Մատչելիության հղումներ

Լիբանանում Իսրայելի հարվածներից երեք լրագրող է սպանվել, մի քանիսը վիրավորվել են

Լրացված

Իսրայելի հարվածներից այս գիշեր երեք լրագրող է սպանվել Լիբանանում, մի քանիսը վիրավորվել են։ Հարձակման պահին իրանամետ և «Հեզբոլա»-ին աջակցող լրատվամիջոցների թղթակիցները քնած են եղել Լիբանանի հարավում՝ Հասբայա քաղաքի հյուրատներից մեկում, որը տևական ժամանակ ծառայել է որպես լրագրողների կեցավայր։

«Լրագրողներն ուղիղ թիրախում են եղել։ Մի կանգուն պատ չի մնացել։ Մեքենայի վրա հստակ գրված է՝ «մամուլ»։ Իսրայելը արհամարհում է միջազգային իրավունքը, սա հարված է միջազգային մամուլին», - նշել է Al-Mayadeen լրատվամիջոցի տնօրեն Ղասան բին Ջիդոն, որի թղթակիցը ևս զոհվել է:

Պատերազմը լուսաբանող լրագրողների համար սա ամենաարյունալի օրն է վերջին մեկ տարում, ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ևս հինգ լրագրող է սպանվել իսրայելական հարվածներից։

Լիբանանի տեղեկատվության նախարարը կանխամտածված սպանություն է որակել այս հարձակումը՝ հայտնելով, որ հարվածի պահին հյուրատանը 7 լրատվամիջոցների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ են եղել։

Շարունակվում են հարվածները նաև Գազայի հատվածում

Իսրայելն այս հարձակումը չի մեկնաբանել։ Փոխարենը շարունակվում են հարվածները նաև Գազայի հատվածում, առնվազն 17 մարդ է սպանվել երեկ կենտրոնական դպրոցի շենքին ավիահարվածից, այստեղ, ըստ տեղական իշխանությունների, պատսպարվել էին տեղահանվածները, մինչդեռ Իսրայելը պնդում է, որ դպրոցի շենքում տեղակայված է «Համաս»-ի հրամանատարական կետը:

Ըստ Իսրայելի՝ ահաբեկչական կառույցը քաղաքացիական անձանց որպես վահան է օգտագործում։

Հրադադար հաստատելու ծրագրով այս շաբաթ Մերձավոր Արևելքում էր Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլիքենը, արդեն այսօր Լոնդոնում նա հայտարարել է, որ խիստ հրատապ է հասնել դիվանագիտական լուծման, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի լիարժեք իրականացման համար։ Այս փաստաթուղթը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի պայմաններ է մշակել։

Երեկ Դոհայում Քաթարի առաջնորդի հետ բանակցություններից հետո Բլինքենը հայտարարեց, թե «Համաս»-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունից հետո ստեղծվել է հրադադարի իրատեսական հնարավորություն, ինչպես պետքարտուղարն ասաց՝ խոչընդոտը վերացված է:

«Մեր կարծիքով, Սինվարը հույս ուներ ընդարձակել հակամարտությունը, Իրանը հարձակվեր Իսրայելի վրա, իսկ ինքը ձեռքերը ծալած կողքից դիտեր, որևէ որոշում չկայացներ՝ հրադադարի, գերիներին ազատ արձակելու վերաբերյալ։ Հիմա, երբ նա չկա, իսկ «Համաս»-ը, եթե իսկապես հետաքրքրված է Գազայի ժողովրդի ճակատագրով, կկնքի որևէ համաձայնագիր, որը կայուն խաղաղության ճանապարհին առաջին քայլը կլինի», - նշել է Էնթոնի Բլինքենը:

Լիբանանի իշխանությունները հայտնում են, որ Իսրայելի ռազմական գործողություններից արդեն ավելի քան 2 հազար 500 մարդ է մահացել, միլիոնից ավելին տեղահանվել։ Գազայում շուրջ 43 հազար մարդ է զոհվել, պատերազմը մեկնարկեց «Համաս»-ի գրոհից հետո, երբ սպանվեց 1200 իսրայելցի, գերեվարվեցին 250-ը։

XS
SM
MD
LG