Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն նախազգուշացնում է համավարակի երկրորդ ալիքի վտանգի մասին


Novavax-ը ստեղծում է նոր վակցինա։

Զգոնության կոչ միջազգային հանրությանը

Աշխարհում նոր կորոնավիրուսի ախտահարումների թիվը մայիսի 26-ին անցել է 5 միլիոն 600 հազարը, մահացել է շուրջ 350 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 2 միլիոն 380 հազար հիվանդ։

Մեծ թվով երկրներ թուլացնում են կարանտինի ռեժիմը, և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ կապակցությամբ աշխարհին դիմում է զգոնության կոչով առ այն, որ սահմանափակումների անխոհեմ չեղարկումը գրեթե անխուսափելիորեն կառաջացնի կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք:

«Մենք չենք կարող ենթադրել, թե միայն այն պատճառով, որ վարակի տարածման տեմպը հիմա իջնում է, ուրեմն այդպես էլ կշարունակվի, և մենք կունենանք երկրորդ ալիքին նախապատրաստվելու մի քանի ամիս։ Մենք կարող ենք երկրորդ ալիքը հենց այս փուլում տեսնել», - ասել է ԱՀԿ արտակարգ ծրագրերի գործադիր տնօրեն Մայք Ռայանը։

Եվրոպայում փորձում են աստիճանաբար վերականգնել բնականոն կյանքի նորմերը։

Համավարակի տարածումը հիմնականում հսկողության տակ է, բայց, Ռայանի փոխանցմամբ, Հարավային Ամերիկայում, Հարավային Ասիայում և Աֆրիկայում կորոնավիրուսի ավերիչ արշավը դեռ նոր է հզորանում։

Ամերիկայում, որտեղ զոհերի թիվը մոտենում է 100 հազարի, և վարակի պատճառով միլիոնավոր մարդիկ զրկվել են աշխատանքից, բոլոր 50 նահանգներն արդեն թուլացնում են բիզնեսի և սոցիալական ակտիվության սահմանափակումները։

Մինչդեռ, ըստ Լոնդոնի Կայսերական քոլեջի մասնագետների, նահանգների գրեթե կեսից ստացվող տվյալները թույլ են տալիս ասել, որ այնտեղ հիմա ոչ թե հիվանդության առանձին դեպքեր են, այլ հենց էպիդեմիա է։

Կարանտինի խստացումների չհաշվարկված չեղարկումներից բխող երկրորդ ալիքի վտանգի մասին է խոսել նաև ԱՀԿ ավագ համաճարակաբան Մարիա Վան Կերկոֆը. - «Բոլոր երկրները պետք է զգոն լինեն, պետք է պատրաստ լինեն անցկացնել արագ թեստեր, նույնիսկ, ինչպես Մայք Ռայանը նշեց՝ այն երկրները, որոնք հաջողության են հասել և զսպել են վարակը։ Պետք է նախապատրաստվեն նույնիսկ այն երկրները, որտեղ ախտահարումների թիվը նվազում է»։

Նոր վակցինայի փորձարկման առաջին փուլը կամփոփվի հուլիսին

Մինչդեռ, մոլորակի առաջատար լաբորատորիաները շարունակում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու աշխատանքը։

Novavax ամերիկայն բիոտեխնոլոգիական ընկերությունը կլինիկական փորձարկումներն Ավստրալիայում է անցկացնում։ Ծրագրին արդեն միացել են կամավորներ, նախնական արդյունքները, ենթադրաբար, կամփոփվեն այս տարվա հուլիսին։

«Այս փորձը շատ արագ կընթանա, ամեն ինչ պատրաստ է, պատրաստ ենք անցկացնել անալիզները։ Հենց տեսնենք արդյունքը, անմիջապես կանցնենք երկրորդ փուլին։ Կտեսնենք՝ արդո՞ք վակցինան կկանխի SARS COVID 2 տեսակի հիվանդության հետ առնչվող այս հիվանդությունը», - ասել է Novavax ընկերության գիտնականների խմբի ղեկավար, դոկտոր Գրեգորի Գլենը։

Վակցինայի թեկնածու նյութն ունի բարդ տեխնիկական հապավում՝ NVX-CoV2373։ Ամերիկացի և ավստրալացի գիտնականները դրան ավելացնում են Matrix-M կոչվող ադյուվանտը։

Ադյուվանտների նշանակությունը ոչ թե տկարացած իմունային համակարգի առողջացումն է, այլ առողջ օրգանիզմում իմունային արձագանքի կարգավորումը։

Տվյալ դեպքում Matrix-M ադյուվանտը պետք է հակամարմինների արտադրությունն ավելացնելով՝ զսպի իմունիտետի հզորությունը, ինչն օրգանիզմին կշնորհի վիրուսի դեմ առավել երկարատև և հուսալի պաշտպանություն։

XS
SM
MD
LG