Իսրայելը հերթական օդային հարվածն է հասցրել Բեյրութի ուղղությամբ։ Հրթիռներից մեկն ընկել է Իրանի դեսպանատան մոտ: Ուժեղ պայթյուններ են լսվել։ Լրատվական գործակալությունները հրապարակել են ուժգին հրդեհի կադրեր։
Լիբանանյան Al-Mayadeen հեռուստաընկերությունն իր հերթին հաղորդել է, որ հարված է հասցվել այն գրասենյակին, որտեղ տեղակայված էր Al-Mayadeen-ի խմբագրությունը։ Հեռուստաալիքը հարձակումն անվանել է բարբարոսություն՝ տեղեկացնելով, որ Իսրայելի կողմից Լիբանանի կանոնավոր ռմբակոծությունների ֆոնին խմբագրության բոլոր աշխատակիցներն ավելի վաղ տարհանվել էին այլ վայր՝ աշխատանքը շարունակելու համար։
Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս չի մեկնաբանել Բեյրութի հրթիռակոծումը։ Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ հարձակումից առաջ Իսրայելի պաշտպանության բանակը լիբանանցիներին կոչ է արել լքել ծրագրված հարձակման շրջանը։
Իսրայելական զինվորականները նաև հայտնել են, որ հոկտեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 135 հրթիռ, մեծ մասը դեպի երկրի հյուսիս։
Իսրայելական բանակը սեպտեմբերի վերջին սկսել է կանոնավոր հարվածել Լիբանանի տարածքին, ներառյալ մայրաքաղաք Բեյրութին։ Իսրայելը որպես հարձակումների թիրախ նշում է «Հեզբոլա» խմբավորման ենթակառուցվածքները։ «Հեզբոլա»-ն ահաբեկչական խմբավորում է ճանաչվել ԱՄՆ-ում, իսկ Եվրամիությունն ահաբեկչական է ճանաչել խմբավորման ռազմական թևը, բայց ոչ քաղաքական կուսակցությունը։