Սյունիքի մարզի Կապան քաղաքում հյուպատոսություն բացելու հարցում Մոսկվան սպասում է Հայաստանի պատասխանին, նախօրեին, ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է Կապանում հյուպատոսություն բացելու ուշացման պատճառը։
«Մենք այս հարցը բազմիցս մեկնաբանել ենք թե՛ Ռուսաստանի արտգործնախարարության, թե՛ Երևանում Ռուսաստանի դեսպանատան միջոցով։ Այդ ժամանակից ի վեր, ըստ էության, ոչինչ չի փոխվել», - ասել է Զախարովան՝ շարունակելով․ - «Հայկական կողմը համաձայնություն է տվել հյուպատոսության բացմանը։ Ռուսական կողմը էկզեկվատուրա է խնդրել (ընդունող պետության կողմից հյուպատոսի ճանաչումը հավաստող փաստաթուղթ), սպասում ենք պատասխանի։ Թե որն է համապատասխան նյութեր չուղարկելու պատճառը, հարցն ուղղեք Երևանին»։
Սյունիքի մարզկենտրոնում հյուպատոսություն բացելու համաձայնություն, ըստ ռուսական կողմի, ձեռք էր բերվել դեռ անցած տարվա մայիսին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների երկկողմ հանդիպմանը:
Անցած հոկտեմբերին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր՝ Մոսկվան այդ հարցով դիմել և ստացել է Երևանի համաձայնությունը, բայց այս ուղղությամբ դեռ առաջընթաց չկա:
Այս տարվա ամռանը մամուլը գրում էր, թե Սյունիքում իշխող ուժի ներկայացուցիչներն են կառավարության հրահանգով խոչընդոտում հյուպատոսության բացմանը: «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, Կապանի տարածքային խորհրդի անդամ Դավիթ Դանիելյանը «Ազատության» հետ զրույցում հեքել էր այս տեղեկությունը։
Մոսկվան հույս էր հայտնել, որ հյուպատոսությունը կբացվի մինչև այս տարեվերջ։ Եթե այն բացվի, կդառնա երկրորդը՝ Հայաստանում, առաջինը Գյումրիում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչ փուլում է Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու գործընթացը. ՔՊ-ից հերքում են, թե խոչընդոտում են