Մատչելիության հղումներ

Անկարան Երևանին կրկին կոչ է անում ընդառաջ գնալ մեկնված խաղաղության ձեռքին և օգտվել ստեղծված հնարավորությունից


Նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ գումարված Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում օրակարգային մի շարք հարցերի թվում քննարկվել են նաև կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները:

Շուրջ երեք ժամ տևած նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. - «Նիստում քննարկվել են սևծովյան և կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները, ընդգծվել է մեր հյուսիսային հարևանների միջև միջազգային իրավունքի և երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, խաղաղ ճանապարհով անհամաձայնությունների շուտափույթ հարթման կարևորությունը: Բացի այդ, կարևորվել է Հայաստանի կողմից հրադադարի պահպանման և խաղաղության առաջարկից օգտվելով համագործակցության գնալու անհրաժեշտությունը»:

Անկարայի այս նոր հայտարարությանը օրերս նախորդել էր Հայաստանի վարչապետի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց նախ կցանկանար իմանալ, թե Հայաստանի հետ կապված ինչ ծրագրեր ունեն թուրքական եղբայրական երկու պետությունները:

Փաշինյանը հռետորական հարց էր հղել հարևան Թուրքային ու Ադրբեջանին. - «Իրենք ուզո՞ւմ են Հայաստանը ոչնչացնեն, թե՞ չէ։ Իրենք ուզու՞մ են հայ ժողովրդի Ցեղասպանությունը շարունակեն և ավարտին հասցնե՞ն , թե՞ չէ: Եթե չէ, դա ուրիշ հարց ա։ Եթե հա, մեր ընտրությունը ո՞րն ա»...

Վերջին շրջանում Անկարայից ամենաբարձր մակարդակով հայտարարություններ են հնչում, թե Թուրքիան կողմնակից է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ այդ գործընթացը կապելով հայ-ադրբեջանական տարաձայնությունների հարթման հետ: Թուրքական իշխանությունները քանիցս շեշտել են 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Թուրքիայի հետ հաշտեցմանը: Թուրք պաշտոնյաների ելույթներում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն ու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումն է շեշտվում, որը, Անկարայի համոզմամբ, տնտեսական մեծ հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար:

Ուշագրավ է, որ թուրքական «Միլիյեթի» սյունակագիրն իր այսօրվա «Բարեկամ Հայաստան» վերնագրված հոդվածում գրել է, թե Բրյուսելում դեկտեմբերի 15-ին սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումը կարևոր է նաև հայ-թուրքական հարաբերությունների ապագայի համար և եվրոպական առաջնորդները կարող են Հայաստանի վարչապետին քաջալերել՝ սկսել Թուրքիայի հետ սահմանների բացման գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG