Մատչելիության հղումներ

Լարված հարաբերությունների ֆոնին՝ ՌԴ կառավարությունը հաստատել է Կապանում հյուպատոսություն բացելու ծրագիրը


Կապան քաղաքը, արխիվ
Կապան քաղաքը, արխիվ

Հայաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին Ռուսաստանի կառավարությունը նախօրեին հավանություն տվեց Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին:

Կապանում ռուսական հյուպատոսությունը կլինի Հայաստանում երկրորդը Գյումրիից հետո, որտեղ նաև ռուսական ռազմակայան է տեղակայված: Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, սակայն, ընդգծեց՝ մեկը մյուսի հետ համեմատելի չէ:

«Գլխավոր հյուպատոսությունը ռազմական բազա չէ, դա պարզապես խթանում է համագործակցությունը, դա քաղաքական ուշադրության ազդակ է, բայց ես անմիջապես չէի կապի անվտանգության ոլորտի հետ», - նշեց Հովհաննիսյանը:

Թե կոնկրետ երբ է բացվելու ռուսական հյուպատոսությունը՝ չի հաղորդվում։ Հստակ է, սակայն, որ այս քայլը տեղի է ունենում դաշնակցային հարաբերությունների լարված փուլում, երբ Մոսկվան պարբերաբար քննադատում է Հայաստանի իշխանություններին, Հայաստանի կառավարությունն էլ, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը, պարբերաբար պնդում, թե Ռուսաստանը լքում է տարածաշրջանը։

Մոսկվայի գործողությունները, սակայն, ճիշտ հակառակի մասին են փաստում, այսօր ասաց «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը: Ընդդիմադիր Պատգամավորը հիշեցնում է՝ 44-օրյա պատերազմից հետո ռուս սահմանապահները հենց գործող իշխանության համաձայնությամբ են տեղակայվել Սյունիքում:

«Ռուսաստանն ունի տարածաշրջանում շահեր, ունի Հայաստանում շահեր, և որքան էլ իշխանությունը և մերձիշխանական քարոզչամեքենան ասի, որ Ռուսաստանը Հայաստանից կամ տարածաշրջանից դուրս է գալիս, ակնհայտ է, որ դա չէ իրականությունը: Իհարկե, Ռուսաստանը, հաշվի առնելով ուկրաինական պատերազմը, դիրքերի, կարողությունների թուլացում ունի, բայց ասել, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանից դուրս է գալիս, այդպես չէ: Ավելին՝ որոշակի իր հետաքրքրությունների և շահերի համատեքստում է, որ այսօր նաև բացում է հյուպատոսությունը Կապանում», - ասաց Գրիգորյանը:

Երևանի և Մոսկվայի միջև փոխադարձ մեղադրանքները նոր թափ ստացան հատկապես Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակումից և Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո: Հայաստանի վարչապետը վերջերս հայտարարեց, Հայաստանը անվտանգային ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու փորձ է անում: Մոսկվան էլ «թշնամական քայլ» որակեց Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանի խորհրդարանում։

Միջազգային քրեական այդ դատարանը Ռուսաստանի նախագահի ձերբակալման օրդեր է տվել:

«Ցավալի է, որ Հայաստանի այժմյան ղեկավարությունը նպատակաուղղված համառորեն քայքայում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում հենց ինքն էլ համարում էր կարևորագույն գործոն Հայաստանի կայունության ու բարգավաճման համար», - ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու Մոսկվայից նախօրեին հնչած հերթական հայտարարությանը, փոխարտգործնախարարը պնդեց՝ «դա կարծես որպես գաղափար է հնչեցվում, ես տեղյակ չեմ կոնկրետ քայլերի մասին»։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովն էր նախօրեին կրկին հայտարարել, թե պատրաստ են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել։ Ավելի վաղ, այդ մասին բարձրաձայնել էր նաև Սերգեյ Լավրովը։

Այս պահին Հայաստանը դեսպան չունի ՀԱՊԿ-ում, և հստակ չէ՝ երբ կնշանակվի։

Չնայած այլևս հրապարակային հնչող հակասություններին՝ պաշտոնական Երևանը պնդում է՝ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում արտասովոր ոչինչ չկա։ Կան Տարաձայնություններ, ընդ որում, դրանք կան այլ երկրների հետ ևս, ասաց փոխարտգործնախարարը:

«Եվրամիության հետ շատ դժգոհ ենք վիզաների իրավիճակով և հայտնում ենք, վերջին անգամ եղել էր համապատասխան ենթակոմիտե, խիստ դժգոհություն, վիզաների հետ կապված հարց: Այսինքն, ամիս չկա այդ հարցին չանդրադառնանք, բայց դա չի նշանակում, որ Եվրամիության հետ հարաբերությունները գտնվում են ճգնաժամային պարտադիր վիճակում: Այսինքն տարաձայնություններն ունեն իրենց տեղը, բայց հարաբերությունները նաև շարունակվում են իրենց հունով», - ընդգծեց Պարույր Հովհաննիսյանը:

Փոխարտգործնախարարը այսօր կրկին պնդեց՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG