Հայաստանը կարող է դիտարկել Ռուսաստանի հետ միջկառավարական համաձայնագրի միակողմանի խզելու տարբերակը, խորհրդարանում հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Հույս ունեմ, որ միջկառավարական համաձայնագրի խմբագրման վերաբերյալ մեր առաջարկները կընդունվեն։ Եթե դրանք չընդունվեն, ապա ես իրականում չեմ բացառում հավանականությունը, որ Հայաստանը կարող է և դիտարկել այդ համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակը»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ 2 շաբաթ առաջ հայտարարվեց «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումների հեռարձակումը Հայաստանում արգելափակելու մասին, այն բանից հետո, երբ ամիսներ շարունակ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև տեղի էին ունենում միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ շփումներ, կոնսուլտացիաներ։
Ըստ նրա՝ այդ կոնսուլտացիաների նպատակն էր արձանագրել, որ 5-րդ և 6 -րդ հովածները խախտվել են, սակայն չի հաջողվել արձանագրել խախտումների փաստը, դրա վերաբերյալ չի եղել կոնսենսուս, ինչի հետևանքով էլ այդ հաղորդումները եթերազրկվել են։
Միաժամանակ Հայրապետյանն ասաց՝ սա չի նշանակում, որ այդ բանակցությունները փակուղում են։ Նա տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսում են առաջարկների փաթեթ ուղարկել ռուս գործընկերներին, թե ինչպես են պատկերացնում միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ նոր խմբագրումները։
«Մեր նպատակը չէ իրավիճակի սրումը, այլ կառուցողական բանավեճի արդյունքում ստանալ այնպիսի փաստաթուղթ, որը կաշխատի, ստանալ այնպիսի փաստաթուղթ, որտեղ ամրագրված խախտումների դեպքում կհետևեն պատժամիջոցներ։ Մեր նպատակն է վերախմբագրել այդ համաձայնագիրը, որը հնարավորություն կտա նման խախտումների հայտնաբերման պարագայում կիրառել վարչական վարույթ՝ սանկցիաներ», - նշեց ԲՏԱ նախարարը։
Այս տարվա փետրվարին պաշտոնական Երևանը բողոքի նոտա էր հղել Մոսկվային՝ երկու կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը խախտելու համար։