Մատչելիության հղումներ

ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջել է Ռուսաստանից անհապաղ ազատ արձակել Նավալնիին


Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, արխիվ
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, արխիվ

Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն, որը հետևում է` ինչպես են անդամ երկրները իրագործում Ստրասբուրգյան դատարանի որոշումները, պահանջել է Ռուսաստանի իշխանություններից անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն, փաստելով, որ Մոսկվան արհամարհում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Ալեքսեյ Նավալնու վերաբերյալ վճիռը`«Իվ Ռոշե»-ի գործով:

Եվրոպական ատյանը որոշել էր, որ 2014-ին ռուսաստանյան դատարանի կողմից Ալեքսեյ Նավալնու և նրա եղբոր դեմ կայացված վճիռը եղել է «կամայական, անկանխատեսելի և ակնհայտորեն անհիմն»:

«Խորապես մտահոգում է այդ գործով Նավալնու պայմանական ազատազրկումը իրական կալանքով փոխարինելու` Ռուսաստանի իշխանությունների որոշումը», - հայտարարել է Նախարարների կոմիտեն, ընդգծելով, որ «Մարդու իրավունքների խախտումներով կայացված վճռի իրագործումը ամբողջովին հակասում է Ստրասբուրգյան դատարանի եզրակացություններին ու որոշման ոգուն»:

Հայտարարությունը հրապարակվել է երեկ, երբ պարզ դարձավ, որ Ալեքսեյ Նավալնուն Կոլչուգինո քաղաքի քրեակատարողական հիմնարկից այլ վայր են տեղափոխել, մինչ այժմ, սակայն, նրա գտնվելու վայրը պաշտոնապես չի հաղորդվել:

Կրեմլի կոշտ քննադատը ճաղերի ետևում է արդեն երեք ամիս, մինչ այդ, ըստ արևմտյան փորձագետների, նրա դեմ մահափորձ էր իրականացվել «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանի իշխանությունները, սակայն, հերքում են թունավորման վարկածը, և հրաժարվում են քրեական գործ հարուցել` այդ պնդումները քննելու համար:

XS
SM
MD
LG