Մատչելիության հղումներ

Վերանորոգումից հետո բացվեց խորհրդարանի նիստերի դահլիճը


Ազգային ժողովի վերանորոգված դահլիճի բացման հանդիսավոր արարողությունը: 22-ը հոկտեմբերի, 2010 թ.:
Ազգային ժողովի վերանորոգված դահլիճի բացման հանդիսավոր արարողությունը: 22-ը հոկտեմբերի, 2010 թ.:

Երկարատեւ վերանորոգումից հետո ուրբաթ օրը պաշտոնապես բացվեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճը: Արարողությանը մասնակցեցին նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

Վերանորոգման աշխատանքները սկսվել էին այս տարվա մայիսից, ծախսվել է 480 միլիոն դրամ:

Ժողովարանն ամբողջովին վերափոխվել է. մի կողմից` դարձել է ավելի ճոխ ու ազդու, մյուս կողմից` ավելի գործնական: Բոլոր պատգամավորները այժմ հնարավորություն ունեն տեղից օգտվելու համակարգիչներից, մոնիտորներից ու միկրոֆոններից:

Դահլիճը փոխել է իր ձեւը` ուղղանկունից դարձել է օվալաձեւ: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջույնի խոսքում դա համեմատեց Արթուր արքայի «Կլոր սեղանի» հետ` նշելով, թե այն ապահովում է քննարկումների ավելի ժողովրդավարական մթնոլորտ:

«Վաղուց ի վեր կլոր սեղանը համարվում է համագործակցության, նպատակամետ քննարկումների խորհրդանիշ... Կլոր սեղանի շուրջ նստածները հավասարապես իրավազոր եւ պատասխանատու են ընդունված որոշումներ համար», - ասաց Ազգային ժողովի նախագահը:

Իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասաց. - «Յուրաքանչյուր խորհրդարան կոչված է ներկայացնելու իր ժողովրդի կամքը, ընտրողների բոլոր շերտերը, նրանց շահերը, հույսերն ու իղձերը: Ընտրելով մեր հասարակական եւ քաղաքական կյանքի կազմակերպման ժողովրդավարական ճանապարհը` մենք եւս որդեգրել ենք հայտնի չափանիշներով առաջ շարժվելու ուղին: Անչափ կարեւորում եմ Հայաստանի ժողովրդի խորապես մտածված եւ կշռադատված այդ ընտրությունը: Այս ճանապարհին շատ բան արդեն արել ենք, սակայն դեռեւս ավելի շատ բան ունենք անելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG