Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, վերջին օրերին այդ տարածաշրջանում վարակի ավելի շատ դեպք է արձանագրվում, քան Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում:
Ամենավատ վիճակը Բրազիլիայում է, որտեղ երկրորդ օրն է, երբ մահվան դեպքերը գերազանցում են անգամ համաճարակից ամենաշատը տուժած Միացյալ Նահանգների ցուցանիշները: Անցած քսանչորս ժամում, մասնավորապես, Բրազիլիայում կորոնավիրուսը ավելի քան հազար մարդու կյանք է խլել, նախօրեին` մոտ ութ հարյուրի:
Մասնագետները վաղուց էին նման պատկեր կանխատեսում մի երկրում, որի նախագահը մինչև օրս կասկածի տակ է դնում վարակի վտանգավորությունը, պնդում է, թե եղածը մի սովորական հարբուխ է, որի պատճառով չարժե սահմանափակումներ մտցնել ու տնտեսությունը վտանգել:
Ընդ որում, Վաշինգտոնի համալսարանի գիտնականները կանխատեսել են, որ մինչև օգոստոս մահվան դեպքերը Բրազիլիայում կարող են հնգապատկվել` եթե այս մոտեցումը չփոխվի և երկիրը չանցնի խիստ սահմանափակումների` Չինաստանի, Իսպանիայի կամ Իտալիայի նման:
Այս երկրների փորձն արդեն իսկ ապացուցել է, որ կարանտինային նորմերը, սոցիալական հեռավորությունը պահպանելու և հիգիենայի կանոններին հետևելու դեպքում հնարավոր է կասեցնել վարակի տարածումը: Ամիսներ առաջ համաճարակի էպիկենտրոնը դարձած Իտալիայում, օրինակ, երեկ վարակի երեք հարյուր նոր դեպք է արձանագրվել` ամենացածր ցուցանիշը համաճարակի բռնկումից ի վեր:
Իսպանիայում, ուր երկու ամիս առաջ դեռ օրական ավելի քան ութ հազար դեպք էր գրանցվում, հիմա ցուցանիշը 200-ի էլ չի հասնում: Այսօր երկրում մեկ րոպե լռությամբ հիշատակի տուրք են մատուցել համաճարակի ավելի քան 27 հազար զոհերին, որոնց մեծ մասին հարազատներն այդպես էլ չէին կարողացել ըստ արժանվույն հրաժեշտ տալ: Սգո արարողությունները կշարունակվեն տասը օր. Իսպանիայի դրոշները դեռ երբեք այսքան երկար չէին խոնարհվել:
Շատերի համար սա ոչ միայն հարգանքի նշան է, այլ հիշեցում ու ուղերձ ապրողների համար. - «Մենք պարտավոր ենք ոգեկոչել նրանց, ովքեր իրենց կյանքը կորցրին այս համաճարակի պատճառով, բայց նաև սրանով պետք է ինքներս զգոն լինենք, հիշենք ինչ է եղել, որպեսզի նույն սխալները չկրկնենք»:
Մերձավոր Արևելքում ևս վիրուսը կարծես նահանջում է, փոխարենն ավելի ակնհայտ են դառնում դրա հետևանքով ի հայտ եկած կամ ավելի սրված տնտեսական դժվարությունները: Լիբանանում բնակչության մեկ երրորդը դարձել է գործազուրկ, ազգային արժույթը մի քանի ամսվա ընթացքում ավելի քան 60 տոկոսով արժեզրկվել է: «Շատերը հաց գնելու համար անգամ գումար չունեն», - օրերս հայտարարել էր երկրի վարչապետը` օգնություն խնդրելով միջազգային համայնքից:
Իրանում ևս առաջնային հարցը տնտեսության վերականգնումն է: Այսօր առաջին նիստն է գումարել փետրվարին ընտրված նոր խորհրդարանը: Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ նիստից առաջ բոլոր 268 պատգամավորները կորսնավիրուսի թեստ են հանձնել, խորհրդարան մտնելուց առաջ ջերմաչափում են անցել և նիստի ընթացքում պահպանում էին սոցիալական հեռավորության նորմերը:
Նախագահ Հասան Ռոհանին, ելույթ ունենալով առաջին նիստում, փաստել է, որ երկիրը կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ. – «Հուսով եմ, կառավարության ու խորհրդարանի միջև այնպիսի համագործակցություն կհաստատվի, որը թույլ կտա հանել երկիրն այս դժվարին իրավիճակից, երբ ոչ միայն տնտեսական պատժամիջոցների ու ճնշումների ենք ենթարկվում թշնամու կողմից, այլև պայքարում ենք վտանգավոր կորոնավիրուսի դեմ»:
Մարզաշխարհում առայժմ միայն ֆուտբոլային մրցումներն են վերականգնվել, այն էլ`եվրոպական երկրներում: Գերմանական Բունդեսլիգան արդեն անցկացրել է մի քանի հանդիպում`առանց հանդիսատեսների, անգլիական Պրեմիեր լիգան այսօր թույլատրել է ֆուտբոլիստներին մարզումներն անցկացնել մեծ խմբերով` պայմանով, որ նրանք կորոնավիրուսի թեստ կհանձնեն երկու շաբաթը մեկ: Իտալական Սերիա Ա-ի կազմակերպիչները վաղը կորոշեն, թե երբ և ինչպես են վերսկելու խաղերը:
Մինչ այդ այս շաբաթավերջին կմեկնարկի «Մենք միասնական ենք» (We are one) միջազգային կինոփառատոնը, որն առաջին անգամ տարվա տասնյակ լավագույն ֆիլմերն ու անցյալի գլուխգործոցները կհեռարձակի առցանց`յութուբյան ալիքով:
Կորոնավիրուսի պատճառով չեղարակված փառատոների, այդ թվում`Վենետիկի, Կաննի, Տորոնտոյի ու նյույորքյան Tribeca-ի կազմակերպիչները այսպես են որոշել լրացնել այս տարվա բացը. «Կարմիր գորգ, շլացուցիչ հանդերձանք ու պապարացիներ չեն լինի, բայց լավ կինոյի պակաս էլ հաստատ չեք զգա, նույնիսկ գիշերանոցով ձեր բազմոցին նստած», - ասում է Tribeca-ի հիմնադիր Ջեյն Ռոզենթալը:
«Ես արդեն պատրաստվում եմ, կարծում եմ, բոլորս շքեղ գիշերանոցներով ու հողափաթերով կլինենք, և շատ զվարճալի կլինի, երբ այդպես միանանք ու միասին դիտենք ֆիլմերը: Այս անգամ գոնե ստիպված չենք լինի անհարմար կոշիկներ հագնել, դա էլ մեկ այլ առավելություն է»:
Ւր տեսակի մեջ աննախադեպ այս փառատոնը կմեկնարկի մայիսի 29-ին և կշարունակվի տասն օր` հնարավորություն տալով դիտել ավելի քան հարյուր կինոնկար, հետևել աստղերի ու ռեժիսորների քննարկումներին: Միջոցառումը կհեռարձակվի անվճար, այդուամենյանիվ, կազմակերպիչները հորդորում են կամավորներին գումար փոխանցել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: