Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 21-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Երեկ երեկոյան իշխանական շրջանակներում չէին բացառում, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հոկտեմբերի 5-ին նախատեսված նիստի ընթացքում Հայաստանի հարցի լսումը կարող է տապալվել: Բանն այն է, որ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով շվեդ համազեկուցող Գորան Լինդբլադը սեպտեմբերի 19-ին Շվեդիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հնարավոր է խորհրդարան չմտնի: Համենայնդեպս, երեկ երեկոյան, ինչպես թերթին փոխանցեց Շվեդիայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը, Լինդբլադը դեռ անցողիկ տեղում չէր: ԵԽԽՎ-ում մեր երկրի հարցով համազեկուցողը ներկայացնում է չափավոր կուսակցությունը եւ պատգամավոր պետք է ընտրվի (կամ չընտրվի) Գյոթեբորգի շրջանից: Եթե Լինդբլադին չհաջողվի կրկին մտնել շվեդական խորհրդարան, նշանակում է, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հոկտեմբերի 5-ին նախատեսված նիստի ընթացքում Հայաստանի հարցը չի քննարկվի` համազեկուցողի բացակայության պատճառով»:

Lragir.am-ի մեկնաբանը գրում է. - «Սուրբ Խաչի պատարագը քարոզչական աղմուկ-աղաղակից զատ, դրանից դուրս, ի ցույց դրեց այն հակադիր մտածողությունը, պատկերացումների, աշխարհայացքի, արժեքների, առաջնահերթությունների այն բեւեռացված տարբերությունները, որ կան հայության տարբեր հատվածների միջեւ: Երբ հայության մի մասը Արագածի գագաթին եւ Ծիծեռնակաբերդում ինչ որ բաներ էր անում այդ օրը, իբր թուրքերի դեմ, մեկ այլ մասը փաստորեն Աղթամարում էր եւ գոհ էր այնտեղ լինելուց եւ այնտեղ կատարվածից: Դժբախտաբար, այդ բեւեռացվածության երեւույթը կարծես թե ոչ թե արժանանում է լուրջ ուշադրության եւ քննարկման, այլ ստորադասվում է քարոզչական աղմուկին: Մինչդեռ Թուրքիայի դեմքը «պատռելուց» ավելի կարեւոր է ձեւավորել մեր, հայության, հայկականության դեմքը, մտածել մեր ամբողջական դեմքի մասին, այն մասին, թե որտեղ եւ ինչ հարցում է պետք ներկայանալ ամբողջական դեմքով, եւ որ հարցերն են, որ դա ամենեւին էլ պարտադիր կամ էական չէ»:

«Հրապարակ»-ը գրում է, թե իր տեղեկություններով` վերջապես Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կփոխարինվի այլ անձով։ «Սակայն Լիսկային ոչ թե «թոշակի» են ուղարկում, այլ նոր աշխատանք են առաջարկում», - շարունակում է թերթը: Ըստ հրապարակման` էներգետիկայի նախարարության կազմից առանձնացվելու է նրա ստորաբաժանումներից մեկը եւ ընդերքի նախարարություն է ձեւավորվելու, իսկ նախարար նշանակվելու է Սյունիքի նախկին մարզպետը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG