Մատչելիության հղումներ

Թեւան Պողոսյան․ «Ադրբեջանին ուղերձ է հղվում, որ ուժի դիրքերից միայն ինքը չէ, որ կարող է հանդես գալ»


Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսում մասնակցել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելությանը
Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսում մասնակցել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելությանը
Չեմ կարծում, որ նախագահը խստացրել է իր շեշտադրումները Միացյալ Նահանգներում ունեցած իր ելույթներում, իսկ ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հռետորաբանության կոշտացումն իրականում տեղի է ունեցել շատ ավելի վաղուց՝ կազանյան հանդիպումից հետո։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության եւ ամերիկահայ կազմակերպությունների կողմից Նյու Յորքում կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթը։

Նախագահը, մասնավորապես, նշել էր, թե «Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս իրականացրած գործողություն՝ կարագացնի մեր կողմից ԼՂՀ ճանաչումը»: Իր ելույթի մեկ այլ հատվածում Սարգսյանը ձեւակերպել էր․ - «Ղարաբաղի անկախությունը, նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը որեւէ դեպքում չեն կարող հարցականի տակ դրվել»։

Բանակցություններն, անշուշտ, հարկ է շարունակել ցանկացած, այդ թվում՝ դիրքորոշումների կոշտացման պարագայում, քանի որ դա առնվազն պատերազմից խուսափելու հնարավորություն է տալիս, ասում է Թեւան Պողոսյանը։

Նա վերջին օրերին հայկական կողմից հնչող բարձր մակարդակի հայտարարությունների հիմքում նաեւ 20-ամյա պետականության գիտակցման ու արժեւորման տարրեր է նկատում։ Ըստ այդմ, Ադրբեջանին ուղերձ է հղվում առ այն, որ ուժի դիրքերից միայն ինքը չէ, որ կարող է հանդես գալ։

«Նույն ռազմական շքերթը ապացուցեց այն, որ այլեւս Հայաստանում բոլորին վախեցնել, որ Ադրբեջանը վաղը, մյուս օրը պատերազմ կսկսի, պետք է ինչ-որ խնդիրներ լուծել, իրական չէ», - կարծիք հայտնեց Թեւան Պողոսյանը։

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անհամաձայնություն հայտնեց Ղարաբաղը ճանաչելու սպառնալիքը քաղաքական գործիք դարձնելու մարտավարությանը։

«Միշտ այն բանի կողմնակիցն եմ եղել, որպեսզի Հայաստանը սկսի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթաց։ Բայց երբ ամեն անգամ, երբ Ադրբեջանը ինչ-որ խնդիր է բարձրացնում, կամ ինչ-որ գործողությունների է դիմում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Հայաստանի կողմից դարձնել որպես կանխարգելիչ հակափաստարկ, ես դա գնահատում եմ որպես հարցի էժանացում», - նշեց Արման Մելիքյանը։
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG