Ակցիաներին մասնակցելուն գումարով շահագրգռելու կասկածով դաշնակցականներ են ձերբակալվել, ՀՅԴ-ն քաղաքական հետապնդում է որակում

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վադանյանը ՔԿ շենքի մոտ, 15-ը հունիսի, 2024թ․

Ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցելու համար քաղաքացիներին գումարով շահագրգռելու կասկածանքով ավելի քան մեկ տասնյակ դաշնակցական է ձերբակալվել։

Ըստ Քննչական կոմիտեի՝ ձերբակալվածներից մեկին, որի անունը չի հրապարակվում, մեղադրանք է ներկայացվել։

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին կալանավորելու միջնորդություն կա։

«Ես առնվազն կես ժամ է՝ ուզում եմ հանդիպել Քննչական կոմիտեի ղեկավարի հետ, հասկանամ՝ էդ գործի շրջանակներում ես եկել եմ, եթե իմ հետ հարց կա, ստեղ եմ, քննում են, թող քննեն, էդ մարդկանց էլ բաց թողնեն», - ասաց Վարդանյանը։

Վարդանյանը քրեական գործը շինծու է որակում։ Երիտասարդ դաշնակցականն այսօր Քննչական կոմիտե էր գնացել՝ կուսակիցների երեկվա ձերբակալություններց հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՅԴ-ն ահազանգում է գրասենյակներից կուսակիցների, համակիրների բերման ենթարկելու մասին

Իր ձերբակալությունից րոպեներ առաջ Վարդանյանն «Ազատության»-ն ասաց՝ փորձում է պարզել՝ խոսքն ինչ քրեական գործի մասին է։ Նա պնդեց, թե ո՛չ Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրություններն է լսել, ո՛չ էլ հաղորդագրությունները կարդացել։

«Էդ ամեն ինչը կեղծ է, էս ամեն ինչը էս պայքարի շրջանակումն է, սա երրորդ փորձն է իմ նկատմամբ, ոնց որ «Հայրենիքի փրկության» շարժման ժամանակ մի քանի փորձ արեցին ինձ կալանավորելու, նույնը «Դիմադրության շարժման» ժամանակ ինձ 7 ամիս կալանավորեցին, էս երրորդ ընդվզումն է այս իշխանությունների դեմ», - ասաց Գերասիմ Վարդանյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցույցերի մասնակիցներին փողով շահագրգռելու մեջ կասկածվող դաշնակցականը գործը շինծու է որակում


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած ակցիաներին փողով մարդ բերելու վերտառությամբ այսօր Քննչական կոմիտեն 3 տարբեր ձայնագրություն է հրապարակել։ Իրավապահները պնդում են, թե ձայնագրություններն ավելի վաղ Ֆեյսբուքի տարբեր հարթակներից են վերցրել ու սկսել ուսումնասիրել։

«Ակցիաներին մարդաքանակի ապահովման համար գումարներ հատկացնելու մասին» վերնագրով ձայնագրության մեջ, ըստ Քննչական կոմիտեի, դաշնակցական Գերասիմ Վարդանյանի ձայնն է լսվում։

«Կաշվիցդ դուրս ես գալիս, ինչ ես անում, 100 հոգի մարդ կազմակերպես, մինիմում», - ասվում է ձայնագրությունում։ Տղամարդիկ, մասնավորապես, քննարկում են հունիսի 9-ի ու 12-ի բողոքի ակցիաները․ - «Հնարավոր է գնանք Ազգային ժողովի վրա, ամսի 9-ից է ամեն ինչ կախված։ Եթե գնացինք Ազգային ժողովի վրա, դուք պիտի նկատի ունենաք, որ մի քանի օր գալու ենք, մնանք էնտեղ»։

Իրավապահների պնդմամբ, մեկ այլ ձայնագրությունում Գերասիմ Վարդանյանն ինչ-որ տղամարդու հանձնարարում է ցույցերին մասնակցելու համար 5-ից 15 հազար դրամ տալ ոմն Սուրիկին ու տարբեր անձանց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել բողոքի ակցիաներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու համար․ ՔԿ

Դաշնակցականներին առնչվող քրեական գործերը, ձերբակալություններն ու խուզարկությունները հաջորդում են խորհրդարանի առաջ չորեքշաբթի օրը տեղի ունեցած բողոքի ակցիային, որի ընթացքում ոստիկանությունը լուսաձայնային նռակներ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ, 100-ից ավելի քաղաքացի ու ոստիկան տարբեր աստիճանի վնասվածք ստացավ։

Դաշնակցության ներկայացուցիչներն իրենց համակիրների նկատմամբ հարուցված քրեական գործերը քաղաքական հետապնդում են որակում։

«Իհարկե քաղաքական հետապնդում է, բայց էլի եմ կրկնում՝ իրենց ամեն մի քայլը հակառակ ազդեցությունն է ունենալու․ ինչքան ճնշումը մեծացնեն, այնքան իրենց դեմ շարժումը հզորանալու է», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Ըստ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ ձերբակալվածներից երկուսը կին են, մեկը՝ մանակահասակ երեխա ունի։

«Երբ որ հարսին ու սկեսուրին կալանավորում են, երեք տարեկան երեխան կարմրուկ էր, թե՝ ջրծաղիկ, դեռ չի բուժվել, տաքություն ունի, մորը կալանավորում են», - հայտարարեց Մանուկյանը։

Չնայած իրավապահների պնդումներին, թե հիմնավոր են փողով հավաքներին մարդ տանելու կասկածները, Դաշնակցությունը հակառակն է պնդում։

Ընդդիմադիր կուսակցության Գերագույն մարմինը երեկ դատապարտել էր իրավապահների գործողությունները՝ դրանք որակելով հակաիրավական։