Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցավ 5,8 միլիոնը, զոհվածներինը՝ 360 հազարը, բուժվածներինը՝ 2,4 միլիոնը


Ռուսաստան - Մոսկվայի փողոցներից մեկում գործող կորոնավիրուսի թեստավորման կետ, 25-ը մայիսի, 2020թ.
Ռուսաստան - Մոսկվայի փողոցներից մեկում գործող կորոնավիրուսի թեստավորման կետ, 25-ը մայիսի, 2020թ.

Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 5 միլիոն 815 հազարին, համաճարակի զոհերի թիվն անցել է 360 հազարը, բուժվել է մոտ 2 միլիոն 420 հազար մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Համաճարակի հետ կապված՝ ամերիկյան Բոստոն քաղաքում 1897 թվականից ի վեր առաջին անգամ չեղարկվել է ավանդական մարաթոնը:

Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ Ռուսաստանը գրանցել է COVID-19-ից մահացության ռեկորդային ցուցանիշ` 174 մարդ: Մոսկվայի քաղաքապետը հայտարարել է, որ ինքնամեկուսացման ռեժիմից պետք է անցնել «ինքնապահպանման ռեժիմի»: Այս ռեժիմը, ըստ Սերգեյ Սոբյանինի, Ռուսաստանի մայրաքաղաքում կգործի այնքան ժամանակ, քանի դեռ COVID-19-ի դեմ պատվաստանյութ չի ստեղծվել:

Վրաստանը վերացնում է կարանտինային որոշ սահմանափակումներ: Այսօրվանից սկսելու է աշխատել հանրային տրանսպորտը, այդ թվում՝ Թբիլիսիի մետրոպոլիտենը: Ուղևորները պարտավոր են դիմակներ կրել։ Վրաստանում հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցվել էր մարտի 30-ին։ Հունիսի 1-ից վերաբացվելու են առևտրի կենտրոնների, խանութների, շուկաների, ռեստորանների բաց տարածքները, իսկ հունիսի 8-ից կթույլատրվի միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը։

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է սահմանափակումների վերացման երկրորդ փուլի մասին: Ֆրանսիայի բնակիչների համար, մասնավորապես, կվերացվեն ամբողջ երկրով տեղաշարժի սահմանափակումները՝ նախկինում հնարավոր էր տնից հեռանալ ոչ ավելի, քան 100 կմ: Բացի այդ, կբացվեն սրճարաններն ու ռեստորանները: Երկրորդ փուլը, ինչպես նախատեսված էր, կսկսվի հունիսի 2-ին:

XS
SM
MD
LG