Մատչելիության հղումներ

Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը՝ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունների մասին


Հաջորդ շաբաթ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն Մոսկվայում և կհայտարարեն որոշակի պայմանավորվածությունների մասին, որոնց շուրջ երեք երկրների առաջնորդներն այսօր համաձայնության են եկել: Այդ մասին քիչ առաջ հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ մոտ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո։

Պուտինը նշել է, որ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։ «Մենք շատ մանրամասն խոսեցինք տնտեսական միջանցքների, առաջին հերթին՝ երկաթուղային և ավտոճանապարհների ապաշրջափակման մասին», - ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ այսօրվա բանակցություններից հետո տարածաշրջանում բոլոր կապերը և ճանապարհները կբացվեն։

«Հաղորդակցության ուղիները, տրանսպորտային երթուղիները, որոնք այսօր եռակողմ ձևաչափով քննարկեցինք, ծայրահեղ կարևոր են, ընդ որում՝ կարևոր տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի համար, քանի որ մենք շահագրգռված ենք, որ մեր ռազմավարական գործընկեր Հայաստանի հետ հաղորդակցության ուղիները լինեն հուսալի, բազմակողմ, հեշտ գործածվող և շուրջ տարին աշխատող», - ասել է Պուտինը։

Ադրբեջանի նախագահը ևս հայտարարել է, թե կողմերի միջև անկեղծ ու շատ մանրազնին քննարկում է եղել «տրանսպորտային երակների ապաշրջափակման շուրջ»։

«Մենք բաց քննարկեցինք մեր ծրագրերը, բաց քննարկեցինք երկու կողմում անհանգստություն պատճառող հարցերը։ Կարևորն այն է, որ որոշումները, որ մենք ընդունեցինք՝ տարաձայնությունների ու վեճերի կարգավորման հարցում, կնպաստեն, որ իրավիճակը Հարավային Կովկասում դառնա առավել անվտանգ ու կանխատեսելի», - ասել է Իլհամ Ալիևը։

Հայաստանի վարչապետը ևս գոհունակություն է հայտնել հանդիպման արդյունքներից։ «Մենք քննարկեցինք օրակարգի բոլոր հարցերը։ Սա հանդիպում էր ոչ թե հարցերը թաքցնելու, այլ՝ դրանք բաց քննարկելու համար։ Շատ դրական է, որ մի շարք հարցերի շուրջ հստակեցրեցինք դիրքորոշումները, և պարզվեց, որ որոշ հարցերի շուրջ չկա որևէ թյուրընթերցում, ինչպես թվում էր մինչ այս հանդիպումը», - նշել է Փաշինյանը:

Բացի այդ, կողմերը, ըստ Ռուսաստանի նախագահի, համաձայնել են նաև մինչև այս տարվա վերջ մեխանիզմներ ստեղծել՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի համար։ «Հույս ունեմ, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է արագ»,-ասել է Պուտինը։

Առաջընթաց՝ նաև մարդասիրական հարցերով

Ռուսաստանի նախագահի խոսքով, կողմերին հաջողվել է նաև առաջընթաց արձանագրել մարդասիրական հարցերի կարգավորման ուղղությամբ։ Մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։

Իլհամ Ալիևը, անդրադառնալով այս հարցին, պնդել է, թե Բաքուն ավելի քան հարյուր գերու է վերադարձրել հայկական կողմին։ «Այսօր էլ վերադարձվել է մեկ հայ վիրավոր զինծառայող, ում ադրբեջանցի բժիշկները օգնություն էին ցուցաբերել, ինչպես նաև մեկ քաղաքացիական անձ, ով մոլորվել էր», - ասել է Ադրբեջանի նախագահը, հավելելով. - «Ադրբեջանը մշտապես հանդես է եկել մարդասիրության գերակայության սկզբունքից, և մենք մտադիր ենք շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ»։

Ավելին, Ալիևը պնդել է, թե Բաքուն այժմ հայկական կողմում համագործակցությանն ուղղված դրական միտումներ է արձանագրում։

«Հայկական կողմից մենք տեսնում ենք մտադրություն՝ ստեղծելու նախադրյալներ, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում լինի առավել կանխատեսելի։ Ես բազմիցս ասել եմ, որ մենք Ադրբեջանում նպատակադրված ենք փակել Հայաստանի հետ բազմամյա հակամարտության էջը, սկսել նորմալ փոխգործակցության փուլ, և կարծում եմ, որ այս ձևաչափով հենց մենք հասնում ենք մեր նպատակներին», - ասել է Ադրբեջանի առաջնորդը։

Մեխանիզմներ՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի համար

Հայաստանի վարչապետն, իր հերթին, պնդել է, թե կողմերը ընդհանուր պատկերացում ունեն տարածաշրջանի տրանսպորտային կապերի և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման շուրջ։ Անդրադառնալով սահմանի դեմարկացիայի և դելիմիտիացիայի հարցին՝ Փաշինյանն ընդգծել է, որ կողմերը պայմանավորվել են համապատասխան պայմաններ, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ու կայունության մեխանիզմներ ստեղծել։ Մանրամասներ, սակայն, նա չի հայտնել։

«Ես, ընդհանուր առմամբ, այսօրվա հանդիպումն ու քննարկումը շատ դրական եմ գնահատում։ Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը՝ այս նախաձեռնության համար։ Ես վերահաստատում եմ, որ Հայաստանը և Հայաստանի կառավարությունը, որը ստացել է ժողովրդի մանդատը, պատրաստ է խաղաղության դարաշրջան բացել մեր երկրի և մեր տարածաշրջանի համար։ Մենք նպատակադրված ենք դրան», - հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Եռակողմ հանդիպման ավարտին Ռուսաստանի նախագահը որպես հուշանվեր՝ Ձիթենու ճյուղեր է նվիրել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին՝ իբրև խաղաղության ու բարգավաճման խորհրդանիշ։ «Հույս ունեմ, որ այսօր ձեռք բերված համաձայնությունները կիրագործվեն, և պայմաններ կստեղծեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի համար», - ասել է Պուտինը։

Երեք առաջնորդները այսօրվա բանակցությունների արդյունքում նաև հայտարարություն են ընդունել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG