Պատերազմները Գազայում և Լիբանանում խաթարում են Իսրայելի հարաբերությունները Եվրոպայի հետ

Պաղեստինցիները Գազայի հատվածում բնակելի շենքերին Իսրայելի օդուժի հասցրած հարվածների վայրում

Իսրայելի պատերազմները Գազայի հատվածում և Լիբանանում լարել են այդ երկրի հարաբերություններն ավանդական դաշնակից Եվրոպայի հետ։

Եվրոպական երկրները քննադատում են Իսրայելին՝ պաղեստինյան անկլավում արդեն մեկ տարի շարունակվող ավերիչ պատերազմի և կործանարար օդային ռմբակոծությունների, ինչպես նաև Լիբանան ցամաքային ներխուժման համար:

Եվրոպայում ավելանում են կոչերը Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգո սահմանելու, Իսրայելի կառավարության ծայրահեղ աջակողմյան անդամների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու և Իսրայելի հետ Եվրամիության առևտրային համաձայնագիրը վերանայելու վերաբերյալ:

Հռոմի Euro-Gulf Information Center վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Պիեռ Կամիլո Ֆալասկան սա բնութագրել է որպես Իսրայելի և Եվրոպայի միջև «հարաբերությունների ամենավատ վիճակը»:

Աճող լարվածություն

Մայիսին Իսպանիան, Իռլանդիան և Նորվեգիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստինի պետությունը` արժանանալով Իսրայելի կտրուկ արձագանքին: Նրանք միացան 27 անդամ ունեցող դաշինքի 8 այլ երկրներին, որոնք արդեն ճանաչել էին Պաղեստինը:

Հիմնականում խորհրդանշական քայլի նպատակն էր կենտրոնացնել ուշադրությունը Իսրայելի և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից որպես ահաբեկչական խմբավորում ճանաչված պաղեստինյան «Համաս»-ի միջև հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ բանակցությունների վրա:

Այս ամիս ավելի վաղ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարեց, որ երկիրը զենքի էմբարգո է սահմանել Իսրայելի վրա՝ 2023 թվականի հոկտեմբերին Գազա ներխուժելուց հետո: Իտալիան Իսրայելին զենք մատակարարող երրորդ ամենախոշոր երկիրն է:

Իսրայելը ներխուժեց Գազա «Համաս»-ի կողմից իրականացված աննախադեպ հարձակումից շաբաթներ անց։ «Համաս»-ի այդ հարձակման հետևանքով զոհվել է մոտ 1200 իսրայելցի:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այս ամսվա սկզբին կոչ արեց դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին։ Փարիզը սահմանափակումներ մտցրեց Իսրայել որոշ զենքի և զինամթերքի արտահանման վրա։

Առաջին անգամ ԵՄ-ն հուլիսին պատժամիջոցներ սահմանեց մի քանի իսրայելցի վերաբնակների նկատմամբ՝ օկուպացված Արևմտյան ափում պաղեստինցիների դեմ «մարդու իրավունքների լուրջ և համակարգված խախտումների» և Գազայի հատվածին մարդասիրական օգնություն տրամադրելու արգելափակման համար:

Միևնույն ժամանակ, որոշ եվրոպական առաջնորդներ կոչ արեցին ԵՄ-ին վերանայել Իսրայելի հետ Ասոցիացման համաձայնագիրը՝ պնդելով, որ Իսրայելը խախտում է Գազայում առևտրային համաձայնագրի մարդու իրավունքներին վերաբերող դրույթը:

Բրիտանիան, որը ԵՄ անդամ չէ, հայտարարել է, որ դիտարկում է իսրայելցի ծայրահեղ աջ նախարարներից ոմանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը:

ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության (UNIFIL) զինծառայողները Լիբանանի հարավում

«Բացարձակապես իռացիոնալ»

Ֆալասկան ասել է, որ Գազայում Իսրայելի պատերազմի հետևանքով զոհերի ցնցող թիվը (ըստ պաղեստինցի պաշտոնյաների, ավելի քան 42 հազար մարդ է զոհվել՝ հիմնականում խաղաղ բնակիչներ), փոխել է եվրոպական հասարակական կարծիքը:

Նա նշել է, որ Եվրոպայում շատերը Իսրայելի պատերազմը համարում են «անհամաչափ և բացարձակապես իռացիոնալ»։

Շատ եվրոպացիներ, ըստ նրա, կարծում են, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող էր որդեգրել «ավելի մարդասիրական, ավելի ռացիոնալ ռազմավարություն «Համաս»-ի դեմ պայքարելու համար՝ առանց ոչնչացնելու Գազայի ողջ տարածքը», որի մեծ մասն ավերված է:

Ֆալասկան ասել է, որ եվրոպական շատ երկրների համար բեկումնային կետը Իսրայելի կողմից Լիբանանի հարավում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի անդամների վրա կրակելն ու նրանց վիրավորումներ հասցնելն էր: Ֆրանսիան, Իտալիան, Իռլանդիան և Իսպանիան զորքեր են տրամադրում Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL):

Հոկտեմբերի 19-ին ԵՄ անդամ պետություններից 16-ի պաշտպանության նախարարները կոչ արեցին «առավելագույն քաղաքական և դիվանագիտական ճնշում գործադրել Իսրայելի վրա»՝ կանխելու հետագա հարձակումները։

Ըստ Վաշինգտոնում Մերձավոր Արևելքի ինստիտուտի վերլուծական կենտրոնի Իսրայելի հարցերով ավագ գիտաշխատող Նիմրոդ Գորենի՝ Եվրոպայում լայնածավալ փողոցային բողոքի ակցիաները և ակադեմիական ու մշակութային ոլորտներում Իսրայելը բոյկոտելու կոչերը տպավորություն են ստեղծել, որ «ինչ-որ բան փոխվում է»:

Բայց «կառավարական մակարդակում ազդեցությունն ավելի փոքր է, քան տեսնում եք ոչ պաշտոնական տարածքներում», - ասել է նա:

Գորենն ասել է, որ ԵՄ անդամ պետությունների դիրքորոշումները մեծապես տարբերվում են Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագիրը չեղարկելու կամ սահմանափակելու հարցում։ Նա հավելել է, որ եվրոպական հզոր երկրները, ինչպիսին Գերմանիան է, շարունակում են մեծապես սատարել Իսրայելին:

Ֆալասկան ասել է, որ հակամարտությունները և Մերձավոր Արևելքում աճող լարվածությունն ուղղակիորեն ազդել են Եվրոպայի վրա, այդ թվում՝ խափանելով միջազգային նավագնացությունը և նպաստելով նավթի գների բարձրացմանը:

«ԵՄ-ն և եվրոպական կառավարությունները գիտակցում են, որ պետք է ավելի նախաձեռնող լինեն Մերձավոր Արևելքում՝ համեմատած մեր անցյալի հետ», - նշել է Ֆալասկան: