Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև զանգելով խոսելու պայմանավորվածությունը եղել է և լինելու է, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Սամվել Բաբայանը՝ միևնույն ժամանակ հարց բարձրացնելով՝ նախարարները խոսում են, թե չեն խոսում՝ ի՞նչ է փոխվում։
«Միշտ էլ փորձելու են այդ զանգերը տան, բայց կարան ասեն՝ «մի երկու ժամ պետք է, որ զբաղվեն, իմանան, թե ինչքանով է ճիշտ, ով է հարձակվել, ով է մեղավոր, ով չի մեղավոր», բայց արդեն դեպքը կատարվել է, մարդիկ զոհվել են, ունենք վիրավորներ և այլն, ոնց որ ամսի 16-ի դեպքը, հասկանում եք, կանգնեցնելով ոչինչ չեն լուծում, ինքը մտել է մեր տարածքը, երկրորդը՝ ունենք զոհեր, վիրավորներ և անհայտ կորածներ,կամ գերության մեջ մարդիկ, հիմա նախարարները խոսում են, թե չեն խոսում ի՞նչ է փոխվում», - «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում ասաց Բաբայանը։
«Նախ պետք է որոշել, թե ինչ քարտեզով են դեմարկացիա և դելիմիտացիա անելու»
Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Բանակցությունների արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, որտեղ նշվում է, որ պետք է «քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը մղել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և հետագայում սահմանագծման հարցով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ»:
Դիտարկմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ստեղծված ուղիղ կապի մասին արդեն հայտարարվել է, և հարցին, թե ուրիշ ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկվել, Բաբայանը պատասխանեց․ - «Առաջին հերթին ես գտնում եմ, որ պետք է որոշեն, թե ինչ քարտեզով են դեմարկացիա և դելիմիտացիա անելու, դրանցի հետո պարզ է լինելու երկու կողմերի համար և պետք չի լինելու ինչ-որ հարձակումներ կազմակերպել, ինչ-որ բլուրներ գրավել, ինչ-որ բարձունքներում նստել։ Որոշումից հետո պետք է անցնել պրակտիկ գործի։ Սա է կարևոր խնդիրը»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև