Մատչելիության հղումներ

ՌԴ դեսպանությունն արձագանքել է «Sputnik Արմենիա» լսողական ծրագրի վերահեռարձակողի գործունեության կասեցմանը


Այս քայլը չի կարող զիջում չթվալ նրանց համար, ովքեր օրեցօր ավելի բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխշահավետ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված դաշնակցային հարաբերությունները խզելու օգտին, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն՝ արձագանքելով «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը 30 օրով կասեցնելու՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմանը:

Ընդգծելով, որ Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության և Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև դեկտեմբերի 14-ին կայացել է կառուցողական խորհրդակցություն, որտեղ կողմերը պայմանավորվել են սերտ համագործակցել բոլոր վիճահարույց հարցերի լուծման ուղղությամբ՝ Ռուսատանի դեսպանությունը շեշտում է՝ հանդիպումից մեկ շաբաթ անց, սակայն, հանձնաժողովը վերոնշյալ որոշումն է կայացնում։

Հանձնաժողովը երեկ նաև հաղորդեց, որ «Տոսպա»-ին տուգանել է 500 հազար դրամով։

Կասեցման առիթը «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման հեռարձակումն է, որտեղ հանձնաժողովի գնահատմամբ՝ նա հեգնական և երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող արտահայտությունն է թույլ տվել, դրա համար չունենալով բարոյական իրավունք, որպես այլ երկրի քաղաքացի։

XS
SM
MD
LG