Մատչելիության հղումներ

«Ռուսական հեռուստաալիքները խախտումներ են թույլ տվել». հակասական հայտարարություններ կողմերի միջև


Ռուսական կողմն ընդունել է Զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության համաձայնագրի խախտումների փաստը

Ռուսական կողմն ընդունել է Զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագրի խախտումների փաստը, հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը։

«Ռուսական կողմն ընդունել է հայկական կողմից արձանագրված խախտումների փաստը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանման ուղղությամբ», - ասված է նախարարության երեկվա հայտարարության մեջ, որը հաջորդել է երկու երկրների փոխնախարարների խորհրդակցություններին։

Ըստ նույն աղբյուրի՝ այդ հանդիպման առիթը հենց համաձայնագրի դրույթների պահպանման հարցն էր, հայկական կողմը նշել է, որ ռուսական կողմը խախտումներ է թույլ տվել՝ հղում անելով Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրություններին։

2020 թվականի դեկտեմբերից Հայաստանի ու Ռուսաստանի միջև գործում է Զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության համաձայնագիր, որի 5-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող 3 ռուսական հեռուստաալիքները չպետք է անդրադառնան տեղական ներքաղաքական թեմաներին, չպետք է տարածեն ատելության խոսք և այլն։ Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովը մշտադիտարկում է հանրային մուլտիպլեքսի ռուսական ալիքները, խախտումների դեպքում հայտնում համաձայնագիրը ստորագրած նախարարությանը, ընդ որում խախտումներ պարբերաբար են եղել, սակայն ռուսական պետական երկու հեռուստաալիքները հատկապես այս տարվա հոկտեմբերին կրկին ակտիվացել էին Հայաստանին վերաբերող թեմաների լուսաբանման, իշխանություններին քննադատելու հարցում, այդ թվում՝ սուտ տեղեկություններ տարածելու միջոցով։

Հայաստանի մասին ռուսական ալիքների հաղորդումները սովորաբար հստակ քարոզչական նպատակներ էին ունենում. Նավասարդյան

«Խնդիրը ոչ միայն այն է, որ Հայաստանի պետականության դեմ բավականին լայնածավալ բովանդակություն է տարածվում ռուսական հեռուտաալիքներով, որոնք հեռարձակվում են Հայաստանի հանրային մուլտիպլեքսի միջոցով։ Քաղաքական-տեղեկատվական հաղորդումներ բավականին շատ այլ կարգի բովանդակություն կա, որը նույնպես հակասում է ՀՀ օրենսդրությանը։ Խոսքը գնում է և ատելության խոսքի մասին, և պատերազմի քարոզի մասին», - «Ազատությանն» ասաց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։

Հայաստանի քաղհասարկության ներկայացուցիչները քննադատում էին կառավարությանն ու մասնավորապես համաձայնագիրը ստորագրած նախարարությանը, որ տևական ժամանակ աչք է փակել ռուսական ալիքների թույլ տված խախտումների վրա։

Բորիս Նավասարդյանի գնահատմամբ՝ Հայաստանի մասին ռուսական ալիքների հաղորդումները սովորաբար հստակ քարոզչական նպատակներ էին ունենում, իսկ հայկական կողմը փաստորեն մինչև երեկ ռուսական կողմի հետ համաձայնագրի խախտումների հարցը չէր քննարկել։

«Ես որոշ դրական կողմեր տեսնում եմ այդ երկխոսության արդյունքում, այսինքն՝ դա ապացուցում է, որ Ռուսաստանի հետ հնարավոր է խոսել և հասնել որոշ արդյունքների բարդ հարցերում, որովհետև մեզ մոտ այնպիսի մտայնություն կար, որ ընդհանրապես անհույս է, որ ռուսները քանի որ հզոր են և մեծ տեղ չեն թողնում Հայաստանին այսօրվա հարաբերություններում, նրանք ինչ կուզենան, բոլոր ուղղություններով և բոլոր ոլորտներում կանեն», - նկատեց նա։

Այնուամենայնիվ, Նավասարդյանը լավատես չէ, թե վաղվանից ռուսական ալիքների եթերում բացառվելու է Հայաստանի դեմ քարոզչությունը, հետևաբար ըստ նրա՝ հայկական կողմի համար բավարար արդյունք կլիներ, եթե Հայաստանի հանրային մուլտիպլեքսից առհասարակ հեռացվեին ռուսական, քաղաքական բովանդակություն ունեցող հեռուստաալիքները և փոխարինվեին մշակութային, սոցիալական և ոչ քաղաքական եթերով։

«Դա նվազագույնն է, ինչ մենք պետք է պահանջենք, և ինչին պետք է ձգտենք։ Ինչ վերաբերում է իդեալական տարբերակին, ապա ընդհանրապես Հայաստանի հանրային մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքները և ընդհանրապես օտարերկրյա հեռուստաալիքները չպետք է զբաղեցնեն այն տեղերը, որոնք պետք է բաժին հասեն հայկական հեռարձակողներին, և տեղափոխվեն բոլոր ռուսական ալիքները այլընտրանքային հարթակներ, ինչպիսիք են կաբելային փաթեթները», - շեշտեց մամուլի ակումբի նախագահը։

Ընդ որում, հանրային մուլտիպլեքսը միայն տեղական ալիքների համար կիրառելը ճիշտ է համարում ոչ միայն Նավասարդյանը, այլև մասնագիտական շրջանակի այլ գործիչներ, այդ թվում՝ Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի ղեկավար Տիգրան Հակոբյանը, որն այդ մասին ասել է սեպտեմբերին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Ինչո՞ւ հայկական կողմը ՀՌՀ-ի կազմած արձանագրությունները ռուսական կողմին չի փոխանցել

Մինչ այդ այսօր արդեն Հայաստանի ԲՏԱ նախարարության հայտարարությունից հետո ռուսական լրատվամիջոցները սկսեցին գրել, թե «Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից զանգվածային հաղորդակցության ոլորտում միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել»՝ հղում անելով Ռուսաստանի թվային զարգացման նախարարությանը։

Ինչո՞ւ հայկական կողմը ՀՌՀ-ի կազմած արձանագրությունները ռուսական կողմին չի փոխանցել։ Այսօր օրվա ավարտին հարցի վերաբերյալ ԲՏԱ նախարարությունը նման պարզաբանում տվեց.

«Բանակցությունների ընթացքում ռուսական կողմին են ներկայացվել համաձայնագրի 5-րդ կետի խախտումների առկայության փաստը, որոնք արձանագրել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Հայկական կողմը նպատակահարմար չի գտել խախտումն արձանագրող հաղորդումների վերաբերյալ բովանդակային քննարկում անցկացնել:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն առ այն, որ ռուսական կողմն ընդունում է խախտումների փաստը, ինչը քննարկումների այս փուլում մենք համարել ենք բավարար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG