Մատչելիության հղումներ

«Մենք այդ պաշտոնից չենք հրաժարվելու»․ ԱԺ-ում չի հանգուցալուծվում պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը


Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի տեղակալ ընտրելու ընդդիմության տասնյակից ավելի փորձերին վերջ տալու համար իշխանությունը շրջանառության մեջ է դրել կանոնակարգ օրենքի փոփոխություն, որը թույլ կտա ընդդիմադիր թեկնածուին մեկ անգամ չընտրելուց հետո այլ թեկնածուի առաջադրել։

Ամիսներ շարունակ խորհրդարանում չի հանգուցալուծվում պաշտպանության հանձնաժողովի՝ ըստ էության որևէ հատուկ լիազորություն չունեցող ընդդիմադիր փոխնախագահի ընտրության հարցը։

Իշխանությունը արդեն 12 անգամ դեմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին՝ հայտարարելով, թե նրան չի ցանկանում տեսնել այդ պաշտոնում։ Տարբեր պատճառներ են նշում, դրանց թվում այն, որ չի ծառայել բանակում և զինված ուժերին վերաբերող հարցերին չի տիրապետում։ Իսկ ընդդիմությունը չի նահանջում՝ շարունակ Ղազինյանի թեկնածությունն է առաջադրում։

«Իրենք չեն էդ որոշողը և երկրորդը՝ մենք չենք հրաժարվելու։ Այսինքն՝ չի կարող քաղաքական մեծամասնությունն իր կամքը պարտադրել», - ասաց Ղազինյանը։

Պաշտպանության հանձնաժողովի իշխանական անդամ Վիլեն Գաբրիելյանի հեղինակած նախագծով՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի համար առաջադրված նույն թեկնածուին այլևս հնարավոր չի լինի կրկին առաջադրել, մեկ անգամ նրան չընտրելուց հետո ընդդիմադիր խմբակցությունը պետք է հինգ աշխատանքային օրվա ընթացքում նոր թեկնածուի առաջադրի։ Գործող օրենքով այս պաշտոնը ընդդիմությանն է, այս մասով փոփոխություն Գաբրիելյանը չի առաջարկել։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ավելի վաղ խոստովանել էր, թե այդ պաշտոնում ցանկանում են տեսնել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարն է։

«Մենք ուզում ենք, որ Սեյրան Օհանյանը գա Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի կարգավիճակով, որովհետև շատ ինֆորմացիայի է տիրապետում, և մենք շատ հարցեր ունենք հենց Սեյրան Օհանյանին։ Իսկ Սեյրան Օհանյանը կուզի՞ գալ, իհարկե՝ ոչ։ Սեյրան Օհանյանն ընդամենը ստորագրած թղթեր է ուղարկում Ղազինյանի վերաբերյալ, արդեն 10 միջնորդություն է ուղարկել։ Օրինակ՝ չի գալիս, որպեսզի հարցնենք՝ «լավ, որ ուղարկում ես, արի մի հատ պաշտպանի թեկնածուին, որովհետև մենք հարցեր տվեցինք, չստացանք պատասխաններ», - «Ազատության» հետ զրույցում ասել էր Քոչարյանը։

Ինքը՝ Արթուր Ղազինյանը, շարունակում է պնդել՝ իշխանությունն իրենց փոխարեն չի կարող որոշել՝ ում առաջադրել։

«Տարբերություն կա, եթե նայում ենք, թե իրենք իրենց ոնց են պահում՝ վարքագիծը, լեքսիկոնը, հոգեվիճակը, հասկանալի է, որ իրենց համար տարբերություն կա և, երևի թե, դա անձնավորված է կոնկրետ իմ դեմ․ կոնկրետ ինձ չեն ցանկանում։ Իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց պահանջով «Հայաստան» խմբակցությունը չի փոխելու թեկնածուին, շատ լավ հասկանում են, որ նահանջ քայլ չի լինելու, որ մենք այդ պաշտոնից չենք հրաժարվելու, դա ինքնանպատակ չի, պետք է ստեղծել քննիչ հանձնաժողով, որի պարագայում նախագահը պետք է մեկուսացվեր, որովհետև նա ևս պետք է գա, պատասխան տա քննիչ հանձնաժողովին, եթե նախագահը մեկուսացվում է, նրա փոխարեն հանձնաժողովի նախագահի գործառույթն իրականացնում է նախագահի տեղակալը», - ասաց Ղազինյանը։

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է՝ իշխանությունը չի ուզում իրեն տեսնել այդ պաշտոնում, քանի որ ինքը մտադիր է վեր հանել ռազմական ոլորտի շատ խնդիրներ, այդ թվում՝ վերջին պատերազմին առնչվող։ «Ռազմական հանցագործության, հակապետական գործունեության բոլոր ծրագրերը։ Եթե ստեղծվեր քննիչ հանձնաժողով, և եթե ես ընտրված լինեի հանձնաժողովի նախագահ, ես երաշխավորում եմ՝ իրենց իշխանությունը փշուր-փշուր էր լինելու», - եզրափակեց Ղազինյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG