«Մենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, 2021 թվականի նոյեմբերի 26-ին հանդիպել ենք Սոչիում և քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության իրականացման ընթացքը:
Վերահաստատում ենք Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման:
Պայմանավորվել ենք ակտիվացնել համատեղ ջանքերը, որոնք ուղղված կլինեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների արագ կարգավորմանը:
Նշել ենք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում:
Պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը մղել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և հետագայում սահմանագծման հարցով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ:
Բարձր ենք գնահատել 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որն ուղղված է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Ընդգծել ենք կոնկրետ ծրագրերի արագ գործարկման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար։
Ռուսաստանի Դաշնությունը հետագայում էլ անհրաժեշտ աջակցություն կտրամադրի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների բարելավման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար»: