Երևանի «անպատասխան նամակները» Մոսկվային․ հեռուստատեսային հաղորդումների խնդիրները դեռ չեն լուծվել

Տարեսկզբին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արգելափակեց Վլադիմիր Սոլովյովի հեղինակային երկու հաղորդումների հեռարձակումը Հայաստանում՝ հիմնավորելով, որ դրանք խախտում են զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագրի պայմանները։ Կրեմլի հայտնի քարոզիչը եթերում Հայաստանի իշխանությունների և ժողովրդի հասցեին վիրավորական բովանդակություն էր տարածել։

«Դիմում եմ ժողովրդին, որը պետք է հասկանա՝ որտեղ է գտնվում, ինչ սահմաններ ունի, որտեղ է Իրանը, Թուրքիան, Հայաստանը, որտեղ է Ռուսաստանը, որտեղ եք ապրում, որտեղ է Ֆրանսիան», - «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ ասել էր Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը։

Սոլովյովն էլ արձագանքել էր․ - «Ժողոդուրդը պատերազմից հետո նրան [Նիկոլ Փաշինյանին] ընտրեց։

Սոլովյովի հաղորդումներից մեկը, արխիվ


Սոլովյովի արգելափակումից ռուսական պետական ալիքներով նման բովանդակությամբ էլի մի քանի թողարկումներ եղան, բայց միայն նրա հաղորդումներն են մնում արգելափակված։ Այս պարագայում «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը տրամաբանություն չի տեսնում միայն մեկ հաղորդման արգելափակման մեջ։

«Ես կարծում եմ տրամաբանական չի, որ Սոլովյովի հաղորդումները փակում են, իսկ մնացածը, օրինակ՝ Օլգա Սկաբեևայի հաղորդումները, այդ թվում՝ նաև մեր հայրենակիցներ Տիգրան Քեոսայանի կամ Մարգարիտա Սիմոնյանի ասածները հեռարձակվում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արամ Աբրահամյանը։

Արամ Աբրահամյան


Նախորդ տարվա հոկտեմբերին ռուսական «Առաջին ալիքը» եթեր էր հեռարձակել Հայաստանի վարչապետի քաղաքական գործունեությունը քննադատող՝ «Նիկոլ Փաշինյան. աղետ բերողը» վերնագրով թողարկումը։

Ամիսներ անց հայկական կողմը երեք օրով կասեցրեց «Առաջին ալիքի» հեռարձակումը՝ հիմնավորելով, որ չեն վճարել հեռարձակման գումարը։ Ավելի վաղ հայկական եթերից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 30 օրով կասեցրել էր նաև «Սպուտնիկ» ռադիոկայանի գործունեությունը՝ «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման, ինչպես նաև ևս 5 թողարկումներում խախտումներ արձանագրելու պատճառով։

Մարգարիտա Սիմոնյան, Տիգրան Քեոսայան


Այս ամենից հետո Երևանը միջպետական համաձայնագրում փոփոխություններ կատարելու նպատակով երկու անգամ առաջարկներ է ուղարկել Մոսկվա։

«Մենք չորս ամիս առաջ մեր առաջարկներն ուղարկել ենք մեր ռուս գործընկերներին կապված միջպետական համաձայնագրում փոփոխություններ անելու, որի մասին հրապարակային ելույթներ ենք ունեցել` արձագանք չենք ստացել։ Մեկ ամիս առաջ նույն առաջարկներն ուղարկել ենք և ակնկալում ենք առաջիկայում ստանալ արձագանք՝ հասկանալու նաև մեր ռուս գործընկերների պատկերացումները, թե ինչպես են իրենք տեսնում, արդյո՞ք հնարավոր են համարում այդ փոփոխությունները միջպետական համաձայնագրում», - ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Մխիթար Հայրապետյան


Բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։

«Ազատության» հարցմանն ի պատասխան Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից նաև չեն մանրամասնում, թե կոնկրետ ինչ առաջարկներ են արել։

«Համաձայնագրի փոփոխությունների առաջարկները միտված են համաձայնագրի որոշ կետերի հստակեցմանը, իսկ բանակցությունների ընթացքում աշխատանաքային, պաշտոնական առաջարկների հանրայնացումը չի նպաստի բանակցության առարկայի շուրջ քննարկումներին», - ասված է նախարարության պատասխանում։

Հարցին, թե ի՞նչ քայլերի կդիմի Հայաաստանը, եթե անպատասխան մնան առաջարկները, նախարարությունից պատասխանել են՝ կշարունակեն աշխատել համաձայնություն ձեռք բերելու համար։ Գերատեսչությունից նաև հավելել են, որ Սոլովյովի հաղորդումների արգելքը վերացնելու մտադրություն չունեն։

«Ես կարծում եմ դրանք կիսամիջոցներ են: Ես կարծում եմ պետք է սկզբունքորեն ընդհանրապես փակվի, թե չէ՝ էս հաղորդումը ինձ դուր է գալիս, դա թողնենք, էս մեկը դուր չի գալիս, դա փակենք։ Դա սկզբունքային մոտեցում չէ», - ասաց Աբրահամյանը։

Երկարամյա խմբագրի խոսքով` նույն մոտեցումը պետք է կիրառվի ոչ միայն ռուսական, նաև ցանկացած այլ օտարերկրյա հեռուստալիքների հեռարձակման պարագայում։

«Այսինքն՝ մենք իրավունք չունենք դժգոհելու ինչ են ասում այս կամ այն ռուսաստանցի, այսպես կոչված, քաղաքագետները, որոնք քաղաքագետներ չեն իրականում, պրոպագանդիստներ են։ Մենք իրավունք չունենք, մեծ հաշվով, նրանցից նեղանալու, որովհետև նրանք սպասարկում են իրենց երկրների շահերը», - նշեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառման ամենամյա հետազոտությունները փաստում են, որ ռուսական հեռուստալիքների տեղեկատվությունը սպառում է հարցվածների 47 տոկոսը։ 2023 թվականին այդ ցուցանիշը 53 տոկոս էր, այսինքն՝ վեց տոկոսով նվազում է նկատվել։

Սոնա Հովսեփյան