«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «ԵԽ ԽՎ Մոնիտորիգի հանձնաժողովի ընդունած բանաձեւի նախագիծը արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ հանգիստ չի տալիս ոմանց: Ինչ է արձանագրվել Մոնիտորինգի հանձնաժողովը բանաձեւի նախագծում. «Վեհաժողովը համարում է, որ վերջին համաներումը, 2008-ի մարտի 10 մահվան դեպքերը նորովի հետաքննելու ազդակը եւ ընդդիմության եւ իշխանության միջեւ կառուցողական երկխոսություն սկսելու արդյունքը նշանակում է, որ 2008-ի մարտի դեպքերի էջը կարող է վերջապես համարվել փակված»,- նշված է նախագծի 11-րդ կետում: [...] Մինչ օրս էլ ՀԱԿ-ը շարունակում է գլուխ գովել, թե նախագահը կատարեց իրենց բոլոր պահանջները: Հայտարարված համաներմամբ «քաղբանտարկյալները» ազատ արձակվեցին, նախագահի հանձնարարությամբ վերսկսվեց «Մարտի 1»-ի գործի քննությունը, ինչից հետո մեկնարկեց ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը, որը եւս Տեր-Պետրոսյանը համարում էր իրենց «նվաճումը», «ձեռքբերումը»: Այս ամենից հետո ի՞նչ էր մնում անելու Վեհաժողովին, եթե ոչ եզրակացնելու, որ կարելի է այլեւս «Մարտի 1»-ի էջը փակված համարել»: