Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց հինգուկես միլիոնը, մինչ օրս մահացել է շուրջ 350 հազար մարդ:
Անցած 24 ժամում ամենաշատ մահվան դեպքերը արձանագրվել են Բրազիլիայում` մեկ օրում կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 800 մարդ:
Միացյալ նահանգները որոշել է այսօրվանից` մինչ այդ հայտարարված ժամկետից երկու օր շուտ փակել սահմանները բոլոր նրանց առջև, ովքեր եղել են Բրազիլիայում վերջին շաբաթների ընթացքում: Սահմանափակումը վերաբերում է ոչ միայն Ամերիկայի ու Բրազիլիայի քաղաքացիներին, այլև զբոսաշրջիկներին: Անցած մեկ ամսում այդ երկրում վարակակիրների թիվը հնգապատկվել է` հասնելով ավելի քան 370 հազարի, այս ցուցանիշով Բրազիլիան գերազանցել է նաև Ռուսաստանին, և այժմ երկրորդն է աշխարհում` Միացյալ Նահանգներից հետո:
Չնայած այս վիճակագրությանը, երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն շարունակում է կասկածի տակ դնել համաճարակի վտանգավորությունը` անտեսելով սոցիալական հեռավորությունը պահպանելու նորմերը: