Նոյեմբերի 20-ի մամուլ
«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Գուցե շատ պարզունակ թվա, բայց երբ մեր երկրի առաջին դեմքերի այցելությունների գրաֆիկին ես հետեւում, շատ տխուր պատկեր է ի հայտ գալիս` գրեթե բոլոր շփումները մեր ավագ եղբոր հետ են, մեր հյուսիսային հարեւանի հետ, եւ աշխարհը մի տեսակ դուրս է մնացել մեր տեսադաշտից: Մեկը մյուսի հետեւից պատվիրակություններ են մեկնում Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ: Մեզ ամենից շատ այցելում են նույնպես այդտեղից, պայմանագրեր են կնքում, ներդրումներ անում, ընկերություններ առնում, վարկ վերցնում, ծրագրեր մշակում, եւ բոլորը` Ռուսաստանից, Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանի համար: Սա, անշուշտ, այդքան վտանգավոր չէր լինի, եթե երբեմն այս շփումներին հակակշռեին Արեւմուտքի հետ փոխայցելությունները եւ արեւմտյան կապիտալի ու քաղաքականության հետ առնչությունները: Սակայն երբ երեկ հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին չի մասնակցելու, պարզ դարձավ, որ հավասարակշռությունը այլեւս անդարձ խախտված է: Ավելին, տպավորություն է ստեղծվել, թե Սերժ Սարգսյանի` Լիսաբոն չմեկնելու որոշումը կայացվել է 2 օր առաջ` Մոսկվայում, եւ Պուտին-Մեդվեդեւ զույգն են այս որոշման հեղինակները»: