Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Քսանամյակը լուրջ եւ պարտադրող տարեդարձ է»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ երեքշաբթի երեկոյան տոնական ընդունելություն էր հրավիրել Ազգային պատկերասրահում, որին մասնակցել են Հայաստանի քաղաքացիական հասարակության` քաղաքական կուսակցությունների, զանգվածային լրատվության միջոցների, Հանրային խորհրդի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

«1991 թվականի սեպտեմբերի 21-ին մենք հայոց պատմության նոր էջ ենք բացել, որտեղ այսօր բոլորս միասին ենք գրառումներ ավելացնում: Գրառում ենք` ծառայելով, ուսուցանելով, ստեղծագործելով, որոշումներ կայացնելով, ընդդիմախոսելով ու սխալները մատնացույց անելով, լուսաբանելով, բերք ու բարիք աճեցնելով կամ բժշկելով», - երեկվա իր տոնական ելույթում պատկերավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Հանրապետության նախագահը շարունակել է․ - «Միասին արդեն շարադրել ենք արցախյան փառահեղ տողերը, զարգացող հասարակական-քաղաքական միջավայրի, ժամանակակից պետությանը վայել ինստիտուտների կայացման անշրջելի ուղին եւ երիտասարդ երկրի` առաջ նայելու վստահության վկայագիրը: Սակայն, հաճախ այդ «գրառումները» նաեւ աղքատության, ոտնահարված իրավունքների կամ սոցիալական դժվարությունների մասին են, որոնք դեռ իրենց հերքման նախադասությունների ավարտին են սպասում: Այդ նախադասությունների վերջակետն էլ ենք մենք միասին դնելու, վստա՛հ եմ դրանում»:

Սերժ Սարգսյանի ձեւակերպմամբ, քսանամյակը լուրջ եւ պարտադրող տարեդարձ է, որին մեր ժողովուրդը հասել է դժվարին ու պատվաբեր ուղի անցնելով:

«Այս տարիներին ազգովին ապրել ենք նվաճումների բերկրանքը: Ունեցել ենք եւ դառը կորուստներ, սակայն երբեք չենք կորցրել անկախության հետ ծնված մեր կարեւորագույն ձեռքբերումներից մեկը՝ մեր կյանքում առկա թերությունները բաց ու ազատ բարձրաձայնելու իրավունքը», - ասել է Հանրապետության նախագահը՝ հավելելով․ - «Թերություններն ու դժվարությունները կարող են թեւաթափ անել ցանկացած` անգամ ամենակուռ հասարակությանը, եթե չկա դրանք վերացնելու ու հաղթահարելու կարողության ու կամքի հանդեպ վստահություն: Եթե հասարակության մեջ բացակայում է փոխադարձ վստահությունը, ապա մարդիկ ոչ թե մեջք մեջքի տված դիմակայում են մարտահրավերներին, այլ հաճախ կասկածանքով, երբեմն էլ ատելությամբ շրջվում են՝ մարտահրավերները թողնելով հենց թիկունքին: Ավելի քան ակնհայտ է. ջանք չպետք է խնայել մեր հասարակության բոլոր անդամների միջեւ փոխադարձ վստահությունն ամրապնդելու համար: Սա հավասարապես վերաբերում է բոլորիս»:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ վերջին երկու տասնամյակների ընթացքում երկրում մրցակցային քաղաքական մշակույթ ձեւավորելու կարեւորությանն ու արձանագրել․ - «Սակայն յուրաքանչյուր մրցություն, քաղաքական մրցակցություն չի կարող երկիրը մղել դեպի լավագույն ուղի, եթե մրցողները նպատակները ստորադասում են միջոցներին, եթե մրցողները ընտրություն չեն դնում միջոցների միջեւ, եթե մրցում են հանուն մրցության, եթե հաղթում են միայն հաղթելու համար: Ուստի քաղաքական մրցակցությունը պիտի ընթանա քաղաքական համագործակցության հետ ձեռք ձեռքի տված: Մրցակցության ու համագործակցության համատեղ արահետը, սակայն, նեղ է ու փխրուն, իսկ ազգակործան անդունդի եզրերը՝ լայն, բազմաթիվ ու սայթաքուն: Այն անցանելի է միայն նրան, ով իմաստնացել է պայքարում, ով այդ անդադար պայքարում կարողացել է կանգ առնել ու ձեռք մեկնել մրցակցին, ում մարտական կոչը չի վերածվել ատելության անեծքի, ում հասանելի է Արտավազդ արքայորդու բերանով պատմահոր հնչեցրած մտքի խորհուրդը` ավերակաց վրա իշխելու դատապարտվածի հավերժական խարանը»:

«Այսօր կարող ենք հպարտանալ մեր պետականության հասունությունը հավաստող ձեռքբերումներով: Մենք կարողացանք ոչ միայն դնել մեր երկրի պետականության հիմքերը, այլեւ ամուր վերնաշենք սկսել: Մեր քաղաքական կուսակցություններն ու հասարակությունը կարողացան բազում դժվարություններով անցնել կայացման ուղին, գտնել քաղաքական մրցակցության ու համագործակցության ճանապարհն ու առաջ շարժվել», - նշել է նախագահ Սարգսյանը։ - «Այսուհետ եւս իրավունք չունենք շեղվելու այդ ուղուց: Պիտի մրցենք, սակայն ձեռք ձեռքի տված: Պիտի պայքարենք քաղաքական հարթակում, սակայն հարթակից երբեք չգլորվելով ու ցած չգլորելով հարթակն ու ժողովրդին»։

Ամփոփելով իր խոսքը՝ նախագահը իբրեւ անկախության կարեւորագույն ձեռքբերում է նշել անկախության սերնդի ամրացումը․ - «Անկախության սերունդը, որը պարտավոր է եւ լինելու է մտավոր կապանքներից զերծ, լինելու է ավելի ազատ ու առաջադեմ, ավելի ունակ ու նպատակասլաց: Մենք, նրանց ծնողները, ավագ սերունդը, ում ուսերին ծանրացավ պետականաշինության ու բանակաշինության հոգսը, ում բաժին ընկավ կրելու փոխակերպումների ծանրությունը, առավել քան հպարտ ենք տեսնելու ու ողջունելու նոր սերնդի արշալույսը»։
please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG