Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է, ինչպես «Արմենպրես»-ին պարզաբանել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պարտքի պատճառով:
«Համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ և «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ԲԸ միջև գործող պայմանագրի՝ «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք: Ռուսական ալիքի (ՕՌՏ-խմբ.) սփռումը հանրային մուլտիպլեքսում ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը», - ասել է նախարարը:
Երկու ամիս առաջ էլ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ը արգելափակեց հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում: Ըստ հաղորդագրության՝ նման որոշման հիմքը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) կողմից արձանագրված շարունակական խախտումներն էին։