Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն նվիրված տեսանյութում հայտարարել է, թե հետևում և համակրում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նավալնին, սակայն, չգիտի, որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, և Փաշինյանը վարչապետ է, այլ ոչ թե նախագահ:
Տեսանյութում ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը հայտարարում է, որ Ուկրաինայի նոր նախագահի մասին դեռևս չունի հստակ կարծիք, քանի որ դեռ չգիտի, թե ինչ է անելու Զելենսկին, և արդյոք նրան հաջողվելու է վերջ տալ համակարգային կոռուպցիային Ուկրաինայում:
Իսկ ահա Փաշինյանի նկատմամբ Նավալնու մոտ արդեն ձևավորվել է դրական վերաբերմունք: Նրան, մասնավորապես, դուր է գալիս, որ Հայաստանի կառավարության ղեկավարը պայքարում է կոռուպցիայի դեմ:
«Շատերն են ասում, թե այսօր նա դատարաններն է արգելափակում, վաղը ուրիշ բաներ կարգելափակի, բայց ինձ դուր է գալիս Փաշինյանը», - ասում է Ալեքսեյ Նավալնին և շարունակում․ - «Նա հայտարարում է, թե պայքարելու է կոռուպցիայի դեմ, և առաջ է շարժվում այդ ուղղությամբ: Հայտարարում է, օրինակ, թե կհանի պաշտոններից բոլոր այն դատավորներին, որոնց կայացրած վճիռները չեղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»: «Ես պարզապես ծափահարում եմ Փաշինյանին», - հայտարարում է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, թե իրենք իշխանության գալու դեպքում Ռուսաստանում նույնն են անելու, միայն թե նաև բանտ են նստեցնելու այդ դատավորներին:
Ալեքսեյ Նավալնին ռուսաստանցիների, հատկապես երիտասարդների մոտ մեծ հեղինակություն է վայելում հենց կոռուպցիայի դեմ իր պայքարի շնորհիվ: Նա պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որտեղ պատմում է այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի հսկայական կարողության մասին, և պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Ռուսաստանում:
Ի դեպ, այս տեսանյութում Նավալնին ասում է, որ Ուկրաինայում կոռուպցիան ավելի սարսափելի է, քան Ռուսաստանում: