Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 8-ի մամուլ


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի փայլուն հաղթանակի առիթով «Ժամանակ» թերթի մեկնաբանը գնահատում է. - «Ի դեմս ֆուտբոլային այդ իրադարձության, մենք փաստացի ստանում ենք ազգային համախմբման եւ միասնականության բանաձեւի բաղադրիչները` աշխատանք, նվիրում, կամք եւ արդարություն: Կկարողանանք մենք ապահովել այդ բաղադրիչները մեր կյանքի որեւէ բնագավառում, ուրեմն կկարողանանք համախմբել, իրապես համախմբել հայկական ներուժը, համազգային էներգիան եւ հասնել իսկապես տպավորիչ արդյունքների: Չենք կարողանա, ուրեմն ինչքան էլ ամպագոռգոռ բառեր հնչեցնենք եւ ելույթներ ունենանք, միեւնույն է, ազգային ներուժը մնալու է չիրացված, մսխվելու է ժամանակի եւ տարածության մեջ»:

«Հրապարակ» օրաթերթը զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: «Ինչի՞ հետ եք կապում վերջին արդյունքները եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք ազգային ընտրանուց» հարցին Հայրապետյանը պատասխանում է. - «Մեր հավաքականից ակնկալիքներս այն է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ հաղթենք բոլոր խաղերը, այդ դեպքում առաջին անգամ պատմության մեջ կհայտնվենք Եվրոպայի առաջնությունում, ինչը շատ մեծ հաղթանակ կլինի»: Հարց. - «Իսկ կկարողանա՞ հավաքականը նույն որակներով հանդես գալ Մակեդոնիայի հետ խաղում»: Պատասխան. - «Ես չեմ կարծում, այլ համոզված եմ, որ մենք ավելի լավ խաղ կխաղանք, ու կլինի ավելի փայլուն»:

«Երկիր» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Չնայած սենսացիոն, ինչ-որ տեղ ցնցող բացահայտումներին` «Վիկիլիքս»-ի գաղտնազերծումների արդյունքում «մերկացվողները» բացահայտումներն ընդունում են, կարծես, իբրեւ օրինաչափություն, սովորական երեւույթ: Բոլորն իրենց համոզում են, թե իբր դրանք ո՛չ պաշտոնական եւ ո՛չ հավաստի տեղեկություններ են, այսինքն՝ սուտ են: Բայց եթե սուտ են՝ ինչո՞ւ չեն հերքվում: Սա այն դեպքն է, երբ հավատում ես ոչ թե քեզ մատուցված ակնհայտ իրողություններին, այլեւ դրանք չտեսնելու տալու կարողությանը: Բայց իրավիճակի ողջ անհեթեթությունն այն է, որ տվյալ դեպքում դա ոչ միայն պատասխանատվությունից խուսափելու միջոց է, այլեւ՝ փրկօղակ: Անգամ անհնար է երեւակայել, թե ինչ կկատարվեր, ասենք, Հայաստանի ներքաղաքական դաշտում, հասարակական կյանքում, եթե մոտեցումն այդ փաստերին արհեստական անլուրջ չլիներ: Իշխանական համակարգը, քաղաքական, հասարակական ուժերը կփլուզվեին, առնվազն վստահության դեֆիցիտ, վակուում կառաջանար: Ու թեեւ ո'չ ոսկին տվող կա, ո'չ էլ` թագավորության կեսը, բայց հանգիստ ապրելու համար ավելի լավ է իրականությունն իբրեւ սուտ ընդունել: Հիմա դրանից վնաս չկա»:

Նախկին պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր միավորման ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը «Հայկական ժամանակ» օրաթերթում գրել է. - ««Հայ ազգային կոնգրես - իշխանություն բանակցությունների անորոշ դադարը վերջնականապես ապացուցեց, որ այս իշխանությունների հետ անհնար է երկխոսությամբ հարցեր լուծել: Իշխանությունները յուրովի օգտագործեցին երկխոսության ժամանակահատվածը` կազմավորելով ընտրական հանձնաժողովներ: Անտեսելով իրենց իսկ կողմից վերջերս «բարեփոխված» Ընտրական օրենսգրքի պահանջները, նախկին մեթոդներով եւ հիմնականում նախկին մարդկանցով համալրելով ընտրական հանձնաժողովները, նրանք ցույց տվեցին, որ նախապատրաստվում է հերթական ընտրակեղծարարությունը: Ստացվում է, որ եթե անգամ տեղի ունենան երկար սպասված արտահերթ ընտրությունները, միեւնույն է, իշխանություններն ամեն կերպ ձգտելու են փորձված մեթոդներով` լցոնումներ, ահաբեկումներ, համատարած ընտրակաշառքներ եւ թվանկարչություն, լուծել իրենց վերարտադրման խնդիրը, որ մենք ազգովի երբեք չպետք է թույլ տանք»:

«Առավոտ»-ը գրում է. - «Նախօրեին Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները մոտեցել են Տիգրան Մեծի փողոցում կայանած մի քանի տաքսու վարորդների եւ տեղեկացրել, որ այսուհետեւ պետք է տարեկան 10 հազար դրամ վճարեն Երեւան քաղաքում տաքսի վարելու իրավունք ստանալու համար: Այս «բարի լուրը» պարզապես վրդովեցրել է տաքսիստներին: Նրանց կարծիքով, ՀՀ կառավարությունը դեռ մի խնդիրը չլուծած` նոր խնդիրներ է ստեղծում տաքսի վարողների համար: Ըստ նրանց, առանց այն էլ այսօր շատ անհատ եւ դեղին պետհամարանիշով տաքսիներ անհավասար պայմաններում են աշխատում, այժմ էլ քաղաքապետարանը տաքսիստների համար նոր հարկատեսակ է սահմանում»:

«Հայոց Աշխարհ» թերթն անդրադառնում է Հայաստանի օլիգարխիկ համակարգին եւ նշում. - «Մեր խնդիրը անհատապես օլիգարխները չեն, այլ բուն հայրենի օլիգարխիան, որը գավառական է, շահամոլ ու անհաջողակ։ Եվ լուծել այս խնդիրը պետք է բնավ ոչ «հեղափոխությամբ», որը լավագույն դեպքում կհանգեցնի մրցակցային օլիգարխիայի ժամանակավոր վերականգնման՝ իր բոլոր այլանդակություններով հանդերձ: Օլիգարխիան լավագույն բանը չէ, պարզապես դեպքերի բացարձակ մեծամասնությամբ այն միակ հնարավորն է»։
please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG