Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 19-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Այսօր, կարծում եմ, բոլորին պարզ է, որ ոչ մի արտահերթ ընտրություն չի լինելու: Երկու տարի ընդդիմությունը հույսը կապում էր նրա հետ, որ Սերժ Սարգսյանը ինչ-որ «պարտվողական փաստաթղթեր» կստորագրի, կամ` որ Պուտինն ու Մեդվեդեւը նրան կասեն` «գնա'», բայց ոչ մեկը, ոչ մյուսը, ըստ ամենայնի, տեղի չի ունենա: Ինչպես ասում են, «Մոսկվան դաբրոն տվալ ա»` Ղարաբաղի հարցում չզիջելու եւ իշխանությունից չհեռանալու: Իսկ առանց Արեւմուտքի «դաբրո»-ի մեր իշխանությունը յոլա կտանի: Հետագա սցենարը կանխագուշակելն այդքան էլ բարդ գործ չէ: 2012 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքում (որոնք, բնականաբար, կկեղծվեն) Հայ ազգային կոնգրեսը ԱԺ-ում կունենա 10-15 պատգամավոր` ի դեմս ՀԱԿ-ում ներկայացված կուսակցությունների լիդերների: Բայց սպասեք: Նման բան մի անգամ արդեն տեղի է ունեցել: 2003 թվականի կեղծված նախագահական ընտրություններից հետո տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որտեղ ընդդիմությունից մասնակցում էր «Արդարություն» դաշինքը»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Ըստ երեւույթին իշխանությունը շատ լավ է յուրացրել «Հաց եւ տեսարաններ» հին հռոմեական բանաձեւը, եւ քանի որ հացը աստիճանաբար թանկանում է եւ ավելի ու ավելի դժվարամատչելի դառնում բնակչության համար, իշխանությունը, թերեւս, որոշել է ավելի ու ավելի ցցուն տեսարաններ մատուցել հասարակությունը` հացի խնդիրը լուծելու ակնկալիքով: Ինչքան բնակչությունը տարվի տեսարաններով, այնքան քիչ կհիշի թանկացող հացի, պանրի եւ այլ սննդամթերքների, այլ ապրանքների եւ ծառայությունների մասին: Իսկ ինչքան քիչ հիշի այդ մասին, այնքան քիչ կբողոքի իշխանությունից, սոցիալական ընդվզման հավանականությունն այնքան քիչ կլինի: Իսկ որպեսզի հասարակությունը հանկարծ սոցիալական պատճառներով չընդվզի, կարելի է նաեւ ընդվզումներ բեմադրել իշխանական համակարգում: Օրինակ` Սպարտակը «կընդվզի եւ կապստամբի» «իշխանության» դեմ` ի դեմս Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի: Այդ պատմությունն իսկապես հետաքրքիր ստացվեց»:

«Իրավունք»-ի լրագրողը Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանին հարցնում է. - «Բավականին երկար ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա թիմը իշխանությանը սկսել էին ավելի մեղմաբարո վերաբերվել: Ըստ Ձեզ, ինչո՞ւ նորից «նարնջագույնները» գրոհի անցան: Համ էլ ասում էին, որ իշխանությունն ու «արմատական» ընդդիմությունը համագործակցում էին իրար հետ: Ինչ է, էլ մի հայտարարի չե՞ք գալիս»: Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանում է. - «Եթե ՀԱԿ-ը մեր հետ համագործակցեր, ապա ես, որպես ՀՀԿ փոխնախագահ, այդ մասին պետք է տեղյակ լինեի: Չկա համագործակցություն: Այդ նրանք են ուզում մեզ ներքաշել իրենց խաղի մեջ, ինչը չի ստացվում: Եթե ինչ-որ տեղեր խնդիրներ կան, որոնք արծարծվում են եւ նման են մեր մոտեցումներին, ապա դա չի նշանակում, որ մենք համագործակցում ենք: Մեր կուսակցությունը մոնոլիտ է, եւ մենք մեր ծրագրով ու գաղափարախոսությամբ գնալու ենք մինչեւ 2013-ի ընտրություններ: Իսկ ՀԱԿ-ի մոտ, որն ընդամենը հավաքածու է, արդեն իրենց լիդերի հետ կապված կասկածներ կան: Իսկ տեսե՞լ եք, որ ՀՀԿ-ն բացի Սերժ Սարգսյանից այլ թեկնածուի մասին խոսի: Այսինքն, նրանք իրենց ներսում խնդիր ունեն մրցակցելու, ուր մնաց մեզ հետ մրցակցեն»:

«Հրապարակ»-ը հարցրել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, թե արդյոք նա դեռ համոզված չէ՞` Նիկոլ Փաշինյանի հետ կապված դեպքը տեղի է ունեցել, թե ոչ. - «Ձեզ նաեւ որոշակի ապացույցներ են, չէ՞, փոխանցվել` արյունոտ բծերով սավան, գիշերազգեստ»: Նախարարը պատասխանել է. - «Առայժմ ինձ ներկայացված նյութերով որեւէ լիարժեք փաստ չի վկայում այն մասին, որ նման դեպք է տեղի ունեցել: Մենք հաստատապես պնդում ենք, որ նման դեպք տեղի չի ունեցել: Ինչ վերաբերում է Ձեր կողմից նախանշված, այսպես կոչված` իրեղեն ապացույցներին, այդ մասին խոսվել է բազմիցս, որ դրանք ընդունված կարգով հետազոտվել են: Ավելին, նաեւ նշեմ այն մասին, որ եթե լինեն միջնորդություններ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու, մենք որեւէ խոչընդոտ չենք ստեղծի, եթե նման միջնորդություն իսկապես լինի»: Հարց. - «Եթե արյունոտ սավանը Ձեզ չի համոզում, ի՞նչ պետք է լինի, որ Ձեզ համոզի, որ դեպք է տեղի ունեցել: Այսինքն` արյունոտ դոշա՞կ պետք է լիներ»: Պատասխան. - «Չէ, դժվար»:

«Իրավունք de facto»-ն հարցնում է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին. - «Մի կողմից` Ալիեւի իրար հաջորդող լպիրշ հոխորտանքները, մյուս կողմից, մեր արձագանքը հետագա գործընթացների համար ի՞նչ շարունակություն կարող են ապահովել»: Սահակյանը պատասխանել է. - «Շարունակությունը մեզ համար գոնե լիովին պարզ է ու հստակ. Ղարաբաղն անկախ պետություն է: Պարզապես մենք պետք է այնպես անենք, որ այդ փաստը նաեւ միջազգային հանրությունը ընդունի: Փոքր Ալիեւն իր հոր դրսեւորումների ճանապարհով չգնաց ու խնդիրը տարավ դեպի ազգային ակունքները, ինչը բավականին ծիծաղելի է»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG