Մատչելիության հղումներ

Դավիթ Բաբայան. «Ագրեսորը ավելի զսպված կզգա իրեն»





Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից անօդաչու ինքնաթիռի ոչնչացման հետ կապված իրադարձությունները, դրանք որակեց որպես «շատ կարեւոր փաստարկ եւ նյութական ապացույց» առ այն, որ Ադրբեջանը խախտում է զինադադարը:

«Որովհետեւ այդ ինքնաթիռի մնացորդները գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, որն իրոք փաստում է, որ Ադրբեջանը կիրառում է այդ ինքնաթիռները եւ պարբերաբար խախտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային սահմանը», - ընդգծեց Ղարաբաղի նախագահի խոսնակը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից չորեքշաբթի օրը հայտնեցին, որ սեպտեմբերի 12-ի վաղ առավոտյան Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի անօդաչու թռչող սարք: Հաղորդագրության համաձայն` խփված ինքնաթիռի մասերը գտնվում են Պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների տրամադրության տակ:

«Իմ կարծիքով` սա կունենա քաղաքական տեսանկյունից երկու կարեւոր հետեւանք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը. - «Նախ եւ առաջ, ագրեսորը ավելի զսպված կզգա իրեն, որովհետեւ նման ռազմական տեխնիկայի ոչնչացումը ցույց է տալիս նաեւ մեր բանակի տեխնիկական հագեցվածության աստիճանը, ինչը, իհարկե, բավականին սթափեցնող ազդեցություն կունենա Բաքվի պահելաձեւի վրա: Երկրորդը, ինձ թվում է` ավելի շուտ քաղաքական-իրավական դաշտում է ունենալու իր ազդեցությունը»:

Նա մանրամասնեց. - «Մինչ այժմ, մենք բոլորս գիտենք, որ ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության գոտում գոյություն ունի ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելություն, որի ղեկավարն է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Ցանկացած խախտման մասին նա տեղյակ է եւ իրազեկվում է: Եվ սա նշանակում է, որ դիտորդական առաքելությունը երեւի թե պետք է է'լ ավելի խստացնի, գուցե նաեւ ընդլայնի, տեխնիկապես ավելի հագեցնի իր գործունեությունը, որովհետեւ մինչ այժմ այդ առաքելությունը հիմնականում դիտարկում էր, օբյեկտիվ պատճառներով, զինադադարի ռեժիմի խախտումը հասարակ զինատեսակների պարագայում` տարբեր տիպի կրակոցներ, դիպուկահարների գործողությունները: Բայց հիմա մենք տեսնում ենք, որ արդեն տեխնիկական մի նոր շերտի հետ մենք գործ ունենք, եւ այստեղ, իհարկե, պետք է, իմ կարծիքով, համապատասխան հետեւություններ անի նաեւ միջազգային հանրությունը»:

Ղարաբաղի նախագահի խոսնակի կարծիքով` «պետք է նաեւ ավելի մեծ ուշադրություն դարձվի քաղաքական բաղադրամասի վրա, այն է` Ադրբեջանում իրականացվող այդ հակահայկական, նացիստական նույնիսկ գաղափարախոսությունը, որովհետեւ սա այդ խախտման` ոչ միայն զինադադարի, այլ ընդհանրապես կայունության եւ խաղաղության խախտման ամենաբարձր ոլորտն է. դրանից հետո նա իր ազդեցությունն է գործում նաեւ ավելի ցածր կարգի խախտումների վրա, մասնավորապես` կրակոցները եւ այլն»:

«Ինձ թվում է, որ այստեղ միջազգային հանրությունը պետք է կտրուկ վերանայի իր քաղաքականությունը եւ ավելի գործնական քայլեր ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ», - ամփոփեց Դավիթ Բաբայանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդագրությունից միայն մեկ օր անց պաշտոնապես արձագանքեց դրան` հայտարարելով, թե «Ադրբեջանը որեւէ առնչություն չունի» խփված անօդաչու թռչող սարքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG