Մատչելիության հղումներ

Սոլովյովի հաղորդումներն արգելափակվել են նաև Team TV-ում, Ucom-ում ու «Ռոստելեկոմ»-ում


Վլադիմիր Սոլովյովը, արխիվ
Վլադիմիր Սոլովյովը, արխիվ

Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի հաղորդումներն արգելափակվել են նաև Team TV-ում, Ucom-ում ու «Ռոստելեկոմ»-ում։

Team TV-ում ու «Ռոստելեկոմ»-ում «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումները չեն հեռարձակվել արգելքից անմիջապես հետո։ Ընկերություններից պարզաբանում են՝ պատճառն այն է, որ այդ հաղորդումները վերահեռարձակվել են հենց հանրային մուլիտիպլեքսից։

Մինչդեռ, Ucom-ը վերահեռարձակումն իրականացրել է ոչ հանրային մուլտիպլեքսից։ Այդ պատճառով արգելիքից հետո էլ են հաղորդումները շարունակել հեռարձակել։ Ընկերությունից ասում են՝ որոշել են իրենք ևս վերահեռարձակումը հանրային մուլտիպլեքսից անել, որտեղ Սոլովյովի հաղորդումներն արդեն արգելափակվել են։

«Թեև ընկերությունը չի խախտել որևէ օրենք, ինչպես նաև ՀՀՌՑ որոշումը, սակայն մշտապես ձգտելով համապատասխանել պետական ստանդարտներին և մոտեցումներին՝ որոշել է «ՌՏՌ-Պլանետա»-ն այսուհետև վերահաղորդել հանրային մուլտիպլեքսից, որտեղ նշված հաղորդումներն արգելափակված են», - ասված է ընկերության պարզաբանման մեջ։

Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումները շաբաթավերջից եթերազրկվել են Հայաստանի հանրային մուլտիպլեքսում։ Ըստ հայկական կողմի՝ հեղինակային հաղորդումները խախտել են զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագիրը։

Հայաստանում «ՌՏՌ Պլանետա» ալիքով հեռարձակվող հաղորդումներում Հայաստանին ու նրա իշխանություններին հաճախ են անդրադառնում, ընդ որում՝ երբեմն մանիպուլացնող վիրավորական ձևակերպումներով ու բնորոշումներով։

Դեռ այս տարվա փետրվարին պաշտոնական Երևանը բողոքի նոտա էր հղել Մոսկվային՝ երկու կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը խախտելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG