Ի՞նչ հայտարարություններ նախորդեցին Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի այսօրվա հանդիպմանը։
Բանակցությունները նախաձեռնած Կրեմլը ընդհանուր գծերով էր քննարկվելիք հարցերին անդրադարձել, կոնկրետ օրակարգ երեք կողմերն էլ չէին հրապարակել։
Քաղաքական ուժերի, փորձագետական շրջանակների քննարկումների առանցքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացն է, որը, տարբեր գնահատականներով, այսօրվա հանդիպման արդյունքներով նաև փաստաթղթի տեսք կարող է ստանալ։
Արդեն մեկ շաբաթից ավելի հայկական կողմի սեղանին է դեմարկացիայի ու դելիմիտացիայի՝ Ռուսաստանի հերթական առաջարկը, որին Հայաստանի վարչապետը անմիջապես տվել էր իր համաձայնությունը։ Թե հատկապես ինչ է ենթադրում թվով 4-րդ առաջարկը, պաշտոնյաները չեն մանրամասնում։
Ընդդիմադիրների կանխատեսումները վատթարագույնն են՝ Հայաստանը համաձայնությունների է գնում սահմանային աննախադեպ լարվածության պայմաններում, եթե վարչապետը չի մասնավորեցնում, թե ինչի տակ է դնելու իր ստորագրությունը, խաղաղության անվան տակ կարող է Հայաստանի համար անբարենպաստ պայմանավորվածություններ ձեռք բերել։
Իլհամ Ալիևն էր հայտարարել՝ սահմանազատման գործընթաց սկսելուց առաջ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ըստ ընդդիմադիրների, կդառնա ղարաբաղյան հարցի կարգավորման վերջը։
Այն, որ այսօր փաստաթուղթ կարող է ստորագրվել, իր վերջին ասուլիսում Փաշինյանը ևս չէր հերքել, բայց նրա հայտարարությունները բավարար չէին հնչած մտահոգությունները փարատելու համար. – «Տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանագծման և սահմանազատման արդյունքների մասին։ Էդպիսի բան հնարավոր չի ուղղակի։ Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին. որ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում ա զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով։ Էդ թղթի մեջ գրված չի լինելու՝ սահմանն անցնում ա ստեղով, ստեղով, ստեղով, ստեղով»։
Ընդդիմադիրների մյուս մտահոգությունը միջանցքն է։ Ռուսական կողմի հաղորդագրության մեջ խոսք կար, որ այսօրվա քննարկվելիք հարցերի շարքում նաև հունվարին՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքն է լինելու։
Ադրբեջանցիները պարբերաբար բարձրացնում են Նախիջևանին կապող զանգեզուրյան միջանցքի հարցը, հայաստանցի պաշտոնյաները պնդում են՝ նման հարց չի քննարկվել ու չի քննարկվելու։ Ընդդիմադիրների համար, այնուհանդերձ, համոզիչ չեն Հայաստանի ինքնիշխան տարածքով Ադրբեջանին միջանցք չտրամադրելու մասին իշխանությունների հավաստիացումները։ Աչքի առաջ Զանգելանի և Կուբաթլուի օրինակն է, որոնց մասին նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսք չկար, բայց պատերազմից հետո հայկական ուժերը այդ տարածքներից հետ քաշվեցին։ Դրանք զիջվել են Փաշինյանի բանավոր պայմանավորվածություններով։
«Այստեղ ա, որ Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունն ա։ Անունը դրել են Զանգեզուրի միջանցք և ասում են՝ եթե դուք միջանցք չտաք, մենք պատերազմով էդ միջանցքը կստանանք։ Պետք ա էս փաստը դնենք միջազգային հանրության աչքի առաջ», - ասել էր Փաշինյանը։
Բայց, ինչն է հետաքրքիր, վարչապետն իր վերջին ասուլիսում հաստատեց, որ այսօրվա հանդիպումը պլանավորվել է առցանց անցկացնել ու նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցի օրը։ Այդ հանդիպմանը մասնակցելու համար Փաշինյանը, ըստ էության, նախապայման է դրել՝ գերիների վերադարձ, իսկ այսօրվա հանդիպմանը մասնակցելու որևէ նախապայմանից Փաշինյանը չի խոսել. - «Անկեղծ մեր դիրքորոշումը արտահայտել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար և ծանր և դառը օր է մեզ համար։ Բայց եթե պարզվի, որ նոյեմբերի 9-ի հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք համաձայնվել կոնկրետ արդյունքի շուրջ, ասենք օրինակ՝ լուծենք գերիների հարցը, ես պատրաստ եմ էդ դառնությունը վերցնել և մասնակցել այդ օնլայն համաժողովին։ Հետո, երբ որ պարզվել է, ցավոք, չենք կարող գալ նման համաձայնության, և տեսակետները տարբեր են, ես պարզապես արձանագրելով, որ նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար էդքան էլ լավը չէ, խնդրել-առաջարկել եմ, որ հանդիպումը տեղափոխվի»։
Պատերազմից հետո Փաշինյան-Ալիև-Պուտին առաջին՝ հունվարի 11-ի հանդիպումից 3 օր առաջ Հայաստանի վարչապետն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Հայաստանի առաջանահերթություններին՝ նախ և առաջ շեշտելով գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակման հարցը։ Խոսել էր նաև տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակումից։ Հունվարի 11-ի երեկոյան հրապարակված եռակողմ հայտարարությունը միայն տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին էր, ոչ մի խոսք գերիների վերադարձի մասին։ Այն, ինչի սպասումը ձևավորել էր Հայաստանի առաջնորդը՝ եռակողմ հանդիպմանը նախորդած գրառմամբ։