Մատչելիության հղումներ

Ինչ փուլում է Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու գործընթացը. ՔՊ-ից հերքում են, թե խոչընդոտում են


Պաշտոնական Երևանը փոխե՞լ է դիրքորոշումը Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարությունից այս հարցին դեռ չեն պատասխանում։ Սյունիքի մարզկենտրոնում հյուպատոսություն բացելու համաձայնություն, ըստ ռուսական կողմի, ձեռք էր բերվել դեռ անցած տարվա մայիսին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների երկկողմ հանդիպմանը:

Անցած հոկտեմբերին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր՝ Մոսկվան այդ հարցով դիմել և ստացել է Երևանի համաձայնությունը, բայց մոտ մեկ տարի է՝ այս ուղղությամբ առաջընթաց չկա:

Մամուլը գրում է, թե Սյունիքում իշխող ուժի ներկայացուցիչներն են կառավարության հրահանգով խոչընդոտում հյուպատոսության բացմանը: «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, Կապանի տարածքային խորհրդի անդամ Դավիթ Դանիելյանը հերքում է այս տեղեկությունը, եթե նման բան լիներ, ասում է, ինքը կիմանար:

«Ես Սյունիքի մարզից օրենսդիր մարմնի ներկայացուցիչ եմ, ես որևիցե ձևով որևէ հյուպատոսության խոչընդոտելու հետ կապված ոչ գործողություն եմ արել, ոչ էլ խոսակցություն եմ առհասարակ ունեցել էդ մասով: Իսկապես դրանով զբաղվում է Արտաքին գործերի նախարարությունը: Եթե տենց բան լիներ, ես ներգրավված կլինեի, որովհետև ես Ազգային ժողովի պատգամավոր եմ Սյունիքից», - ասաց Դանիելյանը:

Մոսկվան ակնկալում է, որ հյուպատոսությունը կբացվի մինչև տարեվերջ։ Ռուսական կողմը Կապանում տարածք է փնտրում, ասում է՝ այդ մարզից ընտրված իշխանական պատգամավորը: Դավիթ Դանիելյանի տեղեկություններով՝ դրական տեղաշարժ դեռ չկա:

«Տարածք փնտրում էին, տարբեր անհատների աշխատանքներ են արվել տարածքների հետ կապված՝ սկզբից հավանել, հետո փոշմանել, բայց կոնկրետ որ տարածք կա կամ պայմանագիր, որոշում, նման տեղեկություն չունեմ, բայց, այո, աշխատանքներ արվել են», - նշեց Դանիելյանը:

Կապանցի մեկ այլ պատգամավոր Մարինա Ղազարյանը նույնպես հավաստիացնում է, թե իշխանությունը չի խոչընդոտում հյուպատոսության բացմանը: Հակառակը՝ ասում է՝ ինչքան շատ երկրներ ներկայություն ունենան Հայաստանում, այնքան լավ, պարզաբանում է՝ լրացուցիչ գործիք են, որ տարածաշրջանը խաղաղ լինի: Ինքն էլ, հակառակ մամուլի պնդումներին, ընդդեմ հյուպատոսության բացման կապանցիների շրջանում որևէ ստորագրահավաք չի սկսել, բայց մարդկանց տրամադրություններից տեղյակ է:

«Մենք վտանգ չենք տեսնում, որ այստեղ հյուպատոսություն բացվի, բայց տրամադրությունը 50/50 է, մարդիկ կան ասում են՝ մի բացեք, մարդիկ կան, ասում են՝ թող լինի», - ասաց Ղազարյանը:

Իրանի դեպքում այդ երկրի կառավարության որոշումից շուրջ կես տարի անց արդեն նշանակվել էր գլխավոր հյուպատոսը, ընտրվել շենքը: Իսկ 2022-ի ադրբեջանական հարձակումից անմիջապես հետո տեղի էր ունեցել նաև հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը, որի ընթացքում Իրանի այն ժամանակվա արտգործնախարարը հայտարարում էր, թե Թեհրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:

Սյունիքում հյուպատոսություն բացելու հետաքրքրություն տարբեր երկրներ ունեն, ամիսներ առաջ հայտնել էր արտգործնախարար Միրզոյանը, հավելել՝ ցանկացած երկրի ներկայություն նաև քաղաքական ուղերձ է պարունակում:

Ռազմավարական դաշնակցին պայմանագրային պարտավորությունների ձախողման համար մեղադրող իշխող ուժի ներկայացուցիչը քաղաքական առումով ի՞նչ է ակնկալում այդ գործընթացից:

«Կոնկրետ Ռուսաստանի Դաշնության հյուպատոսություն բացելու հետ կապված առանձին քննարկում, շփում չեմ ունեցել արտաքին գործերի նախարարի հետ, հետևաբար ես չեմ կարող դիրքորոշում հայտնել իշխանության անունից: Ես ասում եմ՝ կբացվի շատ լավ, չի բացվի, շատ լավ», - նշեց Դավիթ Դանիելյանը:

Բացի ռուսական կողմից նաև Ֆրանսիան է հայտարարել հյուպատոսություն բացելու մտադրության մասին: Թե այս ուղղությամբ գործնական ինչ քայլեր կան, Արտաքին գործերի նախարարությունից չեն մանրամասնում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG