապես ոստիկանության ներկայացրած սցենարների հիման վրա՝ մերժելով հաշվի առնել հայցվոր կողմի վկայություններն ու ապացույցները»:

Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչը, մինչդեռ, տրամագծորեն հակառակ պատկեր ներկայացրեց՝ պնդելով, թե իր երկրում մարդկանց բոլոր իրավունքները պաշտպանված են, ընդդիմությունը գործում է անարգել, իսկ Նավալնին ինքն է սադրում իրավապահներին՝ որպեսզի ազատազրկեն իրեն: Այս գործով ստրասբուրգյան դատարանի որոշումը կհրապարակվի մի քանի ամսից:

Մինչ այդ Ալեքսեյ Նավալնին խոստանում է շարունակել պայքարը՝ նպատակ ունենալով ողջ երկրով մեկ բոյկոտել առաջիկա մարտին կայանալիք նախագահական ընտրությունները: Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն անցած տարեվերջին մերժեց գրանցել Նավալնիի թեկնածությունն այդ ընտրություններում, պնդելով, թե նա պայմանական ազտաազրկման է դատապարտվել «Կիրովլեսի» գործով: Նավալնին այդ գործը ևս քաղաքական է որակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG