Մատչելիության հղումներ

«Զանգեզուրի միջանցքը» Ալիևի համար ավելի կարևոր է, քան Ղարաբաղի հարցը. Արմեն Ռուստամյան


Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյան («Հայաստան»)
Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյան («Հայաստան»)

Սոչիում  Փաշինյան -Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումից ու համատեղ հայտարարությունից օրեր անց Ադրբեջանը՝ ամենաբարձր նախագահի մակարդակով միջազգային հարթակներից շարունակում է խոսել «Զանգեզուրի միջանցքի» և դրա կյանքի կոչման հեռանկարի մասին։

Ալիևի համար «Զանգեզուրի միջանցքի» հարցը նույնիսկ ավելի կարևոր է, քան Ղարաբաղի հարցը, կարծում է ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Սոչիում Փաշինյան -Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումից ու համատեղ հայտարարությունից օրեր անց Ադրբեջանը՝ ամենաբարձր նախագահի մակարդակով միջազգային հարթակներից շարունակում է խոսել «Զանգեզուրի միջանցքի» և դրա կյանքի կոչման հեռանկարի մասին։

Պատգամավորը մտահոգված է, որ Սոչիում ստորագրված հայտարարություններից բացի կարող են լինել նաև բանավոր պայմանավորվածություններ, քանի որ նման նախադեպեր եղել են. - «Փաստերը մեզ հուշում են, որ բացի այն, ինչ որ պաշտոնապես հրապարակվում է գրավոր տեքստով, կան նաև բանավոր պայմանավորվածություններ։ Երեք ժամվա մեջ ինչ են խոսել... հո մենակ էն տեքստը չի, որ արձանագրվել է։ Հաստատ զանազան այլ համաձայնություններ, շատ հավանական է, որ նաև բանավոր, այդտեղ տեղի են ունեցել, որը տալիս է առիթ Ալիևին հայտարարի այն մասին, որ այո, հարցը Զանգեզուրի այսպես կոչված միջանցքի, լուծված է»։

Եռակողմ հանդիպումից օրեր առաջ Հայաստանի վարչապետը վերահաստատեց իր նախկին պնդումները, թե միջանցքային տրամաբանություն գոյություն չունի և ունենալ չի կարող։ Ավելին, պնդեց, որ աշխատանքային մակարդակում Ադրբեջանը երբեք «միջանցք» արտահայտություն չի արել։ Այստեղ, սակայն էականը, ըստ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգմավոր Տիգրան Աբրահամյանի, Ադրբեջանի գործողություններն են։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

Նրա խոսքով, Ադրբեջանի մայիսյան և նոյեմբերյան ագրեսիան Հայաստանի սահմաններին հակազդեցության և միջազգային հանրության կողմից լուրջ գնահատականի չարժանացան, ինչը Ադրբեջանին հնարավորություն է տալիս ուժի սպառնալիքի միջոցով միջանցք ստանալու փորձերը շարունակել. - «Այստեղ խնդիրը նույնիսկ այն չէ, թե Հայաստանի այսօրվա իշխանությունը ցանկանո՞ւմ է միջանցք տրամադրել կամ չտրամադրել։ Խնդիրը այն է, որ Ադրբեջանը շարունակում է կիրառել Հայաստանի նկատմամբ անհամաչափ ճնշումներ։ Իսկ դա միջազգային հանրության կողմից համապատասխան միջամտության կամ արձագանքի չի ենթարկվում։ Ինչը նոր հնարավորություն է ստեղծում Ադրբեջանին շարունակելու իր այդ ճնշումները»։

Չնայած Հայաստանի վարչապետը քանիցս ասել է, որ միջանցքային տրամաբանությունը Հայաստանի համար անընդունելի է, իր վերջին ասուլիսի ժամանակ նա այդպես էլ չանդրադարձավ «Ազատության» հարցի այն հատվածին, թե հայկական կողմի համար ընդունելի՞ է առանց մաքսային կամ այլ ստուգումների ճանապարհի տրամադրումը ադրբեջանական կողմին։ Փոխարենը կենտրոնացավ հարցի այն հատվածի վրա, որտեղ ներկայացվում էր ադրբեջանական կողմի մեկնաբանությունը, թե նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ամրագված «անարգել երթևեկություն» արտահայտությունը հենց «սուվերեն միջանցք» է նշանակում. - «Եթե նշանակեր սուվերեն միջանցք, գրված կլիներ սուվերեն միջանցք։ Մանավանդ որ էդ նույն փաստաթղթի մեջ միջանցք բառը օգտագործված է «Լաչինի միջանցք» ձևակերպումով և գրված է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի հսկողության, բառացի՝ կանտրոլի տակ»։

Տիգրան Աբրահամյանը հակադարձում է՝ ասելով, թե պարտադիր չէ, որ տեքստում լինի «միջանցք» արտահայտությունը, կարող է լինել ձևակերպում, որը կմեկնաբանվի որպես միջանցք, և այդպիսով կյանքի կկոչվի Հայաստանի համար ոչ ցանկալի գործընթաց։

Այս մտահոգությունները պատգամավորը հիմավորում է նախկին օրինակներով. - «Նիկոլ Փաշինյանի խոսքի, հայտարարության նկատմամբ վստահություն չի կարող լինել, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ով 2020-ի դեկտեմբերից հետո խոսում էր այն մասին, որ Գորիս - Կապան ճանապարհի հարցում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները երթևեկության խնդիր չեն ունենալու, ավելի ուշ նշեց, որ էդ խնդիրները կարող էին լինել միայն այլ երկրի քաղաքացիների հետ, որովհետև Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության մեջ դրա մասին արձանագրում չի եղել, բայց ավելի ուշ այդ ճանապարհներին մաքսակետեր դրեցին, և ըստ էության դրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար փակվեցին։ Այսինքն՝ այս պարագայում, երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ միջանցք չի լինելու, դա միջին վիճակագրական քաղաքացու համար որևէ լուրջ վստահության ցուցանիշ չի կարող արտահայտել։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ ա արել, որոնք որոշ ժամանակ հետո ճիշտ հակառակն են եղել»։

Արթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պնդում է Ալիևի հրապարակային հայտարարությունները որևէ կապ չունեն բանակցությունների բովանդակության հետ։ Հովհաննիսյանը նկատում է, որ հանդիպմանը հաջորդող ասուլիսին, ո'չ Ալիևը, ո'չ էլ Պուտինը միջանցք տերմինը չկիրառեցին։ Իշխանական պատգամավորը կարծում է, որ Ադրբեջնաի նախագահի հայտարարությունները առավելապես ներքին լսարանին են ուղղված. - «Եվ սա էլ, ես կարծում եմ, ավելի շատ ներքաղաքական տերմինոլոգիա է, քան արտաքին քաղաքական շրջանակներին ուղղված։ Իր երկրի ներսում պարզապես Ալիևը շարունակում է էս տերմինն օգտագործել, քանի որ, ես կարծում եմ, քաղաքական իմաստով էլ բավականին բարդ է հետ կանգնել այս տերմինից»։

Նման հակասական հայտարարությունների պայմաններում, ըստ ընդդիմադիր պատգամավոր Ռուստամյանի, կարևոր է, որ հայկական կողմը հստակ մատնանշի կարմիր գծերը. - «Այն աստիճանի լղոզված կամ իրար հակասող էնպիսի հայտարարություններ են անում, որ իրար կողք դնելով հայեցակարգ չի առաջանում հաստատ։ Եվ սա ամենամեծ վտանգն է։ Իսկ ինչ են ուզում թուրքերը և ադրբեջանցիները, մեզ համար շատ ակնհայտ է։ Իրենք, այո, կարող է հենց էդ տրամաբանությամբ են հարցը դնում, որ Լաչինի միջանցքը գոյություն ունի, իբր դա իրենց մեծ բարեհաճության շնորհիվ տրամադրվել է, և էն կարգավիճակը, որ էսօր գոյություն ունի Լաչինի միջանցքի հետ կապված, նույն կարգավիճակով իրենք ունենան հնարավորություն հաղորդակցվելու Նախիջևանի հետ»։

Իշխանական պատգամավորն ասում է, թե առավել քան հստակ նշվել կարմիր գիծը՝ դա Հայաստանի ինքնիշխանությունն ու սահմանների անձեռմխելիություն է, որը նկատենք, խախտված է այս տարվա մայիսից։ Արթուր Հովհաննիսյանն ասում է, թե դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկն ու կրակի դադարեցման մեխանիզմները պետք է ապահովեն, որ ադրբեջանական զորքերը դուրս գան Հայաստանի տարածքից. - «Մենք հիշում ենք, որ նաև մեր կողմից հայտարարություն և առաջարկ է հնչել, որպեսզի, օրինակ, զորքերը հայելանման հետ քաշվեն և արանքում կանգնեն ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության զորքեր կամ ռուսական սահմանապահ զորքեր։ Եվ այս առաջարկը հնչել է Հայաստանի կողմից, ինչը նշանակում է, որ մեզ համար անընդունելի չէ մինչև սահմազատման և սահմանագծման գործընթացի ավարտը համապատասխան անվտանգային մեխանիզմներ մշակվեն, միգուցե հենց սահմանապահների տեղակայման տեսքով, մինչև որ մենք և ադրբեջանական կողմը հստակ սահմանագծում և սահմանազատում կանենք, և ընթացքում չեն լինի կրակոցներ։ Որովհետև մենք հասկանում ենք, որ կրակի ներքո որևէ մեկը սահմանագծում և սահմանազատում չի անելու»։

Ինչպես եռակողմ հանդիպումից հետո տեղեկացրեց բանակցությունները նախաձեռնած Ռուսաստանի նախագահը, արդեն այս շաբաթ Մոսկվայում կանցկացվի երեք երկրների փոխվարչապետերի հանդիպում, որի ընթացքում էլ կքննարկվեն ապաշրջափակման և դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ ձեռք բերված պայմանավրովածությունների մանրամասները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG