Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 4-ի մամուլ


«Կապիտալ»-ը տեղեկացնում է. - «Երեկ «Գազպրոմ»-ի վարչության նախագահի տեղակալ Անդրեյ Կրուգլովը RBC գործակալությանն ասել է, որ 2010 թվականին Հայաստանի, Բելառուսի եւ Մոլդովայի հետ շարունակվել է գազի շուկայական գնագոյացումը։ «Մենք ակնկալում են գազի գների աճ այս տարածաշրջանում։ Ակնկալում ենք այդ երկրների հետ շուկայական գնագոյացման անցնել 2011 թվականին», - ասել է Կրուգլովը։ Նա նշել է, որ ներկայիս կանխատեսումներով` «Գազպրոմ»-ը նախատեսում է, որ այս տարի Եվրոպա արտահանվող գազի միջին գինը կլինի 308 դոլար` 1000 խորանարդ մետրի համար։ Սա գազային հսկայի այս տարվա առաջին հայտարարությունը չէ, որ Հայաստանը պետք է անցնի գազի եվրոպական գների։ Այս տարի ապրիլի 6-ին «Գազպրոմ»-ի Մերձավոր արտասահմանի հետ աշխատանքների վարչության պետ Անատոլի Պոդմիշալսկին ասել էր, որ Հայաստանը պետք է գազը ձեռք բերի «Գազպրոմ»-ի համար եկամտաբեր գնով»: «Եթե հաշվի առնենք, որ [2011 թվականին] գազի միջին եվրոպական գինը կլինի 308 դոլար` 1000 խորանարդ մետրի դիմաց, ապա միայն գազի գործոնով պայմանավորված` Հայաստանի վերջնական սպառողների համար գազը կթանկանա ավելի քան 70 տոկոսով», - հաշվարկել է «Կապիտալ»-ի հոդվածագիրը:

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Եթե իրադրությունը վերլուծենք «Ռեալպոլիտիկի» տեսանկյունից, պետք է խոստովանենք, որ Հայաստանը չի կարող պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների հարթության մեջ` ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության պաշտոնական ճանաչմանը Ադրբեջանի պատասխանը պետք է լինի հարձակումը Ստեփանակերտի ուղղությամբ: Բայց այսօրվա պայմաններում նման բան տեղի չի ունենա, որովհետեւ հայ - ռուսական 49-ամյա պայմանագիրը, որով ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի վրա Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործառույթներ են դրված, որոշակիորեն սառեցրել է Ադրբեջանի պատերազմական կրքերը: Սա նշանակում է, որ հայկական ուղղությամբ ռազմական գործողություններ սկսելուց առաջ Ադրբեջանը պետք է հարցնի Ռուսաստանին եւ ստանա նրա համաձայնությունը: Ասել է, թե այսօրվա դրությամբ Հայաստանի վրա ռազմական հարձակումը կանխող թիվ 1 գործոնը ոչ թե Հայաստանի զինուժի գերակշռությունն է ադրբեջանականի նկատմամբ, այլ ՀՀ-ում ռուսական ռազմակայանին վերապահված նոր լիազորությունները»:

Թեման շարունակում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը. - «Գերտերությունները, որպես կանոն, առանձնապես դեմ չեն լինում «լոկալ պատերազմներին»` պայմանով, որ դրանք մնան վերահսկելիության սահմաններում եւ չվերածվեն տարածաշրջանային մեծ պատերազմների: Միշտ էլ այդպես է. եթե երկու հոգի կռվում են, «կազմակերպիչները» պիտի նախազգուշական միջոցառումներ ձեռնարկեն, որպեսզի այդ կռիվը զանգվածային ծեծուջարդի չվերածվի: Իսկ եթե ադրբեջանցիներն ընդամենը մեկ-երկու ամիս առաջ որոշեին հարձակվել Ղարաբաղի վրա, իրավիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից: Որպեսզի պատերազմը հանկարծ նման սցենարով չզարգանա, «ռեժիսորները» պիտի մի քանի կարեւոր քայլեր կատարեն: Առաջին` հստակորեն արձանագրեն, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է (բայց` միայն իր 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, առանց Ղարաբաղի), որպեսզի ադրբեջանցիների մտքով չանցնի նաեւ Հայաստանի վրա հարձակվել: Երկրորդ` Ադրբեջանին տրամադրել C-300 տիպի հրթիռներ, որպեսզի հայկական զինված ուժերը չկարողանան ծանր օդային հարվածներ հասցնել Ադրբեջանին: Վերջին ամսվա ընթացքում Ռուսաստանը երկու կոնկրետ քայլ է կատարել: Մեկով ապահովագրել է բուն Հայաստանի տարածքը հնարավոր ագրեսիայից, մյուսով ապահովագրել է Ադրբեջանի տարածքը աղետալի հարվածներից»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Հիշում եք, չէ՞, հայկական հայտնի մուլտֆիլմը, որտեղ Աբու-Հասանի մաշիկները մեղավոր ճանաչվեցին ու կախաղան բարձրացան: ՀՀ իշխանությունը նմանատիպ տրյուկ է մտածել ԵԽԽՎ բանաձեւերը չկատարելու, բայց միեւնույն ժամանակ ԵԽԽՎ-ում նոր իմիջով հանդես գալու համար: Այդ պատասխանատու գործը վստահվել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին: Նոր ընտրությունների համար ՀՀ իշխանությունը փորձ է անում «մաքրել» 2008 թվականի ընտրությունների հետքերը: Քանի որ անցած 2,5 տարում երկրի կառավարման եւ ժողովրդավարացման առումով էական փոփոխություններ չեն կատարվել, ուստի իշխանությունը փորձում է 2008 թվականի խայտառակ ընտրությունների մեղքը բարդել անկատար ընտրական օրենսգրքի վրա: Հաստափոր նոր օրենսգիրք է մշակել ու ողջ Ազգային ժողովի անունից ներկայացրել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովին: Ու չնայած ԵԽԽՎ բանաձեւերից որեւէ կետ լիարժեք չի կատարել ՀՀ իշխանությունը, վերարտադրվելու համար պատրաստ է կրկնել Աբու-Հասանի պատմությունը»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Կարծում ենք, Տեր-Պետրոսյանը եւ նրա զինակիցները պետք է խորին շնորհակալություն հայտնեն քաղաքապետարանին` սեպտեմբերի 17-ին Թատերական հրապարակում նախատեսված միտինգը արգելելու համար: Իր այդ որոշմամբ քաղաքապետարանը ստիպեց արմատական վերնախավին մտածել, թե ինչ են անելու սեպտեմբերի 17-ից հետո, երբ արդեն միտինգն ավարտված ու Թատերական հրապարակում հավաքված փոքրիկ բազմությունը ցրված կլինի: Հետոն անորոշ է: Որքան էլ ՀԱԿ-ը հայտարարի, թե ընտրել է «ալիքային ընդվզման ստրատեգիան», դեռ չի նշանակում, թե այդ օրը հրապարակում հավաքվելու է ընդվզողների այնպիսի մեծ բանակ, ինչը տեսնելով կազմակերպիչները կորոշեն անցնել շուրջօրյա միտինգների: Միտինգից հետո ՀԱԿ-ը հերթական անգամ հայտնվելու է անորոշության մեջ` չիմանալով ինչ անել, քանզի հնարավոր չէ ջլատված շարքերով շարունակել պայքարը, եւ հետո` եւս մի քանի ամիս է պետք առաջնորդին, որ պատրաստի հաջորդ ելույթը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG