Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հատեց 100 հազարի շեմը


Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացածների թիվը անցած գիշեր հատեց 100 հազարի շեմը: Պաշտոնական վիճակագրության համաձայն, ողջ երկրի տարածքում կորոնավիրուսի հետևանքով արձանագրված մահերի ավելի քան 40 տոկոսը երկու նահանգներում է` Նյու Յորքում և Նյու Ջերսիում:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ էր հաստատել, որ երկիրը հատում է հոգեբանական այս ծանրագույն շեմը` Twitter-ի իր էջում գրելով. - «Եթե ես իմ գործը արագորեն և լավ կատարած չլինեի, մենք այժմ կորոնավիրուսից մահացած մեկուկես կամ նույնիսկ երկու միլիոն մարդ կունենայինք»:

Երեկ մահացածների 100 հազար ցուցանիշին հասնելու առթիվ հատուկ հեռուստաուղերձով հանդես եկավ նաև նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Թրամփի գլխավոր մրցակիցը` նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

«Սիրելի ամերիկացիներ: Մեր պատմության մեջ լինում են մռայլ պահեր, որոնք ընդմիշտ դաջվում են յուրաքանչյուրիս սրտում: Այսօր այդ պահերից մեկն է: Միայն Միացյալ Նահանգներում 100 հազար մարդ է մահացել այս վիրուսի հետևանքով: Այս իրավիճակն ավելի անտանելի է դառնում, երբ հասկանում ես՝ սա մի հանգրվան էր, որին մենք երբեք չպետք է հասնեինք: Այս ամենից կարելի էր խուսափել: Կոլումբիայի համալսարանի հետազոտության համաձայն, եթե վարչակազմը սոցիալական հեռավորության պահպանմանն ուղղված քայլերին դիմեր ընդամենը մեկ շաբաթ շուտ, ապա 36 հազար մարդկանց մահը հնարավոր կլիներ կանխել», - հայտարարել է Բայդենը:

Այս ամենի ֆոնին, սակայն, արդեն մեկ շաբաթ է ինչ Միացյալ Նահանգների բոլոր 50 նահանգներում կարանտինային սահմանափակումները աստիճանաբար թուլացվում են: Որպես հետևանք, ըստ Reuters գործակալության, մոտ երկու տասնյակ նահանգներում, նոր վարակակիրների թիվը սկսել է աճել: Ալաբամայում դրանց թիվը աճել է 28, Միսուրիում՝ 27, իսկ Հյուսիսային Կարոլինայում՝ մոտ 26 տոկոսով: Համապետական կտրվածքով, սակայն, վարակակիրների թիվը նախորդ շաբաթավերջի տվյալներով նվազել է շուրջ մեկ տոկոսով:

Գրեթե նույն վիճակն է Հարավային Կորեայում: Կորոնավիրուսի դեմ պայքարում լուրջ հաջողություններ արձանագրած այս պետությունն առաջիններից մեկը սկսեց վերացնել կարանտինային սահմանափակումները: Այսօր, սակայն, դրանց մի մասը կրկին ուժի մեջ է մտնում: Պատճառը վարակակիրների թվի զգալի աճն է. այստեղ կորոնավիրուսի 79 նոր դեպք է հաստատվել: Նման ցուցանիշի հարավկորեացի համաճարակաբանները վերջին անգամ բախվել էին գրեթե երկու ամիս առաջ` ապրիլի 5-ին:

Լատինական Ամերիկայի պետությունների մեծ մասում ևս կորոնավիրուսի համաճարակը դեռ գագաթնակետին է գտնվում: Իրավիճակն արագորեն վատթարանում է Չիլիում, որտեղ ավելի քան 80 հազար վարակակիր կա, 841 մարդ մահացել է: Երկրի իշխանությունները չեն բացառել, որ արդեն առաջիկա օրերին երկրի առողջապահական համակարգը կարող է բախվել կոլապսի իրական վտանգին:

Լատինական Ամերիկայում Չիլիից ավելի վատ է կացությունը միայն Բրազիլիայում և Պերուում: Բրազիլիայում այս պահին շուրջ 400 հազար վարակակիր կա, մոտ 25 հազարը մահացել են: Պերուում վարակակիրների թիվը հասնում է 140 հազարի, մահացածներինը` գերազանցում 4 հազարը:

XS
SM
MD
LG