Քաղաքագետները դրական են գնահատում Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ էական առաջընթացի մասին խոսել հնարավոր չէ։
Ստորագրված փաստաթուղթը վատը չէ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ մանրամասնելով՝ «լղոզված է և կոշտ, կոնկրետ վտանգավոր կետեր չկան»։
Քաղաքագետ Բենյամին Պողոսյանն էլ նշեց՝ արդյունքները դրական էին, բայց «ակնհայտ է, որ կողմերի միջև պահպանվում են բավականաչափ լուրջ տարաձայնություններ, և խոսել էական առաջընթացի մասին հնարավոր չէ»։
Նոյեմբերի 26-ի եռակողմ բանակցությունների արդյունքում Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հայտարարություն ստորագրեցին, որում, մասնավորապես, վերահաստատեցին «2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման:
Պայմանավորվել ենք ակտիվացնել համատեղ ջանքերը, որոնք ուղղված կլինեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների արագ կարգավորմանը»։
Կողմերը պայմանավորվել են նաև քայլեր ձեռնարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման, հետագայում էլ սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ, որում Ռուսաստանը խորհրդատվական մասնակցություն կունենա։
Բենյամին Պողոսյանի համար ակնհայտ է՝ գերիների հարցը մնում է օրակարգում և, նրա համոզմամբ, Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի ցույց տա, որ այժմ իր մոտ պահվող անձինք որևէ առնչություն չունեն նոյեմբերի 10-ի հայտարարության հետ և ինքը պարտավորված չէ այդ մարդկանց ազատ արձակել։
«Ադրբեջանը կփորձի այդ մարդկանց ազատ արձակումը ներկայացնել որպես բարի կամքի դրսևորում և ինչ-ինչ հավելյալ զիջումներ դրա դիմաց ստանալ Հայաստանի Հանրապետությունից», - ասաց քաղաքագետը՝ շեշտելով՝ որևէ կերպ չի կարելի թույլ տալ, որպեսզի գերիների հնարավոր ազատ արձակումը, կամ գոնե մի մասի ազատ արձակումը ներկայացվի որպես Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսևորում։
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով նախատեսված պարտավորությունները՝ «ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում» Ադրբեջանը փաստացի չի կատարել։ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն 114 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։