Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչին այսօր ուղիղ հարց տրվեց` արդյո՞ք լինելու են մասքակետեր Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող այն ճանապահներին, որոնք պետք է անցնեն Հայաստանի տարածքով։ Մարիա Զախարովան, սակայն, ուղիղ պատասխան չտվեց՝ ասելով. - «Մենք տեսնում ենք Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման լավ հեռանկարներ, իհարկե՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։ Ինչ վերաբերում է միջազգային փոխադրումներին, դրանք իրականացվելու միջազգային համաձայնությունների և յուրաքանչյուր կողմի ազգային օրենսդրության հիման վրա»։
Զարախովան այսօր նաև հաստատեց, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ միջնորդելու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում՝ հավելելով, թե Մոսկվան շահագրգռված է այդ հարցում։ Ավելին, Զախարովան ասաց, թե Ռուսաստանն արդեն ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Գործընթացը, Զախարովայի խոսքով, արդեն մեկնարկել է և նպաստել տարածաշրջանում ընդհանուր մթնոլորտի բարելավմանը։
Թե ովքեր են ներգրավված այդ գործընթացում, ինչ ձևաչափով, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը չհստակեցրեց, խոստացավ պաշտոնական հայտարարություն անել, երբ կլինի գործնական առաջխաղացում:
Զախարովային հարց ուղղվեց նաև Հայաստանին Ռուսաստանի կողմից ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Սակայն նա հրաժարվեց պատասխանել, թե արդյոք Երևանից պաշտոնական դիմում եղել է, թե ոչ՝ ասելով միայն, որ Մոսկվայի միջնորդությամբ վերջերս հաջողվել է կանգնեցնել ռազմական բախումը հայ-ադրբեջանական սահմանին և որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների հետ։
Չի պատասխանել Զախարովան նաև վաղը Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցին՝ նշելով, թե բարձր մակարդակի հանդիպումների մեկնաբանությունը Ռուսաստանի նախագահի վարչակազմի իրավասությունն է։ Նա միայն հերթական անգամ հայտարարեց, թե Մոսկվան հնարավորին ամեն ինչ անում է տարածաշրջանում կայունությունը և խաղաղ կյանքը վերականգնելու համար՝ հավելելով. - «Այսօր հատուկ ուշադրության կենտրոնում է առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը»։
Վաղը Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ Մոսկվան առանց որևէ մանրամասն հրապարակելու, փակ դռների ետևում բանակցություններ է անցկացնում թե' կողմերի, թե' եվրոպացիների հետ։ Երեկ Ռուսաստանի նախագահը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկել էր Եվրոպայի խորհրդի նախագահի հետ։ Կրեմլի հաղորդագրության համաձայն, Շառլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը ներկայացրել էր եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ ներառյալ խաղաղ կյանքի հաստատումը, տնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնումը Հարավային Կովկասում։ Ռուսական կողմն ընդգծել է, որ հենց այս հարցերն են նախատեսում վաղը քննարկել Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը:
Այդ հանդիպումից հետո, արդեն դեկտեմբերի կեսին Բրյուսելում է սպասվում Փաշինյան-Ալիև հանդիպում` Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ:
Երեկ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների միջև: Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը ևս, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, քննարկել են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում ՝ վաղը կայանալիք եռակողմ հանդիպման համատեքստում:
Եռակողմ հանդիպմանն ընդառաջ Մոսկվան երեկ Բաքու և Երևան էր գործուղել փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին ու փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին, ովքեր հանդիպել էին Ադրբեջանի նախագահի, այնուհետև նաև Հայաստանի վարչապետի հետ։ Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, Ալիև-Օվերչուկ հանդիպմանը նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների հնարավորինս արագ բացումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը և տնտեսական զարգացմանը։ Թե կոնկրետ ինչ հարցեր են եղել օրակարգում, չի հաղորդվում:
Փոխարենը հստակ է, որ Մոսկվան հայերին ու ադրբեջանցիներին հորդորում է պայմանավորվել` օգտագործելով գրեթե բոլոր հարթակները: Երեկ այս մասին խոսել էր նույնիսկ ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ պնդելով, թե սահմանային հարցերի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և դրանք կարգավորելու համար զինված ուժեր օգտագործելն անիմաստ է։
Բորդյուժան նույնիսկ անկեղծացել է, որ հայերի համար ՀԱՊԿ-ը կամ ռուսական բանակը Ադրբեջանի դեմ չի պատերազմի. - «ՀԱՊԿ-ն ունի ամբողջական գործիքակազմ հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունները չեզոքացնելու համար, ռազմական ճանապարհով ցանկացած իրավիճակի վրա ազդելու համար։ Բայց այդ գործիքակազմը չի կարելի օգտագործել։ Որովհետև չի կարելի օգտագործել ռուսական բանակը կամ կազմակերպության անդամ մեկ այլ երկրի բանակը, օրինակ, Ադրբեջանի դեմ։ Ես սա չեմ պատկերացնում։ Որովհետև և' Ադրբեջանը, և' Հայաստանը ԱՊՀ անդամ են»։