Մատչելիության հղումներ

Օգոստոսի 28-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը ասում է. - «Վերջին 1-2 ամսում քաղբանտարկյալների թեման կարծես թե մարել է: Գուցե արձակուրդներն էին պատճառը, սակայն պետք է հաշվի առնել, որ ապօրինի եւ անարդար դատապարտված տղաները շարունակում են նստել` առանց արձակուրդների: Եվ ահա այս թեմային անդրադարձան, այսպես ասած, «դրսից»: Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին «անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»: Թող ինձ ներեն հարգարժան եվրոպացիները, բայց ես այդ կոչերում երեսպաշտության որոշակի տարր եմ տեսնում: Ակնհայտ է, որ մարտի 1-ի իրադարձությունները ու քաղբանտարկյալների առկայությունը 2008-ի նախագահական ընտրությունների հետեւանք են: Ինչպե՞ս է նույն Եվրոպայի խորհուրդը արձագանքել այդ ընտրություններին: Նրանք փաստորեն փառաբանեցին ընտրությունները` «քարտ-բլանշ» տալով իշխանություններին հետագա բռնությունների եւ ռեպրեսիաների համար»:

«Հրապարակ»-ի թղթակիցը տեղեկացնում է. - «Գյումրու բազմաշնորհ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, պարզվում է, ոչ միայն Գյումրու հավերժ քաղաքապետն է, այլեւ Եզնիկ Կողբացու իրական հետեւորդ: Անմնացորդ ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը քաղաքապետի դժվարին աշխատանքը համադրում է հոգեւոր գործունեության հետ` «հավատքի վերաբերյալ» գրքեր է հրատարակում: Առաջիկայում լույս կտեսնի Վարդան Ղուկասյանի հոգեւոր երկրորդ գիրքը: Այդ գիրքը պարոն Ղուկասյանն անվանակոչել է «Եղծ աղանդոց»: Վարդան Ղուկասյանը իրականում սկսել է ազգի եւ Առաքելական եկեղեցու առողջացման ծրագիր եւ որոշել է իր հոգեւոր երկերով պայքարել աղանդների դեմ: Այլ հարց է, թե ովքեր են պարոն Ղուկասյանի պատկերացմամբ աղանդները, հաստատ ցեղակրոն նժդեհականները չեն»: «Ճիշտն ասած` Սուրբ գրքերը, երբ որ մենք նմանատիպ ձեւով հրատարակում ենք, դա ծաղկաքաղ է արվում վարդապետների մեկնություններից», - թերթի հետ զրույցում բացատրել է քաղաքապետը: «Ես ուղղակի ցավում եմ Ձեր անտեղյակության վրա, որ էդտեղ շատ բաներ չգիտեք: Դուք կարդացե՞լ եք «Առաքելական եկեղեցու վարդապետությունն ընդդեմ աղանդավորական մոլորության» գիրքը», - հանդիմանելով` հարց է ուղղել քաղաքապետը: «Պարզվում է` այդ գիրքը եւս Վարդան Ղուկասյանն է գրել», - նշում է թերթը:

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայ - ռուսական համաձայնագրի շուրջ ծավալված քննարկումների առանցքում, թերեւս, պետք է լինի ոչ թե այն, թե ինչքանով էր տեղի ունեցածը լավ կամ վատ, ինչքանով էր պետությանը պետք եւ ինչքանով իշխանությանը, այլ թե ինչո՞ւ անկախության 20-րդ տարում մեր անվտանգությունն առավել ամրանալու, անվտանգությունն ապահովելու հարցում առավել ինքնուրույն դառնալու փոխարեն, Հայաստանը դարձավ առավել խոցելի եւ ստիպված եղավ առավել բացահայտ դիմել Ռուսաստանի պաշտպանությանը: Կամ` ինչո՞ւ Հայաստանը չկարողացավ հրաժարվել Ռուսաստանի այդօրինակ պաշտպանությունից, ինչի համար Հայաստանն անկասկած ինչ-որ բանով վճարելու է, քանի որ «ձրի պանիրը լինում է միայն մկան թակարդում»: Խնդիրն այն է, թե արդյո՞ք Հայաստանը ունակ է փոխվել: Այս Հայաստանը չի կարող լինել ինքնուրույն, չի կարող լինել ինքնավստահ: Այս Հայաստանի ապագան Ռուսաստանի գերիշխանության տակ ավելի ու ավելի խորը թաղվելն է: Այս խորությունից կարող է դուրս գալ միայն այլ, ուրիշ, նոր Հայաստանը, վերափոխված Հայաստանը»:

«Հայոց Աշխարհ»-ը «Օրինաց երկիր» կուսակցությունից պատգամավոր Հեղինե Բիշարյանին հարցրել է. - «Ադրբեջանի կողմից C-300 ձեռք բերելու դեպքում չի՞ խախտվի արդյոք հավասարակշռությունը ռազմական առումով»: Պատասխան. - «Ընդհանուր առմամբ, մեր տարածաշրջանում երբ որեւէ երկիր նոր սպառազինություն է ձեռք բերում, խախտում է ռազմական հավասարակշռությունը: Նախ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Ադրբեջանի C-300 ձեռք բերելու մասին լուրերը պաշտոնապես հաստատված չեն: Իսկ եթե Ադրբեջանը ձեռք բերի C-300 կայանքներ, ապա, կարծում եմ, այդ համակարգերը նրան չեն տա անհրաժեշտ առավելություն այն պարզ պատճառով, որ դրանք պաշտպանական համակարգեր են»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ռուս - բելառուսական կոնֆլիկտը անձնական, այլ ոչ թե միջպետական է։ «Ռուսաստանի ու Բելառուսի միջեւ ոչ մի կոնֆլիկտ գոյություն չունի։ Այն, ինչ տեղի է ունենում, միանգամայն սուբյեկտիվ է։ Դա անձնական բնույթի կոնֆլիկտ է», - ասել է Լուկաշենկոն` հավելելով, որ «չի արձագանքելու ռուսական լրատվամիջոցների կեղտոտ ելույթներին»` նկատի ունենալով ռուսական HTB հեռուստաալիքի ցուցադրած «Կրյոստնի բատկա» ֆիլմերի շարքը, որոնցում ինքը հանդես է գալիս որպես հոգեպես հիվանդ ավտորիտար ղեկավար։ Բելառուսի նախագահն ասել է, որ անձամբ այդ ֆիլմերը չի դիտել, սակայն նրան պատմել են դրանց բովանդակությունը։ «Այդ ֆիլմն իմ մասին չէ։ Դա նրանց մասին է», - նշել է Լուկաշենկոն` նկատի ունենալով Ռուսաստանի ղեկավարությանը։ Բելառուսի նախագահը նաեւ հայտարարել է, որ պատրաստ է «պրագմատիկ» հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG