Մատչելիության հղումներ

Ոստիկանական գործողությունների ժամանակ վնասվածք ստացած քաղաքացիներն ու լրագրողները դեռ տուժող չեն ճանաչվել


Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում Բաղրամյան պողոտայում, 12-ը հունիսի, 2024թ.
Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում Բաղրամյան պողոտայում, 12-ը հունիսի, 2024թ.

Ոչ երկու օր առաջ ոստիկանության կիրառած հատուկ միջոցից երեք մատները կորցրած Եսայի Քարամյանը, ոչ էլ վնասվածք ստացած մյուս քաղաքացիներն ու լրագրողները դեռ տուժող չեն ճանաչվել, այս պահին քրեական գործ չկա։

Ինչո՞ւ. դատախազությունը չի արձագանքում մեր այս հարցին, Քննչականն էլ հավելում է՝ լրագրողների մասով հաղորդում չեն ստացել, ստանալու դեպքում քննության առարկա կդարձնեն հունիսի 12-ին հարուցված զանգվածային անկարգությունների հոդվածով գործի շրջանակում։

Ինչ վերաբերում է հատուկ միջոցներից տուժած քաղաքացիներին, ապա Քննչականից փոխանցեցին, որ քննությամբ ձեռքբերված տվյալներն ուսումնասիրելուց հետո կհստակեցնեն՝ հարուցել առանձին քրեական գործ, թե՝ ոչ, այժմ ուսումնասիրում են՝ արդյո՞ք վնասվածք ստացած քաղաքացիները տուժող են, թե՝ անկարգություններ կատարող։

Մինչ այս պահը տուժող չի ճանաչվել նաև Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկված քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը, նրա փաստաբան Տիգրան Գրիգորյանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

«Լույսի 13-ի գիշերը հայտնել է իր ցուցմունքով ոնց է խոշտանգման ենթարկվել պարոն Գասպարյանը: Արդեն իսկ հայտնածը նախաքննական մարմնի քննիչի համար հիմք է նախաձեռնելու քրեական վարույթ», - ասաց Գրիգորյանը:

Փաստաբանն ուղղորդող է համարում իշխանության ներկայացուցիչների գնահատականները, թե ոստիկանները պրոֆեսիոնալ են գործել ու համաչափ ուժ կիրառել։ Ընդգծում է՝ եզրահանգումներ կարելի է անել միայն ամբողջական քննությունից հետո։

«Դրանից պարզ էլ ուղղորդել է լինո՞ւմ, հենց այդ ազդակն է, որ տալիս են համապատասխան մարմիններին, ենթադրում եմ, որ հանգիստ եղեք, մենք գտնում ենք, որ համաչափ է կամ օրենքի սահմաններում է։ Ո՞նց կարա երկրի ղեկավարը նման գնահատական տա», - նշեց նա։

Իշխանության մյուս ներկայացուցիչներին այսօր միացավ նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արդարացնելով ոստիկանության գործողությունները, որոնց հետևանքով հունիսի 12-ին 101 մարդ է տուժել, այդ թվում՝ 18 ոստիկան։

Հայաստանյան գրեթե երկու տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ մինչդեռ կարծում են, որ լուսաձայնային նռնակների կիրառումը ոչ անհրաժեշտ և ոչ համաչափ էր։ Իրավապաշտպանները նկատում են՝ հավաքը ի սկզբանե խաղաղ էր, մասնակիցները՝ անզեն, իսկ ցուցարարների կողմից հրմշտոցը, նաև Սիրահարների այգու պարիսպները կոտրելը, ոստիկանների ուղղությամբ առարկաներ նետելը ոստիկանությունը կարող էր կանխել առանց հատուկ միջոցների՝ նրանց մեկուսացնելով։

«Այն փաստարկները, որ հատուկ միջոցները կիրառվել են, քանի որ ցուցարարները փորձում էին ճեղքել ոստիկանական պատնեշը և հարձակվել Ազգային ժողովի շենքի վրա, անհիմն են, քանի որ ցուցարարները գտնվում էին հարակից՝ Սիրահարների այգու տարածքում, և Ազգային ժողովի շենքին որևէ ուղղակի և իրական վտանգ չէր ներկայացվում»,- հայտարարում են քաղհասարակության ներկայացուցիչները՝ նաև կարծիք հայտնելով, որ «ոստիկանության բռնարարքներն ու անօրինական գործողությունները քաջալերվում են և ուղղակիորեն հրահանգվում են բարձրագույն իշխանության՝ ինչպես անձամբ վարչապետի, այնպես էլ՝ Ազգային ժողովի նախագահի կողմից»։

Մինչ այդ նաև ընդդիմադիրների փաստաբաններն են դժգոհում, որ Քննչականն օգտագործում է համացանցում տարածված տարբեր տեսանյութերը ընդդիմադիրների դեմ գործերում, իսկ նրանց դեպքում սպասում է կոնկրետ դիմումների։

Ի դեպ, ոստիկանական վերջին գործողություններն արդարացնող վարչապետն ընդամենը 6 տարի առաջ՝ ինքն էր տուժել հատուկ միջոցի կիրառումից, երբ փորձում էր Ազգային ժողով մտնել՝ ճեղքելով ոստիկանական պատնեշը այնպես, ինչպես երկու օր առաջ փորձում էին անել ընդդիմադիր պատգամավորները։

Դեռ ընդդիմադիր Փաշինյանը նաև վտանգավոր էր համարել հատուկ միջոցների կիրառումը. - «Ձայնային նռնակները իրականում շատ վտանգավոր են, Մարտի 1-ին ոստիկան Համլետ Թադևոսյանը, ըստ ամենայնի, զոհվել է հենց դրանից, և տարօրինակ է, որ դրանից հետո ոստիկանությունը շարունակում է այդպիսի միջոցներ գործադրել»:

Իսկ այս իրադարձություններից մի քանի շաբաթ անց, երբ արդեն վարչապետ էր, ընդունել էր իր հետ նույն օրը Բաղրամյան պողոտայում ոստիկանության կիրառած հատուկ միջոցից վնասված 18-ամյա իրանահայ Իլեն Ռոստամյանին։ Աղջիկն էր ցանկացել հանդիպել Փաշինյանին։ Կընդունի՞ այժմ Փաշինյանը երկու օր առաջ ոստիկանական գործողություններից տուժածներից որևէ մեկին, վարչապետի աշխատակազմից փոխանցում են՝ նման առաջարկ չեն ստացել, եթե ստանան՝ կքննարկեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG