Մատչելիության հղումներ

Երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել բողոքի ակցիաներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու համար․ ՔԿ


Ընդդիմադիրների և ոստիկանների միջև բաղումներ Բաղրամյան պողոտայում, 12-ը հունիսի, 2024թ․
Ընդդիմադիրների և ոստիկանների միջև բաղումներ Բաղրամյան պողոտայում, 12-ը հունիսի, 2024թ․

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության բողոքի ակցիաներին մասնակցելուն անձանց նյութապես շահագրգռելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. մեկը ձերբակալվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Մասնավորապես, ըստ Քննչականի, Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Գ.Վ.-ն նյութապես շահագրգռել է Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ Վ.Դ.-ին և վերջինիս օժանդակությամբ գործով դեռևս չպարզված մի խումբ անձանց:

«Մայիսի 9-ից Երևան քաղաքում շարունակվող հիշատակված հավաքներին մեծ թվով անձանց մասնակցություն ապահովելու նպատակով Վ.Դ.-ն հանդիպել է Գ.Վ.-ին։ Վերջինս Վ.Դ.-ին հանձնարարել է 15 հազար դրամ տալ ոմն Սուրիկին, նույնչափ գումար պահել իր մոտ: Բացի այդ, պարզվել է, որ Գ.Վ.-ն, Վ.Դ.-ի օժանդակությամբ, 5 հազարական դրամներ է փոխանցել ոմն Սուրիկին և գործով չպարզված այլ անձանց՝ ցույցերին մասնակցելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում։

Վ.Դ.-ն ձերբակալվել է, իսկ Գ.Վ.-ի ձերբակալելու որոշում է կայացվել։

«Ազատության» տեղեկություններով Գ․Վ-ն ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանն է։

Այսօր ավելի վաղ ՔԿ-ն հաղորդեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել։

Երեկվանից ՀՅԴ ու ընդդիմադիրների շահերը ներկայացնող փաստաբաններն ահազանգում են, որ ուժայինները մուտք են գործել կուսակցության Եղեգնաձորի և Վայքի գրասենյակներ, բերման ենթարկել կուսակցականներին ու համակիրներին՝ առնվազն 10 հոգու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG