Մատչելիության հղումներ

Ռուսաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսից 232 մարդ է մահացել`ամենաբարձր թիվը օրական հաշվարկով


Թուրքիայում դաշտային մեծ հոսպիտալ է կառուցվել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում․ 45 օրվա ընթացքում կառուցված այս հոսպիտալը բացվում է այսօր։

Ստամբուլում անցյալ տարի նոր օդանավակայանի շահագործման մեջ մտնելուց հետո Աթաթուրքի անվան նախկին գլխավոր օդանավակայանն օգտագործվում էր պաշտոնական չվերթների ու բեռնափոխադրումների համար, ու հիմա երեք թռիչքուղիներից երկուսի վրա դաշտային հոսպիտալ է կառուցվել: Հունիսի մեկից Թուրքիայում սահմանափակումներն էապես թուլացվելու են, վերաբացվելու են ռեստորանները, սրճարանները, մարզասրահները, թույլատրվելու են միջքաղաքային ուղևորությունները, և այս հոսպիտալը բացելով` իշխանությունները նախապատրաստվում են կորոնավիրուսի հնարավոր նոր դեպքերի ավելացմանը:

Մայիսի 30-ին Ստամբուլում պետք է կայանար եվրոպական ֆուտբոլի ամենակարևոր հանդիպումներից մեկը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, բայց կորոնավիրուսի պատճառով Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի առաջնությունների խաղերը դեռ 1/8-ի ճանապարհին ընդհատվել էին ՈւԵՖԱ-ի որոշմամբ։

ՈւԵՖԱ-ն հիմա պլանավորում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլի Աթաթուրքի անվան մարզադաշտում անցկացնել օգոստոսի 29-ին, իսկ դրանից 3 օր առաջ Եվրոպայի լիգայի եզրափակիչը` Գդանսկում։ Ակնկալվում է, որ որոշումներն ընդունվելու են ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հունիսի 17-ի նիստում։

Թուրքիայում այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 160 հազար դեպք, մահացել է ավելի քան 4 հազար 400 մարդ։

Դիմակ կրելը պարտադիր` Լիբանանում

Թուրքիայից հարավ` մերձավորարևելյան տարածաշրջանում, Լիբանանը ևս անցավ հանրային վայրերում պարտադիր դիմակ կրելու քաղաքականությանը։ Դիմակ չկրելու համար սահմանվել են տուգանքներ: Չնայած Լիբանանում կարծիքները կիսվում են` մի մասը պաշտպանում է կառավարության որոշումը, մի մասը գտնում է, որ դիմակը միևնույն է` ամբողջովին չի պաշտպանում վիրուսից, բայց մարդիկ կատարում են կառավարության որոշումը, Բեյրութի փողոցներում անցորդները դիմակներով են։

Լիբանանում կորոնավիրուսի հետևանքները ծանր չեն, 6 միլիոն բնակչություն ունեցող երկրում 1100-ից ավելի դեպքեր են արձանագրվել, մահացել է 26 մարդ, բայց քանի որ կարանտինային սահմանափակումները թուլացնելուց հետո նոր դեպքերի աճ նկատվեց, կառավարությունը որոշեց հանրային վայրերում դիմակ կրելը պարտադիր դարձնել:

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերը մոտենում են վեց միլիոնի

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերը մոտենում են վեց միլիոնի, մահացել է 362 հազար մարդ, բուժվել` ավելի քան 2,5 միլիոնը։

Վարակի ամենաշատ դեպքերն ու մահացության ամենամեծ թվերը Միացյալ Նահանգներում են, այնտեղ մահվան դեպքերն անցան 100 հազարը: Վիրուսի բռնկման նոր օջախ է համարվում Հարավային Ամերիկան, միայն Բրազիլիայում վարակվածների թիվը մոտենում է 440 հազարի, մահվան դեպքերը` 27 հազարի:

Իրավիճակը լավ չէ Ռուսաստանում, Բրազիլիայից հետո Ռուսաստանն աշխարհում երրորդն է վարակվածների քանակով։ Չնայած այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մայիսի 9-ի զորահանդեսն անցկացնել հունիսին, սակայն յուրաքանչյուր օր Ռուսաստանում կորոնավիրուսի հազարավոր նոր դեպքեր են հաստատվում, իսկ անցած օրը արձանագրվել է մահվան 232 դեպք: Սա Ռուսաստանում օրական կտրվածքով մահվան դեպքերի արձանագրված ամենաբարձր թիվն է։

Մոսկվայում բողոքի անհատական ակցիաներ են

Ռուսաստանին ևս մեկ, շատ ավելի լայն համապետական իրադարձություն է սպասվում` սահմանադրական փոփոխությունների հետաձգված հանրաքվեի անցկացում, որն ընդունվելու դեպքում զրոյացվելու են Պուտինի նախագահության նախկին ժամանակները, և նա կարող է առնվազն երկու անգամ նորից առաջադրվել նախագահի թեկնածու։ Նույնիսկ քննարկվում է հանրաքվեն բացօթյա անցկացնելու տարբերակը։ «Ռոսպոտրեբնադզորը» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համաձայնեցրել է քվեարկության վերաբերյալ առաջարկները։

Չուվաշիայի Հանրապետությանը վերաբերող առաջարկները պաշտոնապես հրապարակվել են, որոնք կարող են ընդհանուր լինել Ռուսաստանի համար, մասնավորապես առաջարկվում է քվեարկության համար մեծ ծածկով բացօթյա հարթակներ ստեղծել, զինվորական վրաններ օգտագործել: Քվեարկողների ջերմությունը ստուգվելու է, լվացարան է պետք ձեռքերը լվանալու համար, սոցիալական հեռավորություն պետք է պահպանվի, քվեարկողները պետք է դիմակով լինեն, նշումներն անեն սեփական գիչով։ Ըստ հրապարակված ուղեցույցի` չի բացառվում, որ քվեարկությունը մի քանի օր շարունակվի։

Քվեարկության օրը դեռ որոշված չէ: Ապրիլի 22-ի հանրաքվեն հետաձգվել է անորոշ ժամկետով, նոր ժամկետը պետք է հայտարարվի քվեարկությունից ոչ ուշ, քան 30 օր առաջ:

Մոսկվայում հիմա բողոքի անհատական ակցիաներ են տեղի ունենում։ Դրանք անցկացվում են` ի պաշտպանություն Մոսկվայի շրջաններից մեկի տեղական խորհրդի անդամ Իլյա Ազարի, որը նախօրեին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի` այդպիսի ակցիա անցկացնելու համար։ Մոսկվայի ոստիկանությունն արագորեն բերման է ենթարկում բողոքի միայնակ ակցիաների մասնակիցներին, որոնց թվում նաև Մոսկվայի դումայի, տեղական խորհուրդների պատգամավորներ կան։ Բերման ենթարկվածենրի թիվն անցնում է մեկ տասնյակը։ Ոստիկանությունը զգուշացնում է, որ Մոսկվայում բոլոր տեսակի հանրային ակցիաներն արգելված են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG