Մատչելիության հղումներ

Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ


Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Խորհրդարանական մեծությամբ երկրորդ խմբակցությունը կրկին առաջադրել էր Ղազինյանի թեկնածությունը: Վերջինս, ըստ ԱԺ լրատվական ծառայության հաղորդման, առաջարկել է օրակարգում ընդգրկել Հայաստանի հարավ-արևելյան հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ աշխատանքային խումբ ստեղծելու մասին հարցը, սակայն այն մերժվել է, ինչից հետո ընդդիմության բոլոր ներկայացուցիչները լքել են դահլիճը:

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն էլ կրկին մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում չեն ընտրել ընդդիմադիր թեկնածուին:

Դոնթի բանաձևի համաձայն` ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր կամ նույն թեկնածուին:

Մասնագիտությամբ իրավաբան Ղազինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ որոշել է գալ Պաշտպանության հարցերի հանձնաժողով՝ բացահայտելու պատերազմի ընթացքում, դրանից առաջ ու հետո տեղի ունեցածը։ Նրա խոսքով` մեծաթիվ մարդկանց մոտ կա կասկած, որ պետական դավաճանություն է տեղի ունեցել: Երրորդ անգամ չընտրությունից հետո նա կարծիք էր հայտնել, թե իրեն չընտրելը անձնավորված էր, որ իշխանության համար այդ պաշտոնում ինքը քաղաքական իմաստով վտանգ է ներկայացնում:

XS
SM
MD
LG