Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գործընկերների հավաքին՝ հուլիսին Վաշինգտոնում


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, 1-ը մայիսի, 2023թ.
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, 1-ը մայիսի, 2023թ.

Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գործընկերների հավաքին՝ Վաշինգտոնում հաջորդ ամիս կայանալիք գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը հայտնել է Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

«Ես ակնկալում եմ, որ երկու երկրներն էլ կմասնակցեն միջոցառմանը, ընդհանուր առմամբ՝ 30 գործընկեր երկիր», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։

Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը, փոխանցում է ՀՀ արտգործնախարարության խոսնակը: Արդյոք Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի հավաքից բացի նաև հայ-ադրբեջանական բանակցություններ կլինեն։ Ըստ Անի Բադալյանի՝ այլ պայմանավորվածություն այս պահին չկա:

Բաքվում գտնվող Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը հանդիպել է նախագահ Ալիևի, արտգործնախարար Բայրամովի հետ, զրուցել լրագրողների հետ:

«Յուրաքանչյուր երկիր ունի ինքնապաշտպանության իրավունք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նույնպես աշխատում է այս ուղղությամբ», - ըստ APA գործակալության, ասել է Օ՛Բրայենը՝ մեկնաբանելով Բաքվի մտահոգությունները Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք վաճառելու վերաբերյալ։

Եվրոպայի գծով ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան անդադարձել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին, նշել, որ ԱՄՆ-ը տեսնում է այդ հնարավորությունը։

«Վերջին տարիների իրադարձությունները նպաստել են նրան, որ Ադրբեջանը առանցքային դեր ունենա այս տարածաշրջանի քաղաքականության վերափոխման գործում, հետևաբար՝ Վաշինգտոնը կարևոր պահ է տեսնում Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար», - ասել է Օ՛Բրայենը:

Փոխպետքարտուղարը խոսել է նաև Միջին միջանցքի մասին, նշել, որ «Ադրբեջանը նույնպես, որպես պետություն, կարող է ընդունել Կասպից ծովով անցնող ապրանքներն ու ծառայությունները և պայմաններ ստեղծել դրանք համաշխարհային շուկա ուղարկելու համար»։ «Այս ճանապարհը կարող է անցնել Վրաստանով, կամ մեծ հնարավորություն կա՝ Հայաստանի և Թուրքիայի տարածքով։ Դա նաև կնվազեցնի տրանսպորտային ծախսերը։ Այս միջանցքի բացումից կշահեն բոլոր երկրները՝ Տաջիկստանից մինչև Թուրքիա։ Մենք հավատում ենք, որ դա պետք է արվի բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, և գիտենք, որ դա կարող է սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնումից», - ադրբեջանական APA լրատվալան գործակալության փոխանցմամբ՝ ասել է Օ՛Բրայենը:

Փոխպետքարտուղարն անդրադարձել է Բաքվում անցկացվելիք COP29-ին և Ադրբեջանի նախագահության թեմային, հայտնել, որ Վաշինգտոնը խորհրդատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերելու Բաքվին COP29-ի անցկացման հարցում։ Ապա հիշեցրել է, որ Հայաստանը ևս աջակցել է Ադրբեջանում COP29-ի անցկացմանը։

Իր հերթին, Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ Բայրամովը և Օ՛Բրայենը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ու հեռանկարները։ Ադրբեջանի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի օգնականին ասել է, թե թեև խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման առումով «զգալի առաջընթաց կա, այնուամենայնիվ, կարևոր է, որ փոխվեն Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներից հրաժարվելու համար»։

Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի Սահմանադրությունում հիշատակված Անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։

Ըստ Ադրբեջանի նախագահի գրասենյակի՝ Ալիևն ու Օ՛Բրայենը ևս անդրադարձել են տարածաշրջանային խաղաղության հարցերին, ամերիկացի պաշտոնյան ընդգծել է Վաշինգտոնի հանձնառությունը այս գործընթացին աջակցելու հարցում։

Ամերիկյան կողմն առայժմ մանրամասներ չի հաղորդել հանդիպումներից։

Երկու շաբաթ առաջ Օ՛Բրայենը Երևանում էր, որտեղ վարչապետի, արտգործնախարարի հետ հանդիպումներից բացի համանախագահում էր ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության նիստը։ Դրա ընթացքում նա կրկին անդրադարձել էր Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ջանքերին, ընդգծել Վաշինգտոնի աջակցությունը, իսկ Երևանում «Ազատությանը» տված հարցազրույցում խաղաողւթյան գործընթացի մասին խոսելիս նշել էր, որ նոր պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի։

«Ինչո՞ւ է ժամանակը: Մեր կարծիքով՝ սերնդի կամ գուցե մի քանի սերնդի ընթացքում մեկ անգամ լինող հնարավորություն կա Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային երթուղի կառուցելու համար: Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ դա կբացի ոչ միայն հիմնական առևտուրը, այլև նոր արդյունաբերությունները այդ երթուղու ողջ երկայնքով», - ասել էր Օ՛Բրայենը՝ շարունակելով. - «Դա կարող է տեղի ունենալ հիմա: Մի քանի տարի անց կարող է այլևս այդքան կարևոր չլինել: Մի քանի տարի առաջ դա հնարավոր չէր: Ես նաև կարծում եմ, որ այժմ հիանալի պահ է, քանի որ այդ երթուղու երկայնքով ընկած երկրները ցանկանում են կրճատել ռուսական ազդեցությունը: Եվ ժողովրդավարական հանձնառությունը, որը մենք տեսնում ենք Հայաստանում, բարեփոխումները, որոնց հայ ժողովուրդը կրկին ու կրկին աջակցել է 2018 թվականից ի վեր, նշանակում են, որ Հայաստանը գտնվում է մի փուլում, երբ կարող է նման որոշում կայացնել»:

Իսկ նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ Օ՛Բրայենը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ մեսիջ է փոխանցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իր Բաքու այցի ժամանակ, նշել էր, որ Բաքու է մեկնում Երևանի հետ խաղաղություն հաստատելու ուղերձով։ «Մենք շատ հստակ ենք նախագահ Ալիևի հետ՝ ժամանակն է խաղաղության», - ասել էր Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG