Վաշինգտոնում գումարվում է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հուլիսի 9-ից 11-ը տեղի կունենա Համագումարների շենքում, Վաշինգտոն, 9 հուլիսի, 2024թ.

ՆԱՏՕ-ի անդամների թիվը նախնական 12-ից հասել է 32-ի

75 տարի առաջ՝ 1949 թվականի ապրիլի 4-ին, հիմնադրվել է արևմտյան 12 պետությունների ռազմական դաշինքը՝ ՆԱՏՕ-ն, որի անդամների թիվն արդեն հասել է 32-ի:

Մոլորակի ամենահզոր պաշտպանական կառույցին միանալու մասին են երազում ևս մի քանի պետություններ, այդ թվում՝ Հայաստանի հարևան Վրաստանը և Ռուսաստանի ագրեսիայի դեմ կենաց-մահու կռիվ տանող Ուկրաինան:

Այս տարի Հյուսիսատլանտյան դաշինքի 75-ամյակը նախ ապրիլի 4-ին նշել են Բրյուսելում՝ կառույցի կենտրոնակայանում, հիմա էլ հոբելյանը նշում են Վաշինգտոնում գումարվող գագաթնաժողովում:

Հիմնական թեման ուկրաինական հակամարտությունն է

Բայց հանդիսավոր միջոցառումներց զատ օրակարգում կան ավելի հրատապ թեմաներ՝ Եվրոպայում լայնածավալ պատերազմ է, հետզհետե հզորանում են Ռուսաստանի քաղաքական և ռազմական կապերը Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ, անհանգիստ է մոլորակի այլ շրջաններում, Եվրամիության տարածքում վերջին ընտրությունների արդյունքները վկայում են առայժմ իշխող ուժերի դիրքերի թուլացման և դրան զուգահեռ՝ ծայրահեղ աջ կամ ձախ շրջանակների ու նույնիսկ Վլադիմիր Պուտինի հետ գործարքին պատրաստ լիդերների դիրքերի ամրապնդման մասին:

Բայդեն-Թրամփ, ընտրության արդյունքը մեծ ազդեցություն կունենա

Թերևս, ամենակարևոր գործոններից մեկը դաշինքի հիմնասյուն Միացյալ Նահանգներում աշնանն անցկացվելիք նախագահական ընտրություններն են: Ո՞վ կհաղթի՝ Ուկրաինային անվերապահորեն սատարող ծերացած դեմոկրատական Ջո Բայդե՞նը, թե՞ նրա ոխերիմ մրցակից, շատ առումներով անկանխատեսելի, հակասական, դատական գործերի մեջ ներքաշված և այդուհանդերձ հանրապետականների շրջանում մեծ հեղինակություն վայելող Դոնալդ Թրամփը:

Նոյեմբերյան ընտրությունների արդյունքը կարող է մեծագույն ազդեցություն ունենալ մոլորակի բոլոր երկրների համար:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես կմեկնի Վաշինգտոն: Բայդենը հայտնել է, թե այս շաբաթ նրան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ղեկավարներին կընդունի Միացյալ Նահանգների մայրաքաղաքում և կվերահաստատի, որ իր վարչակազմն անվերապահորեն սատարում է ուկրաինացիներին: Այդ մասին է երեկ խոսել նաև Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին:

«Հարկ չէ այս գագաթնաժողովի մասնակիցներին հավաստիացնել, թե ամերիկյան ղեկավարությունը և նախագահ Բայդենը նվիրված են Ուկրաինային աջակցելուն: Ընդհակառակը, քննարկումները, որոնք մենք նախապես վարում ենք, վկայում են, որ նրանք ոգևորված են գագաթնաժողովով, հնարավորություններով և այն ամենով, ինչը պետք է անել միասին՝ Ուկրաինային օգնելու համար»,- ասել է Քիրբին:

«Այդ դաշինքի համար Ռուսաստանը թշնամի է»

Մոսկվայում էլ են լուրերի սպասում Վաշինգտոնից: Ռուսներն էլ են հետևում ԱՄՆ-ից ստացվող լուրերին: Այդ մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանը առավելագույն ուշադրությամբ կհետևի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. Դուք գիտեք, որ Հյուսիսատլանտյան դաշինքն այն դաշինքն է, որը Ռուսաստանի Դաշնությանը համարում է իր թշնամին, հակառակորդը։ Սա այն դաշինքն է, որը բազմիցս և բացահայտորեն հայտարարել է իր նպատակը՝ ռազմավարականորեն հաղթել Ռուսաստանին մարտի դաշտում»,- ասել է Պեսկովը:

Նրա փոխանցմամբ, ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ՝ Ուկրաինայի կողմից։ Ուստի, Ռուսաստանում շատ ուշադիր հետևելու են կայանալիք գագաթնաժողովին, հռետորաբանությանը, բանակցություններին և ընդունվելիք որոշումներին:

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցում հիմա չի լինի

ԱՄՆ-ում աշնանը կայանալիք ընտրություններից առաջ վաշինգտոնյան գագաթնաժողովը համաշխարհային քաղաքական ամենախոշոր իրադարձությունն է:

Հիմնականն Ուկրաինայի թեման է: Ակնհայտ է, որ այս փուլում անդամակցում չի լինի: Փոխարենը ՆԱՏՕ-ն կավելացնի օգնության ծավալը: Այդ մասին է անցած ուրբաթ օրն ասել գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք ավելի սերտորեն կաշխատենք Ուկրաինայի զինված ուժերի հետ, այդ թվում՝ Լեհաստանում ՆԱՏՕ-Ուկրաինա համատեղ վերլուծական ուսումնական և կրթական կենտրոնում: Մենք միասին կաշխատենք Ուկրաինան ուժեղացնելու և դաշինքին միանալուն ավելի պատրաստ դարձնելու համար», - ասել է գլխավոր քարտուղարը:

Սա նրա համար վերջին գագաթնաժողովն է: Հոկտեմբերին Ստոլտենբերգին կփոխարինի Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն:

Ե՞րբ սպառազենը կհասնի Ուկրաինա

«Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբան Ռիկարդ Յոզվիակը ենթադրում է, որ դաշնակիցները Վաշինգտոնում կհայտարարեն, որ մտադիր են ավելացնել Ուկրաինա փոխադրվող նոր սպառազենի քանակը:

Յոզվիակի փոխանցմամբ, միակ հարցը, որը հիմա հուզում է Կիևին, այն է, թե որքան արագ այդ զենքը կհասնի արնաքամ Ուկրաինա: